Մեկնաբանություն

19.02.2011 15:56


«Կայունության» հանրահավաք

«Կայունության» հանրահավաք

Փետրվարի 18–ին տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որն այլ կերպ, քան «կայունության» չես որակի, քանի որ ՀԱԿ–ական գործիչների վերջին երկու տարվա գործունեությունը միանշանակ նպաստում է Սերժ Սարգսյանի իշխանության կայունության ամրապնդմանը։ Ուրբաթ օրվա հանրահավաքն ու դրան նախորդած իրադարձությունները կրկին եկան հաստատելու այդ տեսակետը։

Ճիշտ է, ՀԱԿ հանրահավաքում հնչեցին «Հայաստանի եգիպտացում և ղրղզում», «սոցիալական ընդվզում», «իշխանափոխություն»  և նման այլ «հուժկու» ձևակերպումներ, բայց դա տեղավորվում է հաճախորդացման ժանրի կանոնների մեջ։ Մի ժամանակ Գեղամյանն ու ԱԽՔ–ացած Արթուր Բաղդասարյանն ավելի բարձր էին գոռում «իշխանափոխություն» բառը, բայց այսօր շարքային հաճախորդներ են

Մեզ մնում է միայն արձանագրել, որ ՀԱԿ–ականների ելույթների պաթոսն ու իշխանափոխության գնալու պատրաստակամությունը գրոշի արժեք չունեն, քանի որ հանրահավաքից օրեր առաջ Լևոն Տեր–Պետրոսյանի խնամի Դավիթ Շահնազարյանն իր  ասուլիսում նշել էր, որ ՀԱԿ–ը թույլ չի տա ներիշխանական անկայունացում ու իրենք երկրում քաղաքական կայունության միակ երաշխավորն են։

Շահնազարյանի խոսքերը հնչեցվել էին այն օրերին, երբ առկա էր Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի (ենթատեքստում նաև Ռոբերտ Քոչարյանի) կուլիսային հակամարտությունը՝ այսօրվա գործող նախագահին ապագայում ևս պաշտպանելու հարցում։

ԲՀԿ–ն չէր ուզում հայտարարել Սարգսյանին սատարելու մասին, ինչը Տեր–Պետրոսյանի խնամին գնահատել էր որպես երկրի ապակայունացմանն ուղղված քայլ ու շտապել էր անցնել Սարգսյանի կողմը՝ հանդես գալով Սերժ Սարգսյանի անթաքույց PR–ն անողի ու երկրում քաղաքական կայունության երաշխավորող ՀԱԿ ներկայացուցչի դերում։ Այսինքն՝ Քոչարյան–Սարգսյան մրցակցության մեջ Տեր–Պետրոսյանն իր անվերապահ աջակցությունը հայտնեց ՀՀ 3–րդ նախագահին, որն այլ կերպ, քան նորաթուխ դհոլություն չես որակի։

Պատահական չէ, որ այս անգամ ՀԱԿ հանրահավաքին ամեն կերպ աջակցել էին իշխանությունները՝ ճանապարհները բաց պահելով ու ոչ մի խոչընդոտ չառաջացնելով միջոցառման կազմակերպման համար։ Այս ամենը ևս մեկ անգամ  գալիս է հաստատելու այն վարկածը, որ Սարգսյանն ու Տեր–Պետրոսյանն այլևս բացահայտ ձևով համագործակցում են ու  փորձում մենաշնորհայնացնել քաղական դաշտը. մեկը որպես իշխանություն, իսկ մյուսը՝ ընդդիմություն։ Ու որպեսզի դա ստացվի և կողմերը միմյանց հետ հարաբերվելիս բան ունենան առաջարկելու և առևտրի առարկա դարձնելու՝ Տեր–Պետրոսյանը «անկայունություն» սերմանող հանրահավաք է անում ու մասսա հավաքում, իսկ Սարգսյանն էլ Քոչարյանով է վախացնում «միաբաններին», ինչպես նաև անազատության մեջ է պահում ՀԱԿ ակտիվիստներից ոմանց։

Տեր–Պետրոսյանին «փողոցային արմատականությունը» պետք է, որպեսզի նա կարողանա գլխաքանակը պահել և այդ գլխաքանակին գործիք դարձնելով կարողանալ «Եղիազարի» համար հետաքրքրություն ու արժեք ներկայացնել, այլապես «արմատականներին» գին տվող չի լինի և Շահնազարյանն այդ դեպքում չի կարողանա գեղամյանություն անել ու իր հացը վաստակել։ Իսկ որ դա այդպես է՝ կարելի է համոզվել ՀԱԿ–ական որոշ գործիչների վարքագծին հետևելով։

Նույն՝ առևտրային  հայեցակարգով առաջնորդվում է նաև իշխանությունը ներքին պայքարի ժամանակ։ Դրա համար են քաղբանտարկյալները պահվում զնդաններում, որպեսզի նրանք պատանդ լինեն իշխանության ձեռքում ու իշխանություններին հաջողվի «միաբաններին» հեշտությամբ և, ամենակարևորը, էժան ենթարկեցնել։

Սարգսյանը Տեր–Պետրոսյանի նեղ թիմին, բացի ենթադրյալ «զրոների» քանակն ապահովելուց, դհոլացնում է նաև Քոչարյանի վերադարձի «բոբոյով», ինչը հեշտացնում է «հակառակորդների» մերձեցումը։

Կարծում եմ, որ Քոչարյանի «բոբոն» նաև նպաստում է «միաբանների» դհոլացման գործընթացի էժանացմանն ու հեշտ տրվելուն։ Արդյունքում՝ Լևոն–Սերժ քաղաքական առևտրի առարկա են դառնում մարտի 1–ի զոհերը, քաղբանտարկյալները, մինտինգի ելած մարդիկ ու բոլոր մյուսները, ովքեր միամտաբար կարծում են, թե Սարգսյանն ու Տեր–Պետրոսյանը պայքարում են միմյանց դեմ, այնինչ երկուսն էլ պայքարում են հանուն իրենց անձնական շահերի ու ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի։ Համաձայնե՛ք, որ հանրային շահ այստեղ գոյություն չունի։

Փաստորեն, Սարգսյանն իր պալատական մարտերում օգտագործում է Տեր–Պետրոսյանի գործոնն ու շանտաժի ենթարկում «յուրայիններին», իսկ ՀԱԿ առաջնորդն էլ իր թիմակիցներին համոզում է, թե մինևնույն է իրենք չեն կարողանում իշխանությունը վերցնել, ուստի՝ ավելի լավ է Սերժը մնա ու իրենք էլ կարողանան գլուխները պահել գեղամյանություն անելով, քան թե գա Ռոբերտը. խաղի մասնակից կողմերը «ջան» ասում, «ջան» լսում են։

Այս ամենը բերում է նրան, որ Սարգսյանը մնում է իր տեղում ու շարունակում է իր անընդունելի քաղաքականությունը, փողոցը զբաղեցնում են ՀՀԿ «ճկուն» ղեկավարի նորաթուխ հաճախորդները, իսկ հասարակության մեծ մասը կա՛մ արտագաղթում է, կա՛մ մոլորյալի կարգավիճակում հայտնվում երեք նախագահների արանքում։ Շահում են Սերժն ու իր դատարկ դհոլները, «շահում» են  պետությունն ու ժողովուրդը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը