Մեկնաբանություն

08.11.2019 09:00


«Մաֆիան» կմեռնի, բայց չի հանձնվի

«Մաֆիան» կմեռնի, բայց չի հանձնվի

Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական ողբերգազավեշտախաղում «չէպէներ» չեղան։

Նիկոլի սրտի վնգստացող դատարանը` իր վնգստացող լինել-չլինելու մասին հարցեր տալու համար երկու երիտասարդի վրա գործ տված ու «նստացրած» Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, եւս մեկ անգամ վերահաստատեց, որ Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նիկոլալեւոնական ծուռ անարդարադատության պատանդն է։

Ո՛չ թե սոսկ քաղաքական հետապնդման թիրախ, ո՛չ թե քաղբանտարկյալ, այլ պատանդ` բառի բուն եւ փոխաբերական իմաստով. պետական մակարդակով իրականացվող «իրավաքաղաքական» ահաբեկչության զոհ։ Իշխող «մաֆիայի» գործին խփող անվերահսկելի գործոն, որից բոլոր հնարավոր ու անհնար, թույլատրելի եւ անթույլատրելի միջոցներով պետք է ազատվել։ Առնվազն` փակել ճաղերի հետեւում։

Քոչարյանին քաղաքական գործընթացներից «անվտանգ հեռավորության» վրա պահելը լինել-չլինելու խնդիր է սեփական շողքից վախեցած, սեփական ժամանակավորության զգացումից բարդույթավորված, սեփական վերջի սկիզբը` մոտալուտ ֆիասկոն գիտակցող դեգրադացված իշխանության համար. կշեռքի նժարին դրված է մի կողմից` «մաֆիայի» (ոչ թե դատավոր Դանիբեկյանի` նա ընդամենը դակիչ մարմին է. «մեխի գլուխ», որից ոչինչ կախված չէ) խոցելիությունը օր օրի ահագնացող արտաքին եւ ներքին մարտահրավերների առջեւ, մյուս կողմից` օրենքը, միջազգային իրավական նորմերը եւ իրավական պրակտիկան, մարդու իրավունքները եւ ՄԻԵԴ-ի նախադեպային որշումները, վերջին հաշվով` պետության հեղինակությունը։

«Մաֆիան» կատարեց իր բնական ընտրությունը։

Մարտի 1-ի բացահայտման փուչիկը պայթել է`դեռ չփչված, չկա Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված «հանցավոր գործողությունները» հիմնավորող որեւէ համոզիչ փաստ կամ փաստարկ, իրեղեն ապացույց։ Միակ բանը, որ ռեժիմի սպասարկուները կարող են անել` նախագահին փակի տակ պահելու «պատմական պահը» հնարավորինս երկար ձգելն է։ Չնայած` դրա ժամանակային ռեսուրսը նույնպես սահմանափակ է։

Ինչպես հայտնի է, ՄԻԵԴ-ում արդեն ձեւավորվել է 17 հոգուց կազմված հատուկ կազմ` պալատ, որը անդրադառնալու է պաշտպանական կողմի բողոքներին եւ «հատ-հատ» արձանագրելու է երկրորդ նախագահի սահմանադրական իրավունքների, այդ թվում` իր շահերի պաշտպանությունը լիարժեք իրականացնելու իրավունքի ճչացող խախտումները` «անուն առ անուն»։ Եվ այդ օրը վստահաբար հեռու չէ։

Իշխող «մաֆիայի» երկնագույն (կամ վարդագույն` ինչպես կուզեք) հույսերը` Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց Հայաստանի դատաիրավական համակարգն ամբողջությամբ ոչնչացնելու «լիցենզիա» ստանալու հետ կապված, անհիմն են։ Եվրոպացի մեր գործընկերներն, ինչքան էլ շահագրգիռ լինեն «սեռական փոքրամասնությունների» իրավունքների պաշտպանության հարցում, չեն գնա նման ամոթալի գործարքի. կան սկզբունքներ, կարմիր գծեր, որ եվրոպական հանրությունը պատրաստ չէ ոտնատակ տալ հանուն անցողիկ, մերկանտիլ շահերի ու հաշվարկների՝ ի տարբերություն «թավշյա» բռնապետիկների, որ վաղուց անցել են ռուբիկոնը` ոչ մի բանի առաջ չեն կանգնում իրենց մտասեւեռումներն առաջ տանելու, կույր վրեժխնդրությանը հագուրդ տալու համար։

Հետքայլ անել` վերադառնալ իրավական դաշտ, ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, առավել եւս` հրաժարվել ի սկզբանե ապօրինի`«ենթադրյալ հանցագործության» պահին գոյություն չունեցող, իրավական որոշակիությունից կիլոմետրերով հեռու, ՍԴ կողմից հակասահմանադրական ճանաչվելու վտանգի տակ հայտնված 300.1 հոդվածով առաջադրված անհեթեթ մեղադրանքից, վերջ տալ այս (եւ ոչ միայն այս) գործով ձեւավորված իրավական բեսպրեդելի մթնոլորտին, կնշանակեր ընդունել սեփական պարտությունը։

Դրա համար էլ կատաղորեն դիմադրում են։ Անգամ ՄԻԵԴ-ում խայտառակվելու, երկիրը հեղինակազրկելու սպառնալիքն աչքի տակ ունենալով`չեն ընկրկում, տեղի չեն տալիս։

Այդպիսին են մաֆիայի կանոնները...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը