Քաղաքական

23.01.2020 11:01


Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Աննա Նաղդալյան

Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Աննա Նաղդալյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի համատեքստում Հայաստանում անցկացված միջոցառումներին Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքի վերաբերյալ հարցին:

Այս տարի լրացավ Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցը, որի համատեքստում Հայաստանում անցկացված միջոցառումները նյարդային արձագանքների արժանացան Ադրբեջանի իշխանությունների, մասնավորապես՝ ԱԳ նախարարության եւ նախագահի օգնականի կողմից: Ինչպե՞ս կգնահատեք դա:

Նախ կուզենայի ընդգծել, որ Բաքվի հակահայկական ջարդերի 30-ամյակի կապակցությամբ Երեւանում անցկացվեցին հիշատակի մի շարք կարեւոր միջոցառումներ, իսկ միջազգային մամուլում եղան եւ մինչ օրս շարունակվում են բազմաթիվ հրապարակումներ, որոնք անդրադառնում են Բաքվի հայկական համայնքի բարբարոսական ոչնչացմանը:

Ցավոք, այս տարի եւս Ադրբեջանի իշխանությունների շարունակեցին ուղղակի կամ անուղղակի կերպով Բաքվում 30 տարի առաջ իրականացված հակահայկական ջարդերի կազմակերպիչների եւ այդ ջարդերն իրականացնողների գործողությունների արդարացումը: Ավելին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի կողմից անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները հերոսացվեցին` որպես «շահիդներ», իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրեց հայերին Սումգայիթյան եղեռնագործության իրականացման մեջ:

Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ եւ ժխտելով խաղաղ պայմաններում անզեն մարդկանց հրապարակային եւ համակարգված ոչնչացման իր պատասխանատվությունը:

Սա եւս մեկ անգամ աներկբա ընդգծում է, որ որեւէ պարագայում հայ ժողովրդի որեւէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը չի կարող վստահվել ադրբեջանական իշխանություններին: Ակնհայտ է, որ Արցախը որեւէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։

Այս խորագրի վերջին նյութերը