Մեկնաբանություն

30.09.2019 12:15


24/7–ի 00–ային հետևանքները

24/7–ի 00–ային հետևանքները

Էժանագին սերիալը շարունակվում է։ Աննա Հակոբյանը քնած ամուսնու նկարն էր ՖԲ տիրույթում տարածել՝ կից գրությամբ. «Չգիտեմ՝ ինչպես համոզեմ, որ օրվա մեջ կարելի է նաև մեկ ժամ հանգստանալ: 24/7 աշխատելու հետևանքը))» (փաստորեն, մինչ Նիկոլը հոգնած–քնած էր, վնգստացող դատավորները նրա սրտի որոշումն էին դակում՝ երկու երիտասարդի կալանավորելու մասով)։

Սա այն դեպքն է, երբ ուզեցել են լավ սերիալ ապահովել, բայց վատ «մեսիջ» են փոխանցել։

Ահա այդ «մեսիջներից» մի քանիսը՝

–վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը հոգնած է,

–վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը չի կարողանում այնպես կազմակերպել իր աշխատանքը, որ կարողանա քնել, ուժերը հավաքել ու թարմ ուղեղով որոշումներ կայացնել,

–վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը չի կատարում ամուսնական պարտականությունները (պատճառները էական չեն տվյալ դեպքում)։

Նիկոլն այնքան է ստել ու այնքան է սիրում էժանագին տեսարաններ մատուցել իրեն հավատացողներին, որ չի բացառվում՝ նկարը բեմադրված է եղել։ Այսինքն՝ ինքը ոչ թե անկապ ու անհարմար դիրքով քնած է եղել, այլ «քուն» է բեմադրել։ Նպատակը՝ «վարչապետը քուն և դադար չունի ու աշխատում է ազգի համար օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր» սրտաճմլիկ պատկեր ստանալը։

Չի բացառվում, որ նկարը ճիշտ տեղեկություն է փոխանցել, և Նիկոլը հազիվ է կարողանում աչք փակել, և կինը որսացել է այդ եզակի պահերից մեկն ու փոխանցել բազմաչարչար օգտատերերին, բայց դա ոչինչ չի նշանակում։ Մարդը կարող է առավոտից երեկո աշխատել, բայց զրոյական կամ ավելի ճիշտ՝ բացասական արդյունքով։ Նիկոլինն այդ դեպքն է։

Նշենք Նիկոլ Փաշինյանի 24/7–ի մի քանի հետևանքներ՝

1. երկրում ատելության մակարդակը ձգտում է առավելագույնի. հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելու հետևանքը թունավորել է ինչպես հասարական ու քաղաքական, այնպես էլ տնտեսական ու միջանձնային հարաբերությունների դաշտը,

2. հակաղարաբաղյան քաղաքականությունը հանգեցրել է պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև լարվածության բարձր մակարդակի, ինչի հետևանքները զգացվում են բոլոր առումներով,

3. «տնտեսական հեղափոխություն» կոչվածն իրականացվում է «մինուս» նշանով. չկան խոստացված ներդրումները, չկա խոստացված ներգաղթը, չկա խոստացված թռիչքային աճը,

4. հայ–ռուսական հարաբերությունները գրեթե սառեցված են,

5. Հայաստանը հայտնվել է թուրք–ադրբեջանական դուետի շահերը ներկայացնող 5–րդ շարասյան՝ թրքաբոլշևիկների ազատ գործունեության զոհի կարգավիճակում,

6. դատական իշխանության սեփականաշնորհման ձգտմամբ փորձ է արվում վնգստացող դատավորների ոհմակ ստեղծել,

7. ունենք առնվազն 3 քաղբանտարկյալ, ինքնասպանության հասված նախկին ոստիկանապետ և ավելի լկտի կոռուպցիա,

8. հայկական բանակի ու արցախյան պատերազմի հաղթանակի դեմ լայնամասշտաբ արշավ է սկսվել,

9. ստացել ենք ՀՀՇ–ական թերմացք ու Լևոն Տեր–Պետրոսյանի քիրվայական գաղափարախոսությանը կցված իշխանություն,

10. դավաճանված են հեղափոխության օրերին հնչեցված բոլոր կարգախոսները,

11. իշխանությունն անում է այն, ինչը խոստացել էր չանել և չի անում այն, ինչը խոստացել էր անել։

Սրանք 24/7 ռեժիմով աշխատող Նիկոլի գործունեության 00–ային հետևանքների մի չնչին մասն էին։

Ի դեպ, եթե Նիկոլը, իրոք, չի հասցնում քնել, ապա դա վատ է։ Դա հանգեցնում է դեպրեսիաների ու գրգռվածության, ինչի հետևանքները հետո բոլորն են տեսնում։

Ճիշտն այն կլինի, որ նա կարողանա քնել։ Ընդ որում՝ որքան երկար, այնքան լավ և՛ մեր երկրի, և՛ իր համար։ Քնաբուժությունը տվյալ դեպքում օգտակար է բոլոր առումներով, քանզի այդ ընթացքում անգրագետ ու հախուռն որոշումների կայացման հավանականությունը փոքրանում է։ Լավ Նիկոլը, քնած Նիկոլն է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը