Քաղաքական

03.02.2020 10:11


Վերաքննիչ դատարանը մերժեց Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանը մերժեց Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ում նախագահությամբ ընթանում է Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը պաշտպաններին տրամադրելու գործով նիստը։

Ներկայացնելով մի շարք հիմքեր՝ պաշտպաններն ընդգծել էին, որ դատավոր Դանիելյանը չի կարող սույն գործով անաչառ որոշում կայացնել։ Նրանք հիշատակել էին, մասնավորապես, այն դատական նիստը, որի ժամանակ նույն Արմեն Դանիելյանը թույլ չէր տվել ելույթ ունենալ Ռ․ Քոչարյանին ու նրա Փաստաբանական թիմի անդամներին։

Պաշտպանները մեջբերել էին նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի խոսքերը, ով «Փաստինֆո» լրատվականին տված հարցազրույցում ասել էր․ «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման»։

Նշենք, որ պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել, պահանջելով տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Սակայն քննիչը մերժել է: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան, և 2019 թ․ նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի հունիսի 25-ին Արմեն Դանիելյանը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու և Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։

Այս խորագրի վերջին նյութերը