Մեկնաբանություն

04.02.2020 11:10


Էս ի՞նչ հաշիվ է... կարո՞ղ է Նիկոլի կայքը Նիկոլի դեմ է աշխատում, վրան խաբար չկա

Էս ի՞նչ հաշիվ է... կարո՞ղ է Նիկոլի կայքը Նիկոլի դեմ է աշխատում, վրան խաբար չկա

Նիկոլի ընտանեկան կայքի պատասխանատուները, ինչպես գիտեք, սիրում են ժամանակ առ ժամանակ «հետ նայել»` վերատպել տարբեր ժամանակներում ընդդիմախոսների հասցեին տիրաժավորած վարկաբեկիչ հրապարակումները։ Եվ երբեմն այնքան են հրապուրվում այդ «աստվածահաճո» գործով, որ չեն նկատում`ինչպես են դրանք բումերանգի պես շուռ գալիս ու հարվածում Նիկոլին ու իր շրջապատին։

Մոտ 2 շաբաթ առաջ անդրադարձել էինք «հետհեղափոխական» վաղ շրջանի հետահայաց հրապարակված մի հոդվածի, ըստ որի, ներկայիս գլխավոր դատախազը` Նիկոլի սրտի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, և երկու այլ «ռոմանտիկ հակահեղափոխականներ»` Վիգեն Սարգսյանը և Տարոն Մարգարյանը, «նոնստոպ ռեժիմով» դավեր են նյութում` «սողացող հակահեղափոխություն» են նախապատրաստում նորանշանակ վարչա(հրամայա)պետի դեմ, որտեղ Դավթյանին վերապահված է «ռուլիտ անողի» առաքելությունը. ա՛յն Դավթյանին, որ այսօր մահապարտի վճռականությամբ «ռուլիտ» է անում «հակահեղափոխականների» դեմ քաղաքական հետապնդումների գործընթացը։

Հանգստյան օրերին`անհանգիստ «օպերատիվ-որոնողական աշխատանքների» արդյունքում, կայքը պեղել-հանել է 02.07.2018-ին լույս աշխարհ եկած մի հրապարակում` «Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանը վերածել է ՀՀԿ-անոցի», որտեղ, բացի ՍԴ նախագահին չարախոսելուց, մեղադրանքներ են հնչում նաեւ «թավշյա իրավագիտության» տիտան, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ`ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանի հասցեին։ Հրապարակման հեղինակը, վշտացած այն փաստից, որ Ազգային ժողովի հանրապետական մեծամասնությունը «ոչ բռնի, խաղաղ «Թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո» երկրորդ անգամ տապալել է ՍԴ դատավորի ընտրությունը` Ելիզավետա Դանիելյանի օգտին չի քվեարկել, այսպիսի «խորիմաստ» դիտարկում է անում. «Նմանատիպ իրավիճակը օր օրի ավելի է թուլացնում ՍԴ-ի ներկայիս նախագահ և նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանի դիրքերը ՍԴ-ում և դրանից դուրս»։ Ավելին` «այն, որ Հրայր Թովմասյանը չի տիրապետում ՍԴ-ում և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, մեկ անգամ ևս ի հայտ եկավ օրեր առաջ, երբ ՍԴ-ի անունից գրեթե բոլոր օնլայն ԶԼՄ-ներում տարածվեց դատավորների ընդհանուր ժողովից դատարանի թեկնածուի ընտրության ընթացակարգի մասին ՍԴ հայտարարությունը, որը հաջորդիվ հերքվեց ՍԴ աշխատակազմի ղեկավար, իսկ չար լեզուները պնդում են, որ նաեւ մեծ կարողության տեր Վլադիմիր Վարդանյանի կողմից։ Ի դեպ, նույն լեզուները պնդում են, որ Վարդանյանի ընտանիքի է պատկանում մայրաքաղաքի Թումանյան փողոցի վրա գտնվող Հին Պեկին ռեստորանը, ինչպես նաեւ Զվարթնոց միջազգային օդանավակայանի ժամանումների սրահում գործող մի քանի սննդի օբյեկտներ»։

Այդ տրամաբանությամբ կարելի է ասել, որ ԱԺ խոսնակի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանը չի տիրապետում ԱԺ-ում և ԱԺ շուրջ ստեղծված իրավիճակին, որովհետև այս էլ երկրորդ անգամ հանում է ԱԺ կայքում իր իսկ զետեղած հայտարարությունը (վերջին անգամ`ամսի 6-ին կանոնակարգ-օրենքում փոփոխություններ մտցնելու`ՍԴ-ին սահմանադրական փոփոխությունների գործընթացից ապօրինաբար մեկուսացնելու հակասահմանադրական օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու մասին)։

Բայց վերադառնանք մեր ոչխարներին։ «Ոչ բռնի թավշյա հեղափոխությունից» հետո պատկան մարմինները Նիկոլի հրահանգով «հատ-հատ» ստուգել և պարզե՞լ են Վարդանյանի «մեծ կարողության տեր լինելու» մասին օդում կախված լուրերը, թե՞ ոչ` հայտնի չէ։ Փաստն այն է, որ ապօրինի հարստացման մեջ կասկածվող այդ մարդը գլխավորում է «թավշյա» խորհրդարանի առանցքային հանձնաժողովներից մեկը։ Նույնիսկ, ասում են` հավակնում է Թովմասյանի պաշտոնին, դրա համար էլ կաշվից դուրս է գալիս`Վենետիկի հանձնաժողովում և եվրոպական այլ կառույցներում Նիկոլի «ճիշտն» առաջ տանելու, հիմնավորելու ՍԴ-ի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ բացահայտ ճնշումների իրավաչափությունը։

Հարց է առաջանում` ինչպե՞ս եղավ, որ Թովմասյանի աշխատակազմի նախկին ղեկավարը հանկարծ հայտնվեց «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներից մեկում և դարձավ պետաիրավական հանձնաժողովի նախագահ։ Ի՞նչ դեր է ունեցել այդ հարցում Վարդանյանի «մեծ կարողությունը», և ինչո՞ւ է Նիկոլի ընտանեկան կայքը նորից շրջանառության մեջ դրել այդ հրապարակումը։ Կարո՞ղ է`Նիկոլը միտքը փոխե՞լ է. ավելի լավ թեկնածու է գտել, և Վարդանյանին այլևս պիտանի չի համարում այդ պաշտոնի համար։ Թե՞ «ռևանշիստները»` նրանք, որ կլոր տարին «հիբրիդային հեղաշրջում» են անում նրա դեմ, հիմա էլ սողոսկել են Փաշինյանի սրբության սրբոցը` մտել են ընտանիք, ընտանեկան թերթ և աշխատում են իր ու իր թիմակիցների դեմ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը