Մեկնաբանություն

01.09.2019 13:03


Դու մենակ ես, մենակ ես, մենակ ես... (տեսանյութ)    

Դու մենակ ես, մենակ ես, մենակ ես... (տեսանյութ)    

Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում անոնս է արել հեղափոխությանը նվիրված «Մենակ չեմ» ֆիլմը, որի ռեժիսորն է Կարին Հովհաննիսյանը (Րաֆֆի Հովհաննիսյանի որդին)։ Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը:

Ֆիլմը սեպտեմբերի 7–ին ներկայացվելու է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։

Փաշինյանը կարծում է, որ ֆիլմը կունենա միջազգային հաջողություն՝ մեծացնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի ճանաչելիությունն ամբողջ աշխարհում:

Ֆիլմի հաջողության մասին դժվար է կանխատեսում անել, բայց հիմա արդեն կարելի է ասել, որ այն շատ խորհրդանշական է ստացվել և ուշացած։

Նախ ուշացման պահով։ Հեղափոխության մասին այնքան է գրվել ու խոսվել, որ նոր ասելիք հազիվ թե լինի։ Բացի այդ՝ կարկառուն հեղափոխականները վերջին մեկ տարվա ընթացքում այնպես են «խուրդվել» ու այնպես է կորել հեղափոխական պաթոսը նաև անգրագետ պողոսների մոտ, որ գլխավոր Պողոսն արդեն հեղափոխական օրերի լեգիտիմությունը չունի։

Հիմա ֆիլմը հակառակ էֆեկտն է ապահովելու։ Դիտողները փորձելու են հասկանալ, թե որտեղ, ինչպես և ինչքան էր իրենց խաբում Նիկոլ Փաշինյանը։ Ֆիլմն ակամայից բացահայտելու է ստախոսության և հիմարացման տեխնոլոգիաները։

Ֆիլմի ուշացածության մասին է խոսում նաև վերնագիրը՝ «Մենակ չեմ»։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այժմ մենակ է մնացել, եթե, իհարկե, տնեցիներին ու կողքի մանկլավիկներին չհաշվենք։

Պողոսները հասկացել են, որ քցվել են, և երբեմնի կուռքի «jujul»–ը հիմա ուտում են՝ պետբյուջեից ստացած միջոցների հաշվին ՖԲ–ում ֆեյքություն անելով։

Լուրջ մարդիկ շատ լավ գիտեին, թե ով է իրականում երբեմնի կարկառուն հաճախորդ Փաշինյանը, բայց այդուհանդերձ փոքրիկ հույս ունեին, որ նա կարող է ճիշտ հունի մեջ դնել հանրային էներգետիկան, սակայն հեղափոխությունից մեկ շաբաթ անց արդեն արձանագրեցին, որ «ժողովրդի» վարչապետն անլուրջ մարդ է ու չի կարող դուրս գալ էժանագին պոպուլիստի կարգավիճակից։

Փաշինյանին «դուրս են գրել» նաև հեղափոխության շարժիչ ուժերից հանդիսացող թրքաբոլշևիկները։ Սրանց դրսի մոդերատորները, Նիկոլից չստանալով իրենց ուզածը, անցել են բաց գրոհի։

Ամուլսարի հանքի հետ կապված պատմությունը ցույց տվեց, որ Նիկոլը մենակ է, մենակ է, մենակ է։

Նա ուզում է հանքը բացել, բայց ինքն իրեն կրակն է գցել ու հնարավորություն տվել թրքաբոլշևիկներին հարցը շահարկելով իրեն «փչացնել»։ Նիկոլը չի կարող ասել, որ իր դեմ հանքի պահով վայնասուն բարձրացնողների մի մասը դրսի լրտեսներ են ու ծառայում են թուրք–ադրբեջանական դուետին, քանզի եթե նման բան հայտարարի, ուրեմն պետք է ընդունի նաև, որ «թավշյա» հեղափոխության մեջ նույն այդ դուետը փայ է մտել։

Նիկոլը մնացել է մենակ։ Նույնիսկ «Իմ քայլը» խմբակցությունում նրան միաշնական չեն աջակցում, քանզի այդ խմբակցության դրսի փայատերերը այլ ծրագրեր ունեն։

Նիկոլը մենակ է մնացել նաև միջազգային ասպարեզում։ ԱՄՆ–ը նրանից միայն բոլթոնյան պլանի իրականացման ակնկալիք ունի ու հենց տեսնում է, որ Նիկոլը վախենում է այդ ուղղությամբ մինչև վերջ գնալուց, երես է թեքում նրանից ու ոչ մի կոպեկ չի տալու։

ԵՄ–ն բաց տեքստով է հայտարարում, որ «թավշյա» հեղափոխությունն իրենց համար զրոյական արժեք ունի և եթե չկան բարեփոխումների կոնկրետ ծրագրեր, ապա չի լինի նաև ֆինանսական աջակցություն։

Դե իսկ Ռուսաստանը վաղուց է «պասլատ» ու «սպիսատ» արել Փաշինյանին՝ պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ, դասակարգային հակադրությամբ, Նիկոլի երկակի խաղերով։

Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ ֆիլմը Տորոնտոյում է ցուցադրվելու։ Նույն այդ Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված են Ամուլսարի հանքի շահագործման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերը, որոնց գները Նիկոլի վարչապետ դառնալուց հետո ավելի քան 5 անգամ անկում են ունեցել։ Դա պայմանավորված էր հեղափոխական տեխնոլոգիաների կիրառմամբ հանքի ճանապարհը փակելով։

Նիկոլը, փաստորեն, հույս ունի Տորոնտոյում արձանագրված ՀՀ տնտեսության վիճակը բնութագրող անկումը փոխհատուցել ֆիլմի հաջողությամբ։ Այսինքն՝ հացի փոխարեն նա տեսարանի հաջողության ակնկալիք ունի։

«Խոխման» այն է, որ այդ ֆիլմի երաժշտություն գրող Թանկյան Սերժը դեմ է Ամուլսարի շահագործմանը, իսկ Նիկոլը՝ կողմ, բայց քանի որ վերջինս չի կարողանում որոշում կայացնել, քանի որ վախենում է որևէ որոշում կայացնելուց, ուստի ստիպված է ՖԲ–ում էժանագին թամաշաներ սարքել ու ժամանակ ձգել։

Եվ այսպես, ֆիլմը ուշացած է և անիմաստ, որովհետև Նիկոլը մենակ է, մենակ է, մենակ է...

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Նիկոլին մենակ է թողել Սերժ Թանկյանը նաև մեկ այլ հարցում։

Թանկյանը խոստացել էր բնակարան գնել ու ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում, բայց դա էլ հեղափոխականների սուտ խոստումներից մեկը դարձավ։ Թանկյանը ոչ մի կերպ բնակարան չի գնում Հայաստանում։ Նա տիպիկ հեղափոխական է՝ ստախոս, դիլետանտ և մուտիլովչիկ։

Այս խորագրի վերջին նյութերը