Քաղաքական

26.09.2019 15:47


Աղբահանության պետական հիմնարկ տեղափոխված «Սանիթեքի» աշխատակիցներին սպառնացել են (տեսանյութ)

Աղբահանության պետական հիմնարկ տեղափոխված «Սանիթեքի» աշխատակիցներին սպառնացել են (տեսանյութ)

Շարունակվում է «Սանիթեք» ընկերության աշխատակիցների նստացույցը Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են իրենց օգոստոս ամսվա աշխատավարձերը։

«Եթե խնդրին լուծում չտրվի, հաջորդ օրերին էլ ենք շարունակելու ակցիաները: Մեր պայքարը լինելու է մինչև վերջ, գումարը պետք է փոխանցեն»,-ասաց «Սանիթեք» ընկերության աշխատակիցներին միացած, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը:

Նա նշեց, որ նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիայից և նստացույցից հետո «Սանիթեքի» նախկին աշխատակիցների հասցեին սպառնալիքներ են հնչում քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող աղբահանության հիմնարկից:

«Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող աղբահանության և սանմաքրման հիմնարկում այսօր առավոտյան, կոնկրետ Կենտրոնի, Արաբկիրի վերահսկողները, «Սանիթեք» ընկերության աշխատակիցներին, որոնք «Սանիթեքից» դուրս են եկել և աշխատում են աղբահանության պետական հիմնարկում, ասել են՝ եթե հանկարծ փորձեք մասնակցել քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող ակցիաներին, ավելի լավ է, եկեք, դիմումը գրեք և արագ հեռացեք»,-հայտնեց Սոնա Աղեկյանը:

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամի խոսքով՝ բոլոր աշխատակիցներն ունեն տան վարձավճարներ, կոմունալ վճարները վճարելու, վարկերը մարելու խնդիր:

««Սանիթեքը» և քաղաքապետարանն իրենց խնդիրները թող լուծեն այնպես, որ աշխատակիցները չտուժեն: Ես տեսել եմ, թե նրանք ամռան դաժան շոգին ինչպես են գարշահոտ աղբը մաքրել, աղբի ջրերը հոսում էին, նեխահոտից հնարավոր չէր մոտենալ, բայց այս մարդիկ մաքրել են ու հիմա դրա դիմաց աշխատավարձ չտրամադրելը... մեկնաբանություններն այստեղ ավելորդ են»,-ասաց նա:

Բողոքի ակցիա իրականացնողներն այսօր չեն պահանջում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպում. «Երեկ պարոն պարտադրված քաղաքապետը հստակ ապացուցեց, որ ոչ միայն անգործունյա է, այլև հարգանքի նշան չունի այն անձանց հանդեպ, որոնք իրեն էին ընտրել: Արձանագրում ենք, որ վախկոտ էր, համարձակություն չունեցավ գալու և հանդիպելու, բայց այլևս պետք չի, որ ոչ մի պաշտոնյա իջնի: Միայն թող ասեն, որ գումարը «Սանիթեքի» հաշվեհամարին նստած է, գնացեք և ստացեք»,-նշեց Սոնա Աղեկյանը:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը