Խմբագրական

14.02.2011 09:13


Սերժ Սարգսյանը մնաց Արթուր Բաղդասարյանի հույսին

   Սերժ Սարգսյանը մնաց Արթուր Բաղդասարյանի հույսին
Սերժ Սարգսյանի թիմի (չշփոթել ՀՀԿի հետ) և ԲարգավաճՀայաստանի միջև առկա «լուռ» հակամարտությունը, որը խրախուսվում էր նախագահական նստավայրից, հանգուցալուծվեց փետրվարի 12–ին տեղի ունեցած ԲՀԿ համագումարի ընթացքում։ Արձանագրվեց ՀՀԿ «ճկուն» առաջնորդի լիակատար պարտությունը և նրա հերթական «նախաձեռնողականության» ձախողումը։ Իսկ ձախողվեց Սարգսյանը, քանի որ չկարողացավ Գագիկ Ծառուկյանից ստանալ գալիք նախագահական ընտրություններում իրեն սատարելու խոստումը։
Սարգսյանը չհաջողեց նաև ԲՀԿ–ին կոալիցիոն նոր հուշագիր պարտադրելու հարցում, ըստ որի՝ իշխող ուժերը պետք է համաձայնեին առաջիկա ԱԺ ընտրություններում պահպանել ներկա համամասնությունը։
Պարտված պարտիա
Եվ այսպես. ԲՀԿ համագումարի ժամանակ տրվեցին վերջին օրերի ամենաինտրիգային հարցերի պատասխանները։ Պարզ դարձավ, որ ԲՀԿ–ն կոալիցիայից դուրս չի գալիս, բայց Սերժ Սարգսյանին էլ 2013–ին սատարելու մասին չի հայտարարում։ Ասել է թե՝ նախագահականի պլանները ոչ մի կետով չիրագործվեցին և Սարգսյանին արդեն այլ բան չէր մնում, քան նվաստացած վիճակում մասնակցել Ծառուկյանի գլխավորած կուսակցության համագումարին, հոտնկայս ունկնդրել ԲՀԿ–ի հիմնը, Ծառուկյանի կողքին նստել և դիտել իր կոալիցիոն «գործընկերոջ» մասին պատմող բավական երկարատև ֆիլմը, լսել իրեն չսատարող ԲՀԿ առաջնորդի ելույթն և այնուհետև նյարդայնացած լքել մարզահամերգային համալիրի տարածքը, այն տարածքը, որտեղ Սարգսյանը «հեղափոխական» օրերին սիրում էր ժամերով զրուցել իրեն ծանոթ ու անծանոթ տասնյակ կուսակցապետերի հետ։
Այժմ եկեք մի փոքր վերհիշենք, թե ինչ տեղի ունեցավ մինչև այդ։ Սկզբում ամեն ինչ կուլիսներում էր ընթանում։ ԲՀԿ–ի դեմ գործի էր դրվել շանտաժի և վերջնագրերի մեթոդը։ Դատելով Սարգսյանի վարքագծից՝ նա Ծառուկյանին շփոթել էր իր մշտական հաճախորդների հետ։ Բայց երբ պարզ դարձավ, որ Ծառուկյանը թքած ունի սարգսյանական վերջնագրերի վրա ու քաղաքական ինքնասպանության չի գնա՝ խաղի մեջ մտցվեց ծախու մամուլը (թերթեր, կայքեր), որն ամեն օր տպագրում էր նախագահականից թելադրվող հոդվածներ ու «վերլուծականներ»։ Օգտագործվեցին նաև հաստիքային երեսփոխաններն ու արտահաստիքային սազանդարները, ովքեր մշտապես պատրաստ են արտասանել ցանկացած անհեթեթություն, որը կհրահանգվի վերևից։ Դրան հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի հրապարակային կոշտ արձագանքը, որտեղ խոսվում էր ոմանց կարճ հիշողության մասին. հայտարարության թիրախն, ակնհայտորեն, Սերժ Սարգսյանն էր։ Այդ պահից սկսած՝ ծախու մամուլն է՛լ ավելի հիստերիկ դարձավ։
Նախագահի թիմակիցները, հավանաբար, սպասում էին, որ իրենց առաջնորդը համարժեք պատասխան կտա ՀՀ 2–րդ նախագահի հիշեցումներին ու կգնա ճակատային հակադրման՝ իր ձեռքը վերցնելով պայքարի դրոշն ու «մեջլիս» մտնելով, բայց պատկերացնել կարելի է ոմանց հիասթափության աստիճանը, երբ նրանք հասկացան, որ իրենց ղեկավարը հոգով մնացել է ենթակա, իսկ իրենք էլ՝ այդ ենթակայի ենթական են։
Քոչարյանիցստացած հարվածներից հետո սեփական դեմքով պատասխան տալու փոխարեն՝ ՍերժՍարգսյանը,հավատարիմ մնալով իր սկզբունքներին, թաքնվեց կուսակիցների ու «լևոնական» որոշ լրատվամիջոցների հետևում ու սկսեց այլոց շուրթերով ակնարկներ անել հոկտեմբերի 27–ի մասով՝ «մոռանալով», որ հոկտեմբերի 27–ի ժամանակ ի՛նքն է եղել Ազգային անվտանգության նախարարը և ի՛ր անմիջական պարտականությունների մեջ էր մտնում նման ահաբեկչություն թույլ չտալը։ Այնինչ՝ Սարգսյանն այդ օրը Երևանում չէր, ինչպես որ տարօրինակ զուգադիպությամբ նրա բացակայությունը մշտապես համնկնում էր Հայաստանում կատարված աղմկոտ սպանությունների ժամանակահատվածի հետ …
Սարգսյանը հոկտեմբերի 27–ի մասին հիշելով՝ «մոռացավ», որ ոչ վաղ անցյալում իրեն սատարող թերթի էջերից ամեն օր հայհոյում էին Վազգեն Սարգսյանին ու հիմա պարզապես բարոյական չէ Վազգենի անունը շահարկելով՝ լուծել սեփական խնդիրները։
Սարգսյանը «մոռացավ» նաև այն, որ հոկտեմբերի 27–ից հետո ՀՀԿ–ն հրապարակավ պահանջում էր հենց ի՛ր հրաժարականը։ Այստեղ խնդիրն այն չէ, որ ՀՀԿ–ն մի ժամանակ դեմ էր Սարգսյանին, իսկ այժմ նույն այդ Սարգսյանը ՀՀԿ–ի ղեկավարն է. դա այլ խոսակցության թեմա է։ Այս ամենի մեջ ուշագրավը մարդկային ցինիզմն է։ Փաստորեն, հանուն իշխանության՝ ոմանք հաշվի չեն առնում, թե ինչից են խոսում և ինչ են հիշեցնում։ Ինչևէ։
«Մնաս ՕԵԿի հույսին». ժամանակակից քաղաքական անեծք
Նկատենք, որ ԲՀԿ–ին ներկայացրած Սարգսյանի առաջարկ–պահանջը ոչ միայն չէր տեղավորվում առողջ տրամաբանության մեջ, այլ նաև հակասահմանադրական բնույթի էր, քանի որ ընտրություններում այս կամ այն քաղաքական ուժի ձայների քանակը պետք է որոշվի ժողովրդից ստացած քվեով, այլ ոչ թե կոալիցիոն հուշագրով։
Ըստ էության՝ Սարգսյանն առաջարկում էր ամրագրել իրականացվելիք  ընտրակեղծիքների քվոտաների համամասնությունը։ Բնականաբար ԲՀԿ–ն չէր կարող ընդունել այդ խաղի կանոնները, իսկ այն, որ կոալիցիայի մյուս մասը կազմող ՕԵԿ–ը երկու ձեռքով կողմ է արտահայտվում Սարգսյանի «հուշագրային»մոտեցմանը՝ զարմանալի չէ.  Արթուր Բաղդասարյանը  2008–ի մարտի 1–ից հետո վերածվել է Սարգսյանի «քաղաքական հարճի», և պատրաստ է անել ցանկացած քայլ,  որը նրան կթելադրվի Բաղրամյան 26–ից։ ԱԽՔ–ն այժմ մտահոգված է ընդամենը իշխանական կերակրամանի մոտ հնարավորինս երկար մնալու խնդրով, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն Ս. Սարգսյանի նախագահության օրոք ու դրա համար էլ ՕԵԿ նախագահն առանց մտածելու նետվում է նախագահի «գիրկը»։  Ասել է թե՝  Սարգսյանն ու Բաղդասարյանը սիամական երկվորյակներ են ու  բնական դաշնակիցներ՝  չհաշված «միաբանները»։
Ակնհայտ է, որ Սարգսյանին հենց ախքատի՛պ կերպարներ են պետք, ովքեր հանրության մոտ արժեզրկված են ու դրանից ելնելով՝ այլ տարբերակ չունեն, քան ապավինել միայն «ֆուտբոլասերին»։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱրթուրԲաղդասարյանի նմանների սարգսյանական թիմում լինելու փաստն ասվածի վառ ապացույցն է։ Ու քանի որ Սարգսյանը ախքերով, դհոլներով, մանկապիղծ խորհրդականներ ունեցողներով ու «էջմիածնական միաբաններով» շրջապատված լինելու դեպքում է միայն հնարավոր համարում իր աթոռը պահելն ու ներսից վտանգ չզգալը, ուստի՝ փորձ արեց վերջնագրային քաղաքականությամբ ԱԽՔ-2 դարձնել Գագիկ Ծառուկյանին։ Փորձն այդ, ինչպես արդեն հայտնի է, փորձանքի վերածվեց Սարգսյանի համար ճիշտ այնպես, ինչպես «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում Գյուլին ինքնաթիռից նամակներ հղողը հայտնվեց խաղից դուրս վիճակում։
ԲՀԿ–ի համագումարից հետո կարելի է ասել, որ իշխող կոալիցիան այլևս բրգաձև կառուցվածք չունի, որտեղ կա գագաթ և այդ գագաթին ենթակա մասեր։ Այժմ Սերժ Սարգսյաննընդամենը կոալիցիոն կողմերից մեկն է, այնպես ինչպես,  ասենք, Արթուր Բաղդասարյանը։ Ո՛չ ավելին։
Ինչ վերաբերում է կոալիցիոն նոր հուշագրի ճակատագրին ու Սերժ Սարգսյանին սատարելուն, ապա ՀՀԿ ղեկավարը հետայսու պետք է ապավինի միայն Արթուր Բաղդասարյանին։ Հա, չմոռանամ նշել նաև Հեղինե Բիշարյանին, ով նույնպես պատրաստ է պաշտպանել «Ֆուտբոլասերին»։ Նման «հզոր» աջակցության պարագայում, ինքներդ եք հասկանում, որ Ս. Սարգսյանի քաղաքական մրցակիցները պետք է լրջորեն մտահոգվեն. չէ՞ որ չափից շատ«նախաձեռնող» է մեր «Մուբարաքը»։
Մնում է միայն հարց ուղղել ՍերժՍարգսյանին սատարելու պատրաստ մարդկանց ու նրա «տակ» աշխատող «անկախ» մամուլին. վստա՞հ եք, որ Սարգսյանը կմնա իր տեղում մինչև  2013 թվականը և արդյոք համոզվա՞ծ եք, որ նա կառաջադրի իր թեկնածությունը, որ այդքան մեծ էնտուզիազմով և ինքնամոռաց լծվել եք նրան սատարելու գործին։
. . .
Այսպիսով, Հայաստանի քաղաքական դաշում նոր իրավիճակ է ստեղծվել։ Իշխող բուրգը ոչ թե ճաքեր է տվել, այլ արդեն գործնականում չկա, և իր արտաքին տեսքը պահպանում է զուտ իներցիայի շնորհիվ, որը երկար շարունակվել չի կարող։ Այժմ քաղաքացիական հասարակության համար եզակի հնարավորություն կա աջակցել հասարակական լայն կոնսոլիդացիային ու գնալ  ազգայինդեմոկրատական փոփոխությունների։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ Եթե Սարգսյանին հաջողվեր հասնել իր ուզածին ու ամբողջությամբ զրկել ԲՀԿ–ին քաղաքական ինքնուրույնությունից, ապա նա արագորեն կսկսեր «յուրային» Ծառուկյանի կուլակաթափության գործընթացն ու կանցներ մյուս «յուրայիններին»՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով (վերարտադրվելու հնարավորություն, «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման հրաշալի պայմաններ և այլն), բայց չստացվեց։ Արդյունքում՝ Սարգսյանը հիմա բավական ծանր վիճակում է հայտնվել, որովհետև ի սկզբանե զրկված լինելով հանրային լայն աջակցությունից ու, հետևաբար, չունենալով քաղաքական լեգիտիմության անհրաժեշտ պաշար՝ այժմ նա ԲՀԿ համագումարից հետո լեգիտիմության լուրջ դեֆիցիտ ունի նաև իշխանական բուրգի ներսում, ինչը մեր տնաբույծ «Մուբարաքի» պաշտոնավարման վերջի սկիզբը կարող է դառնալ։
Ի դեպ, Եգիպտոսի նախագահի հետ տեղի ունեցածը համանման մի բան էր. նա վարկաբեկված էր ժողովրդի մոտ շատ վաղուց, բայց երբ նրան չընդունեցին նաև պետական ապարատում ու երբ իշխանական ուղղահայցը փլուզվեց՝ բռնակալը ստիպված էր Կահիրեից ինքնաթիռով փախչելով փրկել իր կյանքն ու ընտանիքի անդամներին։ Բայց դեռ հարց է, թե կկարողանա՞ արդյոք Մուբարաքը փախչելով խուսափել պատասխանատվության ենթարկվելուց ու դատարանի առաջ չկանգնել ավելի քան 300 զոհերի համար։

Այս խորագրի վերջին նյութերը