Մեկնաբանություն

03.12.2019 12:30


«Ինչի մասին» են Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները

«Ինչի մասին» են Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Եվ այսպես, Ադրբեջանի նախագահը «ուժերի վերադասավորման» գործընթաց է սկսել. առաջ է գցում խորհրդարանական ընտրությունները`Միլի մեջլիսն արդեն ժամանակից շուտ իր լիազորությունները դադարեցնելու`ինքնալուծարվելու որոշում է կայացրել։

Ինչո՞ւ։ Ի՞նչն էր խանգարում Ալիեւին` ընտրություններն անցկացնելու Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում` 2020թ. նոյեմբերին։

Պաշտոնական վարկածը, թե սա զուտ ներքաղաքական ներքին քաղաքական խնդիր է`դրանով ընդամենը «բարեփոխումների եւ կադրային վերադասավորումների» կամ, որ նույնն է, իշխանությունը Ալեւիների ընտանիքի մի անդամից մյուսին` Իլհամից տիկին Մեհրիբանին փոխանցելու հարց է լուծվում, քննադատության չի դիմանում։ Ալիեւների եւ Փաշաեւների միջեւ կլանային «անհաշտ պայքարի» թեզը նույնպես համոզիչ չէ. ավելի միաձույլ իշխանություն, քան Ադրբեջանի ընտանեկան սուլթանապետությունն է, անհնար է պատկերացնել։ Ասել, թե Ալիեւն ունի «աննախադեպ հզոր» ընդդիմություն, եւ ստիպված է գնում այդ քայլին, նմանապես անլուրջ է։

Այլ բան է, որ համապետական ցանկացած ընտրություն, այնպես թե այնպես, ներքաղաքական լարվածության աղբյուր է` անգամ Ադրբեջանի պես բռնապետական երկրում, եւ Ալիեւն էս գլխից փորձում է չեզոքացնել հնարավոր ռիսկերը։ Ինչի՞ց առաջ կամ ինչին ընդառաջ, ո՞րն է այդ վերադասավորումների արտաքին, աշխարհաքաղաքական մոտիվացիան, Հայաստանում, կարծես, քչերին է մտահոգում։ Մինչդեռ մտահոգվելու պատճառ կա, եւ շատ հիմնավոր։

Ադրբեջանում, ի տարբերություն մեր ինքնասիրահարված «պինգվինների», ուղտի ականջում քնած չեն` ուշադրությամբ հետեւում են աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումներին եւ հաշվարկում իրենց քայլերի «ճանապարհային քարտեզը»։ Թուրքիայի գործողությունները` Սիրիայի հյուսիսում, «ուղեցույց» էին Ադրբեջանի համար`ինչպես «լուծել» երկարաձգված տարածաշրջանային հակամարտությունները։ Այնտեղ չեն էլ թաքցնում, որ ոգեւորված են Թուրքիայի «ուսանելի» փորձով, եւ դեմ չեն` կրկնելու մեծ եղբոր ստեղծած «նախադեպը»։

Մենք եւ նրանք

Մինչ Հայաստանի «Հիսուսի բարդույթով» տառապող «թավշյա վարչապետը» անընդհատ հետ է նայում, ոտով-գլխով խրվել է կեղտի մեջ` ոչնչացնում է դատական համակարգը, իրավունքի եւ ժողովրդավարության վերջին բաստիոնը` Սահմանադրական դատարանը զավթելու, վհուկների որսն ավելի լիարժեք եւ արդյունավետ դարձնելու նոր ձեւեր, մեթոդներ մտմտում, ջլատում հասարակությունը` «իմ ու քո»-ի, սեւ-սպիտակի բաժանելով, զբաղվելով ինքնակերությամբ, ֆեյսբուքյան լայվեր, սելֆիներ անում, անվերջանալի ստատուսներ մոգոնում, Ադրբեջանում պատրաստվում են պատերազմի. Թուրքիայի հետ համատեղ զինավարժություններ են անում, մշակում Հայաստանի, Արցախի դեմ միասնական հարձակման ռազմավարությունը եւ քարոզչական ֆոն ստեղծում դրա համար։

Ուշադրություն դարձրեք` թուրքական կողմը նույնիսկ նեղություն չքաշեց հերքել շվեդական «Nordic monitor» կայքի հրապարակումը, ըստ որի` Թուրքիան Հայաստանի դեմ «ALTAY» պայմանական կոդով ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել։ Բավարարվեց նրանով, որ կայքի` ազգությամբ թուրք համակարգողներին մեղադրեց դավաճանության, պետական շահերի դեմ գնալու մեջ։

Եվ դա պատահական չէ։ Ավելի բարենպաստ իրավիճակ թուրք-ադրբեջանական տանդեմի համար`«լուծելու» Արցախյան թնջուկն այնպես, ինչպես իրենք են դա պատկերացնում, ուղղակի հնարավոր չէ «հորինել»։

Հայաստանն այսօր, ավելի քան երբեւէ, խոցելի է արտաքին մարտահրավերների առջեւ։ Այսպիսի թույլ, անձեռնահաս, կարճատես, անողնաշար, քաղաքականապես անմեղսունակ իշխանություն մենք երբեք չենք ունեցել։ ՀՀ իշխանությունների նկատմամբ «դրսում» երբեւէ այնպիսի քամահրական վերաբերմունք չի եղել, ինչպես այսօր (բավական է ասել, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարի պաշտոնական այցից հետո հյուրընկալող երկրի (Իտալիայի) մամուլը հրապարակավ զարմացավ ու վրդովվեց Սենատի նախագահի հետ «հանդիպման» ժամանակ «աներեւակայելի հայի» դրսեւորած անդաստիարակ պահվածքից)։

Հայաստանի եւ Արցախի ռազմական վերնախավը ջախջախված է, ազատամարտի լիդերները բանտում են կամ հետապնդման (հետապնդման սպառնալիքի) տակ, հասարակությունը` բարոյալքված ու ջլատված։ Հայ-ռուսական հարաբերությունները` երբեք այնքան խնդրահարույց, ռուս-ադրբեջանական հարաբերությունները` երբեք այնքան փայլուն, ջերմ եւ բարեկամական չեն եղել, ինչպես այսօր, եւ դա դրսեւորվում է բոլոր մակարդակներում։ Միակ բանը, որ պակասում է թուրք-ադրբեջանական տանդեմին` լայնածավալ պատերազմ սկսելու Հայաստանի եւ Արցախի դեմ, Ռուսաստանի համաձայնությունն է։

Այս պայմաններում Ադրբեջանը փութաջանորեն զորաշարժի է ենթարկում ուժերը, ամրապնդում թիկունքը`ընդհուպ գնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Արցախում պատրաստվում են նախագահական ե՛ւ արտախորհրդարանական ընտրություններին։ Եվ կան բոլոր հիմքերը` ասելու, որ այդ ընտրություններն, ըստ էության` առաջին անգամ, անցնելու են առճակատման մթնոլորտում։

«Թավշյա անհանդուրժողականության», ատելության եւ թշնամանքի մանրէն, ցավոք, թափանցել է Արցախ, ու թե ինչով կարող է այս ամենը վերջանալ`Աստված գիտի...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը