Մեկնաբանություն

07.02.2020 01:45


Բռնվե՛ք՝ չընկնեք. «արուն թափելու» թեմա է բացվում

Բռնվե՛ք՝ չընկնեք. «արուն թափելու» թեմա է բացվում

Վերջին մեկ տարում առաջին անգամ, գերմարդկային ճիգեր գործադրելով, միացա Նիկոլի գրպանային խորհրդարանի նիստի ուղիղ հեռարձակմանը և սեփական աչքով տեսա, սեփական ականջներով լսեցի, թե ինչպես, ինչ բառապաշարով են քայլարածները հատ-հատ`առանձին-առանձին և փաթեթով`միասին վերցրած, բռնաբարում Սահմանադրությունը, «պաթոսախեղդ» անում և փորձում ցնցակաթվածի հասցնել ընդդիմախոսներին, զրկել մտածելու, խոսելու, անգամ շարժվելու հնարավորությունից։

Անհեթեթ շահարկումների, մանիպուլյացիաների, մուտիտների, «մատթափտվոցիների» այդ հրավառությունից առանձնացնեմ մի քանիսը։

Ձեր «թարախ արունը» հավաքեք, գնացե՛ք, թե չէ` «արուն» կթափվի

Արցախյան պատերազմին մասնակցած իմքայլական միակ պատգամավոր` մինչև 2008թ., եթե չեմ սխալվում`ՀՀԿ խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը հեռվից եկավ` հիշեց Հոկտեմբերի 27-ը։

Ասաց` այս դահլիճի պատերն արյունոտ են, և այդ արյունը ջնջել չի լինի. «Ես ըստեղ տեսել եմ` հաջորդ օրը բեմի վրա Կարեն Սերոբիչի, գլխից պատրոնը որ խփել ին, էտ արունը, սենց թասի պես` արունը, ուղեղը լյարթած (երևի ուզում էր ասել` լերդացած)։ Ես ընձի երդում եմ կերե` սրանց վերջը պըտի գա։ Որտև միշտ ասում եմ` հայի ձեռքով, թուրքից դաժան, իրանք կարողացան էդ ամեն ինչը անել»։ Ո՞ւմ «վերջը պըտի գա»` ահաբեկիչների՞, թե՞ հնարավոր դրդիչների կամ կազմակերպիչների, որոնց ինքնությունը նոր են ուզում բացահայտել գլխավոր ահաբեկիչ Հունանյանի օգնությամբ`զոհված Յուրի Բախշյանի այրու`Անահիտ Բախշյանի «փոխանցմամբ», չբացահայտեց։

«Եվ եթե Սահմանադրական դատարանը ճիշտ պահի իրան, եթե դրանից հետո, հոկտեմբեր 27-ից հետո, մարտյան դեպքերից հետո, հասկանում եք, սահմանադրական կամ որ իմպիչմենտի հարցը դրվավ Ռոբերտ Քոչարյանի, Սահմանադրական դատարանը մի տարի ժամանակ տվեց, հետո էլի ջրին, գնաց։ Էդ սաղ տեսել ենք, ժողովուրդ ջան»,- անհոդաբաշխ այս բառակույտը մի շնչով արտասանելուց հետո Սասունն անցավ հիմնական ասելիքին, որ այլ բան չէր, քան «թուրքից դաժան էդ ամեն ինչը արածների»`իր երբեմնի կուսակից ընկերների և նրանց հետ ասոցացվող մյուս «նախկինների» հետ արյունալի հաշվեհարդարի սպառնալիք.

«Գնացեք, ի սեր աստծո, հեռացե՛ք։ Գնացե՛ք, էս երկրի վրա ձեր արունը պըտի չթափի։ Ձեր թարա՛խ արունը էս երկրի վրա պըտի չթափի։ Հասկանո՞ւմ եք, հեռացեք։ Էլ դուք իշխանություն չեք, աշխարհ շուռ գա` էս մարդիկ գիժ չեն, հիմար չեն։ Հեռացե՛ք։ Հեռացեք խաղաղությամբ»։ Եթե «խաղաղությամբ չհեռանան», էդ «արունը»` «թարախ արունը», ո՞ւմ ձեռամբ «պըտի» թափվի` «ժողովրդի՞», քայլարածների՞, ծուռ կամ շիփ-շիտակ վարձու մարդասպանների՞, որ, որքանով հասկանում եմ, արդեն հաջողել են նախկիններից մեկ-երկուսի «թարախ արունը» թափել` հասցնելով ինքնասպանության, դժվար է ասել։ Բայց որ իրավապահներին (եթե իրավապահներ են, ոչ թե «կամակատար ոչխարներ»), պիտի որ հետաքրքրի իմքայլական պատգամավորի հռետորական այս գլուխգործոցը` երկու կարծիք լինել չի կարող։

Եթե Սահմանադրության տառը, կետը, ստորակետը չխախտվեր, ոչ մի հեղափոխություն չէր լինի

Այս մասին ուղիղ տեքստով հայտարարեց փոխխոսնակ Ալենь-ը, ինչպես միշտ` ծանծաղ իր «ելույթի» եզրափակիչ մասում ուղերձ հղելով «քթիմազություն» անող, այսինքն` Վահագն Հովակիմյանի հեղինակած ուղնուծուծով հակասահմանադրական նախագծի մեջ մազ փնտրող ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին. «Չի՛ լինում կիսատ որևիցե բան։ Եթե մենք ձեր ասած` էն, որ ասում եք` էս բութը, ստորակետը, վա՜յ, բա՜ն, սենց բաներ եք անում, մենք հեղափոխություն չէինք անի։ Եթե մենք գործին չմոտիկանայինք անձնազոհաբար, եթե մենք չհասկանայինք ինչ ենք անում, ուր ենք էթում։ Չի՛ կարելի կիսատ հեղափոխական ըլնել»։

Հայերեն թարգմանությամբ սա նշանակում է` եթե չանիծեինք օրենքի, Սահմանադրության հերը, առաջնորդվեինք չոր օրենքներով և Սահմանադրությամբ, ոչ մի «հեղափոխություն», եթե իրերը կոչենք իրենց անուններով` «ոչ բռնի, թավշյա հեղաշրջում» էլ չէր լինի։ Ասել է թե` մեր գործողություններում ուժը կորցրած «ժամանակավրեպ» բաներ, ինչպիսին օրինականությունը և սահմանադրականությունը, մի՛ փնտրեք` հեղափոխությունը և օրինականությունը նույն կաթսայում չեն կարող եփվել։

Վերջում փոխխոսնակ Ալենը վերջնագիր ներկայացրեց ԱԺ փոքրամասնությանը. «Կա՛մ դուք քաղաքական որոշում եք կայացնում` այրում եք ձեր կամուրջները անցյալի հետ, կա՛մ դուք կանգնում եք հեղափոխության կողքին, որի հնարավորությունը ունեցել եք հեղափոխությունից առաջ, հեղափոխությունից հետո, հեղափոխությունից մի քիչ հետո, հիմա, և մենք մաքրում ենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, իրա էն... նրանց փեսաների, և մնացածի էն պուճուրիկ խմբակները, որոնք փողով փորձում են ատելություն սերմանել Հայաստանի Հանրապետությունում, կա՛մ ազնիվ էղեք, էկեք ասեք` նո՛ւ, համենայն դեպս էկեք ասեք` դե մենք մեր տեղը չենք գտնում ոչ դահլիճում, ոչ քաղաքական դաշտում, և մարդիկ թող ձեզ վերաբերվեն էդ ձևով։

Ու մի նեղացեք, որ երբ դուք կանգնում եք, ու «Իմ քայլը» դաշինքը, էս մաքուր մարդիկ, կրկնում եմ` մաքուր մարդիկ, այս ընտրված մարդիկ, այս ազնիվ մարդիկ, որոնք իրենց կյանքը, իրենց ազատությունը, իրենց ճակատագիրը ամեն մեկը իր չափով դրել է, որ մենք ունենանք այ էս լեգիտիմ Ազգային ժողովը, փորձում են մի բան անել, ու դուք փորձում եք` ա՛յ էդ... բա դե... բա սենց, սենց, սենց... Էդ ո՞նց ա։ էդ, էդ ինչ ա։ Կողմնորոշվե՛ք։ Հին աշխարհը մեռնում ա` իր հետ տանելով էն բոլորին, ով որ չի հասկանալու նորը։ Հիշե՛ք սա»։

Ցավոք, չբացեց փակագծերը, որ մենք էլ իմանանք մեր գլխին գալիքը. ո՞նց են, էլի, «մաքրելու էդ պուճուրիկ խմբակները»` վառելո՞ւ են խարույկի վրա, լցնելու են բանտե՞րը, աքսորելո՞ւ են, վտարելո՞ւ են Հայաստանից, քաղաքացիությունի՞ց են զրկելու «ժողովրդի» անունից, հանելու են ընտրացուցակների՞ց, խոսքի ազատությո՞ւնն են փակի տակ դնելու, թե՞ ավելի կրեատիվ բան են հորինելու` այնպես, ինչպես իրենք են կարողանում դա անել...

Ատելության քարոզ, ատելության քարոզ մինչև վերջ

Բայց «ամենավախենալուն» վարչահրամայապետ Փաշինյանի քինդերսյուրպրիզն էր`«աղանդերի» կարգով (որպես քաղաքական անմեղսունակության անձեռակերտ հուշարձան) հնչեցրած «էլիտար» սպառնալիքների տեսքով։ Օրինակ. «Հպարտ քաղաքացիները զարմանում են, զայրանում են, չեն հասկանում`կարկամում են, թե ինչպե՞ս, ինչի՞ հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախորդ կոռումպացված ռեժիմի ներկակյացուցիչները, նրանց սպասարկուները և օտարածին մականուններով քիլերները, որոնց օրենքը, իրավունքը և արդարադատությունը շուտով, շա՛տ շուտով անխուսափելիորեն առնելու է սեփական ոտքերի տակ, և դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու բոլորով։ Ինչի՞ վրա է ուրեմն նրանց հույսը. միայն ու միայն մի բանի`գործող սահմանադրական դատարանի։

Այս Սահմանադրական դատարանը չի ներկայացնում ժողովրդին։ Ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը, և այն պետք է հեռանա։ Եվ ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական ուժեր։ Իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ»։

Ժողովրդավարության դռանը վիշապի պես չոքած «անօրինական և ուղղակի հանցավոր» ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և «ժողովրդի իշխանությանը» սահուն ինտեգրված բազմաթիվ այլ նախկիններ, որոնց հետ ժողովրդի վարչահրամայապետը հե՛չ խնդիր չունի, որովհետեւ անցել են իր թրի տակով` ձեզ օրինակ։

Իսկ եթե «այս ճգնաժամը» չլուծվի, կարող է ավելի մեծ ճգնաժամ լինի`զգուշացրեց ամենակարող Նիկոլ Ահեղը`նկատի ունենալով թերևս ՍԴ-ի չհանձնվելու դեպքում հնարավոր արյունահեղությունը, որի մասին ակնարկում էր պատերազմում կոփված Սասունը։

Ու ևս մեկ անգամ (որ հետո չասեն, թե չի փորձել «խաղաղ ճանապարհով» լուծել խնդիրը, դիմեց ՍԴ «հին» դատավորներին. «Դուք կարող եք լուծել այս ճգնաժամը` հրաժարական տալ ՍԴ դատավորի պաշտոնից։ Դա կարող եք անել այսօր, վաղը, կարող եք անել մինչև հանրաքվեի մասին որոշումը նախագահի կողմից ստորագրելը։ Ես գիտեմ, որ ձեզնից շատերի վրա ճնշումներ են գործադրվում` ուղղակի և անուղղակի, որ դուք այս քայլին չդիմեք, բայց ևս մեկ անգամ ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս հնարավորությանը։ Դրանով մեծ ծառայություն մատուցած կլինեք Հայաստանի Հանրապետությանը ու նրա ժողովրդին։ Ասեմ նաև որ պատրաստ եմ հանդիպել բոլորիդ հետ` առանձին-առանձին կամ բոլորով»։

Վերջում էլ ասաց, որ պատրաստ է հրավիրել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների` հետևելու հանրաքվեի ընթացքին (եթե, իհարկե, ընդունեն այդ առաջարկությունը, ինչը, մեղմ ասած, կասկածելի է)։

Հետաքրքիր է` իսկ պատրա՞ստ է հետևել ԵԽԽՎ համազեկուցողների խորհրդին և դիմել Վենետիկի հանձնաժողով` բացահայտ հակասահմանադրական, անօրինական այս «բոլոլայի» մասին եզրակացություն ստանալու համար։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը