Քաղաքական

11.10.2019 13:40


Իրականում Ադրբեջանը ձևացնում է, թե բանակցում է, բայց բանակցությունների քողի տակ իրականացնում է քարոզչական պատերազմ. Շ. Քոչարյան

Իրականում Ադրբեջանը ձևացնում է, թե բանակցում է, բայց բանակցությունների քողի տակ իրականացնում է քարոզչական պատերազմ. Շ. Քոչարյան

Ստեփանակերտում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հարցադրումներ արեց.

«Ինչու տարիներ շարունակ ընթացող բանակցային գործընթացում այդպիսի բարձր միջնորդությամբ առաջընթաց չի երևում, միջնորդները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ-պետություններն են, որևէ այլ հակամարտությունում այդպիսի բարձր մակարդակի միջնորդություն չկա»:

Նա հարցադրում է անում նաև, թե ինչու Արցախի ժողովրդի անթերի իրացրած ինքնորոշման իրավունքը վերածվեց արյունալի հակամարտության: «Իրականում մենք բանակցային գործընթացից ունենք մեկ արդյունք, որը ժողովուրդները զգացին իրենց մաշկի վրա. դա 94 թվականի ռազմական գործողությունների և կրակի դադարեցման մասին համաձայնագիրն էր»,-ասաց նա և հիշեցրեց, որ 94 թվականի մայիսին ուղղակի բանակցություններով Արցախի և Ադրբեջանի միջև նախապատրաստվեց այդ համաձայնագիրը, որին միացավ նաև Հայաստանը:

«Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ առնվազն Ադրբեջանն ընդունել է Արցախը որպես հակամարտության կողմ, նրա հետ բանակցել է, և դրա շնորհիվ է՝ մենք ունեցանք այն արդյունքը, որը ժողովուրդները իրենց մաշկի վրա զգացել են: Իսկ քանի դեռ Ադրբեջանը խուսափում է ուղղակի բանակցություններից Արցախի հետ, ավելին՝ ձևացնում է, որ այդպիսի սուբյեկտ չկա, ուրեմն ինքը բանակցություններում որևէ առաջընթաց չի ցանկանում»,-ասաց նա:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ խնդիրն այն է, որ առանց Արցախի հնարավոր չէ որևէ առաջընթաց բանակցություններում: «Որևէ մեկը լիազորված չէ Արցախի փոխարեն խոսել այն հարցերի մասին, որոնք բացառապես գտնվում են Արցախի տիրույթում, դա կարգավիճակն է, Արցախի տարածքային ամբողջականության խնդիրն է»,-ասաց նա և նկատեց, որ նույնիսկ Արցախի իշխանություններն են կաշկանդված ժողովրդի հանրաքվեով:

«Իրականում Ադրբեջանը ձևացնում է, թե բանակցում է և բանակցությունների քողի տակ տանում է ընդամենը քարոզչություն, իրականացնում է քարոզչական պատերազմ, որի նպատակն այն է, որ միջազգային հանրությանը հրամցնի, որ ոչ թե ինքնորոշման իրավունք է, այլ տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնինչ փաստերը հակառակն են ասում»,-նշեց նա:

Այսպիսով՝ ըստ ՀՀ ԱԳ փոխնախարարի` ինքնորոշման իրավունքը վերածվեց այդպիսի արյունալի հակամարտության, որովհետև Ադրբեջանը չի ցանկանում առաջընթաց, չի ցանկանում բանակցել և փորձում է ուժով հարցերը լուծել:

«Մի կողմից հայկական կողմն ասում է ինքնորոշում, մյուս կողմից Ադրբեջանն ասում է տարածքային ամբողջականություն, արձանագրենք, որ միջազգային իրավունքը թույլ չի տալիս հակադրել տարածքային ամբողջականությունը ինքնորոշման իրավունքի դեմ»,-ասաց նա:

***

Արցախի ժողովուրդը անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը: Այս մասին Ստեփանակերտում «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նա նշեց, որ ինքնորոշման իրավունքը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ: «Իրավունք, որին չի կարելի հակադրել որևէ միջազգային իրավունքի սկզբունք, ներառյալ և առաջին հերթին՝ տարածքային ամբողջականությունը, իրավունք, որը գերակայում է ցանկացած այլ միջազգային փաստաթղթի հանդեպ` լինի երկկողմ, թե բազմակողմ, եթե հակասություն կա ՄԱԿ-ի կանոնադրության ամրագրված ինքնորոշման իրավունքի հետ»,-ասաց նա:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ մեր բոլորի պարտքն է սատարել և առաջնորդվել Արցախի ժողովրդի կողմից հստակ արտահայտված ինքնորոշման իրավունքով: «Արցախի համագործակցությունն իր բարեկամների հետ համագործակցություն է քաղաքակրթական ուժերի հետ, և այսօր խնդիր կա բոլոր քաղաքակրթական ուժերի համատեղ ջանքերով միասնական լինել, որ գլուխ չկարողանա բարձրացնել հակաքաղաքակրթությունը»,-ասաց նա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը