Քաղաքական

14.11.2019 17:59


Վարչապետ մանիպուլացնում է հարցի էությունը․ Իշխան Սաղաթելյան

Վարչապետ մանիպուլացնում է հարցի էությունը․ Իշխան Սաղաթելյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին մանիպուլյացիայի է ենթարկում հարցի էությունը, այս պայքարը միայն ֆիլմի համար չէ, հարցն ավելի գլոբալ է՝ ազգային արժեքների պահպանում, ազգային քաղաքականության իրականացում, իսկ նա մանիպուլյացիա է անում և անձնավորում է հարցը, կոնկրետ մենք՝ Դաշնակցության երիտասարդները, Մելին Դալուզյանի հետ հարց չունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից երեկ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, որոնք վերաբերում էին ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի քննադատներին:

Նշենք, որ ֆիլմի նկարահանման համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է 20 մլն դրամ, ինչը քննադատում է նաև ՀՅԴ-ն:

«Մենք ասում ենք՝ իշխանությունները պետության բյուջեով չպետք է խրախուսեն, ֆինանսավորեն, աջակցեն սեռափոխված մարդու մասին ֆիլմ նկարահանելուն: Մեր երիտասարդների պահանջը դա է: Ինչ վերաբերում է նրան, թե անձը հալածվում է, պետք է ասեմ՝ մենք երբեք ո՛չ հալածանքի կոչ ենք արել, ո՛չ էլ անում ենք: Մենք ասում ենք՝ մեր պետությունն ունի բազմաթիվ խնդիրներ ու նաև ունենք արժանի հերոսներ, որոնք և՛ ֆիլմի, և՛ գովասանքի, և խրախուսանքի կարիք ունեն, դուք այդ մարդկանց թողել եք և պետության բյուջեով ֆինանսավորում եք սեռափոխված մեկին: Խարանն իրականում դա է, ոչ թե այն, որ պետությունը պետք է չֆինանսավորեր»,-ասաց նա:

Դիտարկմանը՝ վարչապետը հայտարարեց, որ քննադատները լափամանից զրկվածներն են, արդյոք նկատի ուներ Դաշնակցությա՞նը, Սաղաթելյանը պատասխանեց. «Արդեն հոգնեցնում են այս հայտարարություններով: Բան ունեն ասելու, թող կոնկրետ ասեն, դրա հասցեատերը մենք չենք, դրա համար չենք ուզում իջնել այդ հարթություն և պատասխանել: Մեկ տարի շարունակ ցանկացած հարց, որն ուզում ենք բովանդակային քննարկման մեջ բերել, դրա պատասխանը լինում է՝ լափաման, թալան, փռեմ ասֆալտին, ծեփեմ հատակին ... հոգնեցնող է, արդեն լուրջ չէ այս ամեն ինչը: Թող հասցեական ասեն և կոնկրետ պատասխանը կստանան»,-ընդգծեց նա:

Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց Մելինե Դալուզյանին գոնե Դաշնակցությունից պաշտպանելու կարիք չկա, քանի որ իրենք նրա դեմ չէ, որ պայքարում են: «Դաշնակցությունը Մելինեի, նրա անձի, անձնական կյանքի դրսևորումների հետ գործ չունի, դա մեր գործը չէ, մեր խնդիրն այդ անձը չէ: Մենք խոսում ենք կառավարությունից, ԿԳՄՍ նախարարությունից, որ ֆինանսավորում, խրախուսում է այդ կերպարներին: Մենք ասում ենք՝ իբրև պետություն իրական հերոսներին թողել են և սպորտսմենի քողի տակ ֆիլմ են նկարում, այն դեպքում, երբ Հայաստանի դրոշը շատ այլ կանայք ու տղամարդիկ են բարձրացրել, ինչո՞ւ են ընտրել հենց սեռափոխվածին, որը Հայաստանի քաղաքացի էլ չէ»,-շեշտեց Սաղաթելյանը:

Հարցին՝ արդյո՞ք երեկվա Փաշինյանի հայտարարությունը նրա հեղինակության վրա կազդի, Սաղաթելյանը նշեց. «Հասարակությունը պետք է այս ամեն ինչից հետևություն անի և անում է: Ես չգիտեմ նրա հեղինակությունն ընկե՞լ է, թե՞ բարձրացել, բայց ինձ համար մեկ բան ակնհայտ է՝ իրական հերոսներին թողնում ու սկսում են իրենց պաշպանության տակ վերցնել անհասկանալի կերպարների, դրանից մեր հասարակությունը բնականաբար եզրակացություններ պետք է անի և այս ամեն ինչին իր գնահատականը տա»:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետը, մասնավորապես, հայտարարել էր. «Այդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է: Եթե նախարարությունը չֆինանսավորեր, դա պետության համար կլիներ խարան: Երբ ինքը չեմպիոն է, մենք կկանգնենք, կնկարվենք հետը, երբ որ պրոբլեմ ունի՝ քեզ հետ գործ չունենք, իմ պատկերացումն էսպիսին չէ։ Ես տեղյակ չեմ եղել, որ որոշում է կայացվել ֆինանսավորել այդ ֆիլմը, բայց ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը: Ամոթ եմ համարում, որ մարդուն էսքան հեշտությամբ Հայաստանում ոտերի տակ են գցում, հիմա էդ մարդը Հայաստանից փախել է, էլի փրկություն չունի, էլի ամեն օր քոռ դանակով մորթում են։ Ես ասում եմ՝ գոհ եմ ու հպարտ մեր մշակույթի նախարարությունից, որ էդ որոշումը կայացրել են, կեցցե՛ն իրանք»: Նա նաև ասել էր, որ քննադատները լափամանից զրկվածներն են:

Այս խորագրի վերջին նյութերը