Մեկնաբանություն

18.11.2019 11:51


Կոնտրաստի էֆեկտը

Կոնտրաստի էֆեկտը

«Վերնատուն» ակումբի համաժողովը կոնտրաստային ստացվեց։

Հեռուստատեսությամբ կամ համացանցով քննարկումներին հետևողների համար զուգահեռը գործող խորհրդարանի հետ էր։ Տարբերությունն ակնհայտ էր։ Մարդիկ տեսան, որ կարող է լինել նաև այսպիսի քաղաքական դասավորություն և այսպիսի խորհրդարանական մոդել։ Խորհրդարան, որտեղ կային նախկին ու ապագա իշխանության ներկայացուցիչներ։

Նիկոլ Փաշինյանին կից խորհրդարանում գրեթե 100 տոկոսով ԱԺ նախագահ են ընտրում և չկա նրա իշխանությունը վիճարկող ընդդիմություն։ «Վերնատան» համաժողովին մասնակցում էին քաղաքական ու գաղափարական դաշտի գրեթե բոլոր հատվածները, ինչպես նաև քաղաքացիական ու փորձագիտական ակտիվ շրջանակների ներկայացուցիչները, որոնցից շատերը փաստարկված վիճարկում էին Փաշինյանի իշխանության հարցը։

Նիկոլի խորհրդարանում քաղաքական միտքն ու խոսքը գրեթե վերացել է։ «Վերնատանը» հիմնականում քաղաքական խոսք ու միտք էր հնչում։

Նիկոլն առաջնորդվում է հանրությանը, քաղաքական դաշտին և ընդհանրապես մարդկանց սևերի ու սպիտակների բաժանելով, պառակտելով ու թշնամացնելով։ «Վերնատան» ֆունկցիան ճիշտ հակառակն է՝ կարևոր հարցերում գտնել կոնսոլիդացիայի տարբերակ ու ապահովել տարատեսակ կարծիքների հնչեցման հնարավորություն, հանրությանը չտանել բախումների, ինտեգրել, այլ ոչ թե մասնատել։

Նիկոլի խորհրդարանի կոդը մեխանիկական սերնդափոխությունն է ու սերունդների հակադրությունը։ «Վերնատան» համաժողովը սերունդների համերաշխության կոդով էր։

Նիկոլենց գլխավոր զենքը հայհոյանքն է, քանզի փաստարկի սով կա։ «Վերնատանը» հայհոյանք չհնչեց, քանզի փաստարկների պակաս չկար։

Նիկոլի համար Հայաստանը սկսվում է իր վարչապետ դառնալուց հետո։ Նա խոսում է նոր Հայաստանից, բայց դարձել է անցյալի գերին ու դեպի անցյալ է տանում մեր երկիրը։ «Վերնատանը» կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ պետք է տեր կանգնել անցյալի դրական ձեռքբերումներին, ձերբազատվել բացասականից ու գնալ առաջ՝ դեպի նոր որակի Հայաստան՝ նոր որակի լիդերությամբ։

Ահա այս կոնտրաստներն էին, որ հունից հանեցին իշխանական թիմին ու նրանք ստիպված էին ագրեսիվ արձագանքել։ Բայց դե չզգացին, որ իրենց ագրեսիայով լավ քարոզ արեցին իրական խորհրդարան ունենալու օգտին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը