Մեկնաբանություն

13.12.2019 19:40


Փաշինյանի աչքի գրողն ու իր գրողի ծոցը

Փաշինյանի աչքի գրողն ու իր գրողի ծոցը

Ամեն մարդ գործում է ու դիմացինին գնահատում սեփական կրթվածության, դաստիարակության ու փչացածության աստիճանով։ Նիկոլ Փաշինյանը բացառություն չէ։

Իրեն թվում է, որ եթե փող առաջարկի ՍԴ դատավորներին, ապա նրանք կշտապեն ուտել այդ «կուտը» և արժանապատվությունը, քաղաքացիական որակները մի կողմ կդնեն ու կվազեն պետբյուջեի հաշվին անհեռանկար գործարքի։ Ինքը որ տարատեսակ ֆինանսական գործարքների է գնացել ամբողջ կյանքում, գիտի, թե բոլորն իր նման անսկզբունքային փողամոլ են։

Թեև բոլոր բանական մարդկանց համար հասկանալի է, թե ինչու է «ժողովրդի» վարչապետն ուզում «բուդկայի» պես սեփականաշնորհել Սահմանադրական դատարանն ու այդ կառույցի ղեկավար նշանակել հավերժ լևոնական փաստաբան և ՍԴ ժամանակավոր անդամ (պորտաբույծ) Վահե Գրիգորյանին, այդուհանդերձ օրերս նոր փաստարկ ի հայտ եկավ այդ թեմայով։

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute, IRI) հրապարակել է Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանը վայելում է 40 % վստահություն, դատախազությունը՝ 38 %, իսկ դատարանները՝ 36 %: Անվստահության տոկոսով էլ է ՍԴ–ն ավելի լավ դիրքերում, քան դատախազությունն ու դատարանները։ Վերջիններիս նկատմամբ անվստահությունը համապատասխանաբար 55 և 57 տոկոս է։

Նիկոլը, թերևս, այս ամենի մասին գիտեր առանց IRI–ի հարցումների ու հենց այդ պատճառով էլ օրենքով կաշառք է առաջարկում ՍԴ դատավորներին ու ձգտում այդ կառույցը դարձնել դատախազության նման։ Իսկ ՍԴ դատավորներ ուզում է դարձնել վնգստացող դատավորների պես մարդկանց։ Իրեն ոչ թե անկախ, այլ գրպանային ՍԴ է պետք։

Եթե ՍԴ–ն ենթարկվեր նիկոլական ապօրինի հրահանգներին ու դառնար նրա ցանկությունների դակիչը, ապա այսօր Հրայր Թովմասյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ու մյուս վնգստացողների պես, կդառնար թավշիկուսների սրտի պաշտոնյան։ Բայց քանի որ ՍԴ–ն որոշել է շարժվել Սահմանադրությամբ և օրենքներով, ուստի դարձել է Նիկոլի թիրախը՝ աչքի գրողը։ Բայց մի օր այս ապօրինություններն ու քաղաքական հետապնդումները հակառակ էֆեկտով են աշխատելու և դառնալու «հեղափոխականներին» գրողի ծոցն ուղարկելու պատճառ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը