Մեկնաբանություն

18.01.2020 01:14


«Օգտակարը» հաճելիի հետ համատեղելու «արվեստը»

«Օգտակարը» հաճելիի հետ համատեղելու «արվեստը»

Ինչո՞ւ Փաշինյանն առանց երկմտելու միանգամից 6 նախարարություն կրճատեց, ստեղծեց «մոնսթր» գերատեսչություններ՝ յուրային «պոլիփեդերի» վերահսկողության տակ։

Ինչո՞ւ է «կրթության, գիտության և այլնի» բազմանախարարը «վիզ դրած» կռիվ տալիս հայագիտական առարկաների դասավանդումը ԲՈՒՀ-երում, դպրոցներում հնարավորինս նեղացնելու համար և ռազմագիտությունը հանում հանրակրթական ծրագրերից։

Ինչո՞ւ է Առողջապահության նախարարն առանց հետ նայելու ծննդատներ փակում, բժշկական կենտրոններ «օպտիմալացնում»` ի հեճուկս 2050թ. Հայաստանի բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու Փաշինյանի հավակնոտ հայտարարությունների։

Ինչո՞ւ է Սոցապ նախարարը քափ-քրտինք մտած` լուծարում մանկատներն ու ծերանոցները, «օպտիմալացնում» դրանց աշխատակիցներին ու շպրտում փողոց։

Ինչո՞վ բացատրել «ավելորդ ուտող բերաններից» ազատվելու, լավ թե վատ գործող կառույցները ոչնչացնելու այս մոլուցքը (միայն չասեք, թե դա կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար է)։

Արդյոք խնդիրը միայն ա՞յն է, որ իշխանության ներսուդրսի փայատերերին այդպես է պետք` պետք է թուլացնել մեր դիմադրողականությունը, նվազագույնի հասցնել արտաքին և ներքին մարտահրավերներին դիմակայելու ռեսուրսները։ Վերջին հաշվով` բարոյալքել ու ծնկի բերել մեր հասարակությունը։ Ո՞ւմ կամ ինչի՞ համար` դատեք ինքներդ։

Այս «գլոբալ» խնդիրն, անշուշտ, ծանրակշիռ տեղ է զբաղեցնում Փաշինյանի կառավարության «օրակարգում», բայց հետևելով «կոնվեյերի ռեժիմով» կայացվող կամայական այդ որոշումների հարահոսին` հասկանում ես, որ զուգահեռաբար շատ «պրագմատիկ» մի հարց է լուծվում. խնայված միջոցների հաշվին լրացնել «թավշյա ոչ բռնի» իշխանափոխության շահառուների գլխին երկնքի մանանայի պես թափվող պարգևատրումների «ֆոնդը»։

Նախորդ տարի բյուջեի մուտքերի որոշակի աճ ապահոված «անաշխատ եկամուտները (շրջանակներում արտոնյալ պայմաններով երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների առքուվաճառքի «բոնուսը») այս տարի չի լինելու։ Հարկային նոր օրենսդրությամբ պայմանավորված «բարեփոխումների» բացասական սալդոն իր հերթին լարվածություն է ստեղծելու բյուջեի համար։ Վարչարարության խստացման` փոքրումիջին բիզնեսի «կաշին քերթելու» հաշվին հարկային մուտքերն ավելացնելու հնարավորությունը նույնպես սահմանափակ է։

Փաշինյանը դեռ նախորդ տարի էր հանձնարարական տվել ոլորտների պատասխանատուներին` անցնել խնայողության ռեժիմի, կրճատել բյուջեի «աննպատակ» ծախսերը։ Իսկ դրա ամենակարճ ճանապարհը «բալաստից ազատվելն» է` տվյալ գերատեսչության իքս թվով աշխատակիցների և դրա ենթակայության տակ գտնվող իգրեկ թվով կառույցներ «օպտիմալացնելը»։

Դե, նախարարներն էլ կրճատում ու օպտիմալցնում են`ինչ կարող են, ինչպես կարող են և ինչքան կարող են։ Ու ինչքան շատ կրճատեն, այնքան իրենց օգուտն է` այնքան շատ գումար կավելանա իրենց գլխի ճարը տեսնելու, «լափամանից» սնվող խոշոր ձկներին «պարգևատրելու» համար։

Ուշադրություն դարձրեք, որ «տնտեսված» գումարների առյուծի բաժինը ծախսվում է հենց յուրայիններին չարած գործի համար վարձահատույց լինելու վրա. 2020-ի բյուջեով նախատեսված սոցիալական ծախսերի` աշխատավարձերի, թոշակների, նպաստների աճը չնչին է, պաշտպանության ոլորտի ծախսերը ոչ միայն չեն ավելացել, այլև կրճատվել են։ Նույնը կարելի է ասել առողջապահության, մշակույթի, կրթության ծախսերի մասին։ Միակ բանը, որ թռիչքաձև մեծացել է` 2-3 անգամ, «թավշյա վերնախավի» պարգևավճարներն են։

Ժողովրդի ծառաները պե՛տք է լավ ապրեն, ապահովված լինեն ամեն ինչով, որ լավ աշխատեն, հարստանան ու հարստացնեն հպարտ քաղաքացուն։

Նիկոլը հո իզուր չէր ասում` մինչեւ նախարարները, փոխնախարարները, վարչության պետերը և, իհարկե, պատգամավորները, կուշտ ու կուռ, չաղ և բախտավոր չլինեն, Պողոսի կյանքը չի լավանա...

Պողոսը համբերատար է և քչով բավարարվում է։ Համ էլ`շտապելու տեղ չունի. ինչքան պետք է, այնքան էլ կսպասի։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը