Մեկնաբանություն

14.08.2019 14:46


Ժանրի ճգնաժամ

Ժանրի ճգնաժամ

Նիկոլ Փաշինյանի մոտ ժանրի ճգնաժամ է։ Այդ մասին ինքն էլ է գլխի ընկնում։ Այդ իսկ պատճառով էլ ամեն օր մի նոր թամաշա է «մեյդան» գցում, որպեսզի զբաղեցնի հպարտ քաղաքացիներին ու քաղաքական օրակարգը լցնի էժանագին ներկայացումներով՝ «Քանի ոչխարի էլ արածացնենք, էլի քյար է» տարբերակով։

Երեկ, օրինակ, նա հայտարարեց, թե բա նոր ժանր եմ մտածել և ուղիղ եթերում պաշտոնական հանդիպումներ, քննարկումներ եմ ցուցադրելու։

Պարզվեց, որ Ադրբեջանի հետ կիսատաք կամ կիսասառը պատերազմի մեջ գտնվող, Թուրքիայի պես թշնամի հարևան երկիր ունեցող, արտագաղթից քամվող, կապիտալի արտահոսք ունեցող, քաղաքական խոր ճգնաժամի մեջ թաղված և եռացող տարածաշրջանում գտնվող պետության ղեկավարն այնքան պարապ է, որ կարող է 1 ժամ 20 րոպե գյալաջի անել պրոֆեսիոնալ խեղկատակ քաղաքապետի հետ՝ աղբահանության թեմայով։

Կարգին սերիալը հիմա դարձել է անկարգ քաղաքականություն։ Հեռուստատեսային սիթքոմը տեղափոխվել է կառավարական կաբինետներ։ Կրկեսի շենքի շինարարությունը դեռ չի ավարտվել, ինչի արդյունքում ծաղրածուները այլ տեղերում են դրսևորվում և հայրենիքը վերածվում է կրկեսի, կամ էլ՝ սերիալի։

Կարգին Հայկոյի ու անկարգ Նիկոլի համատեղ լայվ–շոուի նպատակն էր ցույց տալ, որ

1. մայրաքաղաքի կեղտոտ վիճակի համար մեղավոր են բոլորը, բացի իրենցից,

2. իրենք ոչ մի բանի համար պատասխանատու չեն ու խնդիրները նախկինից են գալիս՝ «վատ ժառանգություն եմ ստացել» արդեն իսկ արժեզրկված «կռուտիտի» շրջանակներում։

Ամենասարսափելին այն էր, որ 80–րոպեանոց զրույցից հետո վարչապետն ու քաղաքապետը աղբահանության լուծում չառաջարկեցին։ Այսինքն՝ խոսեցին խոսելու և ցածրակարգ շոու ապահովելու համար։ Նրանք բավարարվեցին սերիալի ցուցադրմամբ՝ հավանաբար համոզված լինելով, որ իրենց համակրող լսարանը բավարարվում է ոչ թե կոնկրետ գործով, այլ թամաշաներով ու հնդկական էժանագին ոճի սերիալներ հիշեցնող տեսարաններով։

Տեղին է հիշեցնելը, թե ինչ էին սրանք խոստանում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզչական փուլում։ Մարությանը նկարվում էր զիբիլի ֆոնին ու ասում, թե մաքրելու են։ Մաքրել են, բայց մայրաքաղաքի բյուջեն՝ հսկայական պարգևավճարների տեսքով։ Քննադատության թիրախը, սակայն, քաղաքապետը չպետք է լինի։

Երևանի քաղաքապետը փաստացի Նիկոլ Փաշինյանն է։ Նա Հայկոյին որպես «մեխի գլուխ» է նշանակել քաղաքապետ, որպեսզի ինքն անձամբ կառավարի։ Եթե նա էյֆորիայի փուլում որոշեր, որ պետք է քաղաքապետ դառնա մեկ այլ ծաղրածու, ապա այդ ծաղրածուն կդառնար քաղաքապետ։

Ի դեպ, Փաշինյանը նույն կերպ վարվել է նաև ԱԺ–ում։ Այնտեղ էլ են հայկոներ։ 88 հատ։

Այնպես որ Նիկոլը հիմա թող «կռուտիտներ» չանի ու իրեն ռետինե խողովակի տեղ չդնի։ Հայաստանի վարչապետն էլ է ինքը, Երևանի քաղաքապետն էլ է ինքը, պատգամավորն էլ է ինքը, գլխավոր դատախազն էլ է ինքը, ՍԴ ղեկավարն էլ է ուզում լինել ինքը։

Մի խոսքով, Նիկոլը ամեն ինչ է աշխատում։ Ու պարզվում է, որ «բիչոկ» հավաքելու ցուցադրական քարոզ անող մարդը չի կարողանում մայրաքաղաքի աղբահանությունը կազմակերպել։

Հարց է առաջանում. եթե Նիկոլ Փաշինյանը չի կարողանում զիբիլը հավաքել, ապա ինչպե՞ս է կարողանալու պետություն կառավարել, առավել ևս՝ բանակի գերագույն գլխավոր հրամանատարի դերը կատարել։ Հարցը հռետորական է։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը