Խմբագրական

08.11.2019 21:14


Փաշինյանը խճճվել է Արցախի հարցում, և վե՛րջ

Փաշինյանը խճճվել է Արցախի հարցում, և վե՛րջ

Անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները դինամիկ բնույթ են կրում։

Այդ հայտարարությանն անմիջապես հետևեց ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորի կոչը՝ պայմանավորվածությունները վերածել կոնկրետ գործողությունների ու ժողովուրդներին պատրաստել խաղաղության արդեն այսօր։

Այս կոնտեքստում արժե հիշեցնել, թե ինչ մտքեր է հայտնել Փաշինյանը Արցախի թեմայով՝ վարչապետ դառնալուն պես։

1․ Փաշինյանն ասել է, որ ինքը չի ներկայացնում արցախահայությանը և, հետևաբար, չի կարող բանակցել Արցախի անունից և կարող է խոսել միայն Հայաստանի կողմից, ուստի՝ Արցախի պաշտոնական ներկայացուցիչները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ։

Ի դեպ, ՀՀ իշխանություններն արդեն «մոռացել» են Արցախը բանակցային սեղանի շուրջ նստեցնելու իրենց գծի մասին։

2․ Թեև հայտարարվեց, որ Ալիևի հետ բանակցություններ չկան, բայց իրականում դրանք կան, որոնց անունը Փաշինյանը դնում է «հանդիպումներ» կամ «շփումներ»։

3․ Փաշինյանը հայտարարեց, որ եթե պատերազմ լինի, ապա դա կնշանակի, որ Ռուսաստանը ջանքեր չի ներդրել, որպեսզի այն կանխի։ Այսինքն, փորձելով ապահովագրվել հնարավոր պատերազմական զարգացումներից՝ վարչապետը նախապես նշում է դրա մեղավորին՝ խուսափելու համար պատասխանատվությունից։

4․ Հնարավոր ռազմական գործողությունների ու դրանց հետևանքների համար Փաշինյանը նախապես մեղավոր է նշանակել նաև ղարաբաղցիներին՝ հայտարարելով, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք կարող են սահմանային միջադեպեր հրահրել և նույնիսկ տարածքներ կորցնել, որպեսզի հետո մեղադրեն Հայաստանի իշխանությանը։

5․ Փաշինյանը Ալիևի հետ հանդիպելուց և «Վերելակային» դիվանագիտություն իրականացնելուց հետո փաստացի ջրեց Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում և Ժնևում ձեռքբերված համաձայնությունները, որոնք վերաբերում էին զինադադարի ռեժիմի խախտման մոնիտորինգին։ Նա ասաց, որ ինքը Ալիևի հետ ուղիղ կապի մասին է պայմանավորվել։ Այդ պայմանավորվածություններն ինստիտուցիոնալ բնույթ չունեին։ Հարաբերական անդորրը ադրբեջանական կողմն օգտագործեց շփման գծի երկայնքով ինժեներական աշխատանքներ իրականացնելու, իսկ Փաշինյանը՝ ինքնագովեստի «լայվեր» անելու համար։

6․ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը նոր մարդ է, խորությամբ չի տիրապետում բանակցային մանրամասներին ու իրեն ժամանակ է պետք ծանոթանալու համար թեմային։ Այդ ընթացքում, իր իսկ խոստովանությամբ, նա լիկբեզ էր անցնում Ալիևի մոտ, քանզի «շփումների» ժամանակ նրանից էր տեղեկանում հակամարտության բանակցային պատմության մասին։

7․ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը Արցախը հռչակեց որպես Հայաստան։ Բացի այդ՝ սկսեց խրախուսել «Արցախը Հայաստանի մարզ է» քարոզը՝ «ծռելով» մեր արտաքին քաղաքականությունը և այլոց ձեռքերով զուգահեռաբար տանելով հակառուսական քարոզ։

8․ Փաշինյանը դրսի մամուլով պաշտոնապես հայտարարեց, որ խնդիրներ ունի պաշտոնական Ստեփանակերտի հետ։

9․ Փաշինյանն ասել էր նաև, որ Արցախի հարցի շուրջ ինքը հայ ժողովրդից փաստաթղթի է սպասում, որպեսզի այդ փաստաթղթի շրջանակներում բանակցի և ավելացրեց, որ հենց որ այդ փաստաթուղթը լինի, ինքը այն կկարդա, անգիր կանի ու նոր միայն կգնա բանակցությունների։

10․ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» կարգախոսի հնչեցմանը զուգահեռ Փաշինյանը պարբերաբար շրջանառության մեջ է դրել այն միտքը, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը ոչ միայն Արցախն է պահանջում, այլ նաև Սյունիքը՝ ձեռքի հետ էլ՝ Երևանը։

11․ Փաշինյանը չի բացառում, որ Արցախի խնդրի լուծումը կարող է որոշվել Հայաստանում անցկացվող հանրաքվեով կամ նույնիսկ հրապարակում հավաքվածների «դաբրոյով», ինչը շատ վտանգավոր թեզ է և պատասխանատվությունից խուսափելու ձև։

12․ Ինչպես սկզբում նշեցինք, Ալիևի հետ «չբանակցող» Փաշինյանը ֆեյսբուքյան իր «լայվով» խոսեց այն մասին, որ կան դինամիկ բանակցություններ։

Հարկ է այս ամենին ավելացնել նաև այն, որ պաշտոնական Երևանի դիվանագիտական բառապաշարից դուրս է մնացել Ադրբեջանի կազմից դուրս Արցախի ինքնորոշման իրավունքի կետը։ Վարչապետն ու արտգործնախարարը խոսում են բացառապես անվտանգության երաշխիքների ու կարգավիճակի մասին, սակայն չկա հստակ հայտարարություն, որ Արցախի կարգավիճակը չի կարող լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Եվ այսպես, Փաշինյանն իր իրարամերժ քայլերով, դիլետանտ արտաքին քաղաքականությամբ ու պոպուլիստական հայտարարություններով բանակցային գործընթացը մտցրել է փակուղի և մեծացրել պատերազմի վտանգը։ Ընդ որում՝ Ադրբեջանն այժմ հնարավորություն է ստացել ապակառուցողականության համար մեղադրել հայկական կողմին և լեգիտիմացրել զենքի ուժով հարց լուծելու իր ցանկությունը։ Ու դա Երևանի անհեռատես ու վտանգավոր վարքագծի շնորհիվ։

Հարցն այն չէ, որ Ադրբեջանի հետ պատերազմին մենք պատրաստ չենք։ Հարցն այն է, որ մենք խնդիր չունենք նոր պատերազմ սկսելու։ Մենք խնդիր ունենք մեր հաղթանակն ամրագրելու։

Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին բանակցությունները տապալելու և պատերազմին նպաստելու մանդատ չի տվել։ Այդ առումով նա ունի զրոյական լեգիտիմություն։

Փաշինյանը խճճվել է՝ խնդիրներ առաջացնելով մեր երկրի անվտանգության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը