Մեկնաբանություն

25.12.2019 18:46


Կովկասցի «վագրի» թռիչքը․․․ կկվի բնի վրայով

Կովկասցի «վագրի» թռիչքը․․․ կկվի բնի վրայով

Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր դեր է հատկացնում քարոզչությանը։ Դա նրա կառավարման գրեթե միակ գործիքն է։ Այդ քարոզչությունում մեծ տեղ ունի սուտը՝ լինի այն թվերի կամ խոստումների տեսքով։

«Հպարտ քաղաքացիների» համար տեսարաններ ապահովվում են, որպեսզի հացի պակասը լրացվի, բայց որպեսզի հացի թեմայով պատասխան տալու պահը հնարավորինս հետաձգվի, առաջ են գալիս թվերն ու վիրտուալ իրականությունը։ «Հպարտ քաղաքացին» պետք է ըմբռնումով ընկալի սեփական սառնարանի ու գրպանի դատարկությունը, հասկանա, որ աղքատությունը սեփական գլխում է և հույս ունենա, որ մի օր լավ է լինելու՝ շարունակելով ծափահարել պետբյուջեի մսխման կառավարության քայլերին։

Վաղվա լավ օրվա հույսը Նիկոլ Փաշինյանը հպարտ քաղաքացու մոտ արթնացնում է նաև տարատեսակ միջազգային վարկանիշային կամ հոդվածային հրապարակումներով։ Օրինակ՝ վերջերս ամերիկյան «Time» շաբաթաթերթի գովազդային բաժնում հրապարակվել էր «Հայաստան. կովկասյան վագր» վերնագրով մի հոդված, որտեղ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացվում էին վերնագրին համահունչ ձևով։

Դժվար չէ հասկանալ, թե ով է այդ պատվիրված հոդվածի հեղինակը։

Հոդվածի վերնագիրը երկու նպատակ է հետապնդում՝

1․ ազդել պողոսական զանգվածի վրա՝ նրանց մոտ ենթագիտակցական նույնացում ապահովելով Փաշինյանի ու պողոսների արխետիպային հերոս Քաջ Նազարի միջև․վերջինս պատահաբար ընկել էր վագրի վրա և թռչկոտում էր՝ կողքից տպավորություն ստեղծելով, որ կարողացել է դուխով հեծնել վագրին,

2․ պայքարել Փաշինյանի հոգեբանական տվայտանքների պատճառ դարձած Ռոբերտ Քոչարյանի դեմ։

1-ին նպատակին, կարծես թե, հասել են թավշիկուսները, քանզի պողոսական հատվածը՝ նրանց շախի գցող վճարովի ֆեյքային հատվածի օգնությամբ, հիացական գնահատականներ է տալիս կովկասցի «վագրի» թռիչքային քայլերի մասին գովազդային հրապարակմանը։

Ինչ մնում է 2-րդ նպատակին, ապա այստեղ գործ ունենք հակառակորդի գերին դառնալու երևույթի հետ։

Բանն այն է, որ 2007–ին Համաշխարհային բանկը մի նյութ էր հրապարակել Հայաստանի տնտեսության վերաբերյալ՝ այն վերնագրելով «Կովկասյան վագր»։ Այդպես էր գնահատել ՀԲ–ն մեր երկրում մի քանի տարի շարունակ արձանագրվող երկնիշ տնտեսական աճը՝ այն համեմատելով վագրային թռիչքի հետ։

Հիմա Փաշինյանն ուզում է նմանվել Քոչարյանին, ու պողոսներին ցույց տալ, որ ինքը կովկասյան վագր է, բայց հետթավշյա Հայաստանի տնտեսության մեջ արձանագրվող մակրոտնտեսական ցուցանիշներն ավելի վատն են, քան «մերժված Հայաստանինը»։ Այսինքն՝ եթե նույնիսկ կա թռիչք, ապա այն ընդամենը կովկասցի «վագրի» թռիչք է․․․ կկվի բնի վրայով։ Սրանց քայլերը մատնում են ենթագիտակցական շերտերը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը