Քաղաքական

23.01.2020 10:29


«Թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է․ «Փաստ»

«Թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է․ «Փաստ»

«Դավոսում հունվարի 21-ին մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի աշխատանքները տևելու են մինչև հունվարի 24-ը։

Այս ֆորումը հոբելյանական է. այն արդեն անցկացվում է 50-րդ անգամ։ Սովորաբար Դավոս է այցելում ավելի քան 3 000 քաղաքական, գործարար, գիտական և մեդիա առաջնորդ աշխարհի ավելի քան 110 երկրից՝ գլոբալ օրակարգի առավել արդիական հարցերի քննարկման նպատակով։

Համաշխարհային տնտեսական ֆորումը հայտարարում է «աշխարհը բարելավելու» գործընթացի նպատակներին իր հավատարմության մասին:

Բացի գլոբալ օրակարգից, կլիմայական փոփոխությունների, տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ոլորտների ու խնդիրների շուրջ զեկույցներից ու քննարկումներից, դավոսյան հարթակը տարբեր երկրների կողմից օգտագործվում է պետությունների ղեկավարների միջև հանդիպումների, պայմանավորվածությունների ձեռք բերման, գործարար շրջանակների հետ շփումների և ներդրումների ներգրավման կարևորագույն հարթակ։

Անցած տարի հունվարին Հայաստանի կառավարությունն ամենաբարձր մակարդակով մասնակցում էր Դավոսի տնտեսական համաժողովին։

Եվ Փաշինյանի հիմնական այցեքարտը իրենց կողմից կատարված «թավշյա հեղափոխությունն» էր, որի շուրջ ՀՀ վարչապետը ելույթներ էր ունենում, հարցազրույցներ տալիս, ներկայացնում իրենց փորձառությունը, թե ինչպես են կարողացել սոցցանցերի կիրառման միջոցով հաջողությունների հասնել, ներկայացնում Հայաստանի ապագայի տեսլականը և այլն։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, որը հատուկ շեշտադրում էր իշխանափոխությունից հետո Հայաստանի ներդրումային գրավչությունը, ֆորումի շրջանակում հանդիպումներ ունեցավ Լեհաստանի վարչապետի, Սինգապուրի փոխվարչապետի, ինչպես նաև մի շարք միջազգային խոշոր կառույցների ղեկավարների՝ ՎՏԲ Բանկի, ՎԶԵԲ-ի, ԱԶԲ-ի, «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի, JICA-ի նախագահների, eBay ընկերության փոխնախագահի և Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի անդամի հետ։

Եվ այսպիսի հանդիպումների լուսաբանումից հետո տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանը ներդրումներ ներգրավելու խնդիր չպետք է ունենա, սակայն արդեն մեկ տարի անցել է, բայց Հայաստանում այդպես էլ տեսանելի ներդրումային ակտիվություն չենք տեսնում։

Ավելին՝ իշխանափոխությունից հետո ներդրողների համար բարենպաստ միջավայր չի ձևավորվում։ Կառավարության կողմից առաջ քաշված անտրամաբանական որոշումները, մեծաթիվ քրեական գործերի հարուցումը, որոնց մեծամասնությունը, ինչպես հետագայում պարզվում է, անհիմն էին, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունը, որով ցանկացած պահի կարող է ոտնահարվել բանկային գաղտնիքը և այլ նախաձեռնությունները խոչընդոտում են ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ չհաշված, որ գրեթե ցանկացած բողոքի ակցիա ուղեկցվում է ճանապարհների փակմամբ։

Դրան զուգահեռ՝ իշխանությունները, փոխանակ զարգացման օրակարգ ձևավորեն, խրված են ներքաղաքական ճղճիմ խնդիրների մեջ, զբաղված են ընդդիմադիրների հասցեին ատելություն տարածելով և առկա ձախողումների համար նրանց մեղադրելով։ Եվ եթե այս ամենը հաշվի ենք առնում, ապա պարզ է դառնում, թե ինչու վարչապետ Փաշինյանը այս տարի նպատակ չի ունեցել մասնակցել Դավոսի համաժողովին։

Թերևս այն սպասված արդյունքը չէր ունենալու, քանի որ վարչապետը չի ձևավորել համապատասխան օրակարգ, թե ինչ հանդիպումներ և ռեալ պայմանավորվածություններ պետք է ունենա համաժողովի ընթացքում, որպեսզի իր այցը չվերածվեր հերթական արտասահմանյան «վոյաժի»։

Իսկ «թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է, գործնական քայլեր են պետք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը