Մեկնաբանություն

25.11.2019 12:45


Ինչու և ինչից է վախենում Լևոն Տեր–Պետրոսյանը

Ինչու և ինչից է վախենում Լևոն Տեր–Պետրոսյանը

Նիկոլ Փաշինյանի միլանյան ելույթից հետո Լևոն Տեր–Պետրոսյանի փոքրաթիվ կողմնակիցները կոշտ ու նյարդային արձագանքեցին։

Հիշեցնենք՝ «ժողովրդի» վարչապետը հայտարարել էր, որ 1996–ից սկսած Հայաստանում չարիքի իշխանություն է եղել, քանզի ոմանք իշխանությունը պահել են՝ չունենալով ժողովրդի վստահությունը։ Այս միտքը Նիկոլն էլի էր հայտնել, մասնավորապես Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ։ Այն օրերին էլ Տեր–Պետրոսյանի կողմնակիցները աղմկեցին, բայց հետո կրկին շարունակեցին Փաշինյանին պաշտպանել։ Ու էլի են պաշտպանելու, նույնիսկ եթե Նիկոլը, պոպուլիստական ու այլ հաշվարկներից ելնելով, քաղաքականից բացի նաև անձնական վիրավորանքներ հասցնի իր երբեմնի առաջնորդ ու մշտական գաղափարական հայր Տեր–Պետրոսյանին։

Նիկոլը կարող է նվաստացնել, «փչացնել» ՀԱԿ առաջնորդին և քննադատել նրա իշխանության տարիները, միևնույն է լևոնենք մի քիչ աղմկելու են, մի քիչ «քացի» տան, ձայնները գլուխները գցեն ու շարունակեն պաշտպանել «ժողովրդի» վարչապետին։ Պատճառն այն է, որ լևոնենք իրականում ոչ թե Նիկոլին, այլ իրենք իրենց են պաշտպանում։ Նիկոլն ու Լևոնը նույն նավակի մեջ են։ Խորտակվո՛ղ նավակի։

Տեր–Պետրոսյանը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո այլ քաղաքական գիծ է լինելու։ Նա վախենում է, որ կարող է իշխանությունն անցնել ազգային ուժերին, որոնք հաստատ անդրադառնալու են 1995–ի ու 1996–ի ընտրակեղծիքներին, սահմանադրական կարգի տապալմանը, իշխանության բռնազավթմանը։ Նա սարսափով է պատկերացնում, որ Նիկոլին կարող են հեռացնել այն ուժերը, որոնք 1998–ի սխալը թույլ չեն տա ու իրավաքաղաքական գնահատական կտան այն թալանին և հանցագործություններին, որոնք կատարվել են 1–ին նախագահի կառավարման տարիներին։

ՀՀՇ–ական թալանչիները վախենում են, որ իրենց հարցեր կտրվեն ԽՍՀՄ–ից մինչև 30 միլիարդ դոլարի հասնող ՀՆԱ ժառանգություն ստանալու և 1998–ին դրա, պատկերավոր ասած, կաշին ու ոսկորը թողնելու համար (Տեր–Պետրոսյանը հեռացվեց իշխանությունից այն ժամանակ, երբ մեր երկրի ՀՆԱ–ն 1,9 միլիարդ դոլար էր կազմում, այսինքն՝ 1–ին նախագահը 15 անգամ փոքրացրել էր տնտեսության չափը)։ Հարցեր կտրվեն հիմնական կապիտալը փոշիացնելու, առաջին օլիգարխին բուծելու, քաղաքական սպանությունների և այլնի թեմաներով։

Լևոնենք գիտեն, որ Նիկոլն իրենց ինչքան էլ հայհոյի, միևնույն է 90–ականների ապօրինություններին չի անդրադառնալու, քանզի ինքն այդ միջավայրի ծնունդ է։ Գիտեն, դրա համար էլ կուլ են տալիս նվաստացումները, քանի որ հասկանում են՝ Նիկոլի հեռացումը ոչ միայն ու ոչ այնքան Նիկոլին է վնասելու, որքան իրենց՝ համապատասխան հետևանքներով։

Լևոնին Նիկոլի հետ հիմա վախն է միավորում։ Վախն անցյալից ու վախը սեփական ապագայի համար։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը