Քաղաքական

13.10.2019 11:56


48 մլն 900 հազար դրամ՝ հեղափոխական ռազմավարությունների պրոպագանդային․ Փաշինյանի ֆլեշմոբի հետքերով

48 մլն 900 հազար դրամ՝ հեղափոխական ռազմավարությունների պրոպագանդային․ Փաշինյանի ֆլեշմոբի հետքերով

Արդեն մի քանի օր է՝ հայկական ֆեյսբուքում մեկը մյուսի հետևից հայտնվում են լուսանկարներ, որոնցում օգտատերերի ձեռքով գրված որևէ տեքստ է։ Ի՞նչ է դա և որտեղից սկիզբ առավ։ Բանն այն է, որ հոկտեմբերի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ահա այս ցուցանակի լուսանկարը՝ մակագրելով հետևյալ կերպ. «Երևանում և ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի տարբեր քաղաքացիների ձեռքով գրված»։ Երեկ երեկոյան էլ վարչապետը հրապարակել էր ցուցանակին գրված տեքստի ձեռագիր տարբերակը՝ կոչ անելով միանալ ֆլեշմոբին։ Դրա իմաստն այն էր, որ մարդիկ թղթին գրեն` «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է», լուսանկարեն ու տեղադրեն իրենց ֆեյսբուքյան էջում։

Երեկ արդեն՝ Կառավարության նիստում ընդունվեց որոշում՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման համար վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ: Ավելի վաղ՝ Factor.am-ը դիմել էր քաղաքապետերան, որտեղից հայտնել էին, որ պաստառներն իրենց են ներկայացվել «Իմիջ Մ.Գ.», «Մեդիա Գրուպ» և «Նուշիկյան Ասոցիացիա» գովազդային գործակալությունների կողմից: «Նուշիկյան Ասոցիացիա»-ից տեղեկացրին, որ գովազդային պաստառներն իրենց պատվիրել է «Անտարես հոլդինգ»-ը։

«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Factor.am-ի ի հետ զրույցում հայտնեց․ «Ստացել ենք հանձնարարություն Կառավարությունից, որ Հայաստանում գտնենք մինիմալ քանակով արտաքին գովազդի վահանակներ, բանակցենք վահանակների տերերի հետ՝ դրանք տարբեր ընկերություններ են, որպեսզի կարողանանք Հայաստանը ծածկել այդ գովազդով, որ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչվի դրա հետ։ Գաղափարն այն է, որ տարբեր ձեռագրերով գրված է նույն ուղերձը, այսինքն՝ ամեն հայաստանցի իր անունից է ասում»։

Արմեն Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ աշխատանքները դեռ հուլիսից են մեկնարկել։ Վահանակները տեղադրվել են սեպտեմբերի վերջին։ Գովազդային վահանակների թիվն այս պահին 70-ի է հասնում։ Դրանք տեղադրված են նաև Հայաստանի մարզերում և Արցախում։ Առաջիկայում վահանակները կավելանան, գովազդի բովանդակությունն էլ ավելի բազմազան կդառնա։ Ի դեպ, հետաքրքիր է նաև այն, որ գովազդային ցուցանակին գրված տեքստը բավականին նման է Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս հրապարակած Հայաստանի մասին բանաստեղծության տողերին․ «Հայաստանը ինքնություն է, վառ օջախ է հայրական, Հայաստանը ժողովուրդ է՝ ընտանիք է աղմկոտ»։

Մանրամասները՝ Factor.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը