Քաղաքական

15.11.2019 13:10


Հայաստանն իրավական պետություն չէ, իսկ դատական համակարգի վրա բիրտ ճնշումները և դատավորների աշխատելու մեթոդները միջնադարյան են. Աղվան Վարդանյան (տեսանյութ)

Հայաստանն իրավական պետություն չէ, իսկ դատական համակարգի վրա բիրտ ճնշումները և դատավորների աշխատելու մեթոդները միջնադարյան են. Աղվան Վարդանյան (տեսանյութ)

Հայաստանում այսօր այն պահն է հասունացել, որ պետք է ավելի, հանրային և բաց քննարկել այն հարցերը, որոնք ակումբի անդամները նպատակահարմար են գտնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքի ժամանակ:

Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ օրակարգային երեք հարց կա՝ անվտանգության խնդիրները արցախյան բանակցությունների ներկա վիճակում, մեր հասարակության մեջ տիրող մթնոլորտը և դատական համակարգի, դատական իշխանության այսօրվա վիճակը: «Քննարկվելու է այն, թե ինչպես պետք է այնպես անել, որպեսզի թույլ չտանք դատական համակարգը ևս դառնա այս իշխանությունների կցորդը»,-ասաց նա:

Վարդանյանի խոսքով՝ բիրտ ճնշումներ կան դատական համակարգի վրա, և այն, թե ինչպես են աշխատում դատավորները, միջնադար է հիշեցնում: Ըստ նրա՝ Հայաստանն իրավական պետություն չէ:

«Ես այսօր տեսնում եմ, որ Հայաստանում իշխանությունից դուրս կան առնվազն 5-6 տարբեր ուժային կենտրոններ, որոնց մտահոգությունները նույնն են: Կկարողանա՞ն նրանք գտնել այն ոսկե միջինը, ընդհանուր, միասնական օրակարգը. կարծում եմ՝ այսօր իրոք անհրաժեշտ է հստակ օրակարգեր ձևավորել, որոնց շուրջ հասարակությունը կհամախմբվի»,- ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, նաև Արցախի խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, Աղվան Վարդանյանն ասաց, որ իրականում այս 1.5 տարվա ընթացքում շատ տարբեր հակասական հայտարարություններ է տեսել: «Այն, ինչ հիմա կատարվում է բանակցային փուլում մտահոգիչ է. բանակցություններն այսօր փակուղում են»,- նշեց նա։

Աղվան Վարդանյանը նաև նշեց, որ խնդիր է դառնում նաև այն, որ մեկ տարի առաջվա հայտարարություններն ու ներկայիս հայտարարությունները հակասում են իրար: Ըստ նրա՝ այս խնդիրը, կարող է մեծացնել պատերազմի վտանգը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը