Մեկնաբանություն

12.08.2019 11:43


Կոնսենսուս մինուս Նիկոլ

Կոնսենսուս մինուս Նիկոլ

Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում ունեցած ելույթի ժամանակ համահայկական 6 կոնսենսուս առաջարկեց՝ փորձելով հակադրել դրանք Ռոբերտ Քոչարյանի առաջարկած «Կոնսենսուս –1» բանաձևին։ Բայց իր առաջարկած կոնսենսուսային բոլոր 6 կետերը «ժողովրդի» վարչապետը կա՛մ խախտել է, կա՛մ պատրաստվում է խախտել։

Միայն BBC–ի միջոցով հակաղարաբաղյան ու հակաղարաբաղցիական քարոզի իրականացումը բավարար է, որպեսզի այդ 6 կոնսենսուսների թեման փակվի, և Փաշինյանը համարվի սեփական առաջարկների խախտողը։

Փաշինյանի առաջարկած կոնսենսուսների ու իրականացրած քայլերի իմաստը հետևյալն է. «Եկեք կոնսենսուսի գանք, որ ես հավերժ իշխելու եմ՝ անկախ ցուցաբերածս արդյունքներից»։ «Նիկոլ–2050» նախագիծն, ըստ էության, այդ մասին էր։

31 տարվա կտրվածքով թվեր «կրակելը», ներքին կյանքում թշնամության ու ատելության մթնոլորտի տարածումը, դատական իշխանությունը սեփականաշնորհելու և ՍԴ դատավորներին «օրինական» կաշառքի միջոցով գնելու ձգտումները ցույց են տալիս, որ բառեր արտասանելուց և հակապետական քայլերի գնալուց բացի Փաշինյանն այլ բանի ունակ չէ։

Նիկոլի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, իրոք, հանգեցնում է կոնսենսուսի։ Ավելի ճիշտ, կոնսենսուս մինուս մեկի։ Եվ այդ մեկը Նիկոլ Փաշինյանն է։

«Կոնսենսուս -1»–ը նշանակում է, որ քաղաքական ու հասարակական դաշտում պետք է տեղի ունենա կոնսոլիդացիա։ Այդ կոնսոլիդացիայում իրենց մասնակցությունն անպայման պետք է ունենան նաև իշխանության առողջ հատվածի ներկայացուցիչները։

Կոնսոլիդացիան կկամրջի մեր նորանկախ պետության անցյալն ու ներկան։ «Կոնսենսուս մինուս Նիկոլ» բանաձևի կյանքի կոչումը թույլ կտա վերացնել թույնի մթնոլորտը և բոլոր կարող ուժերին ներգրավել երկրի զարգացմանը նպաստելու դաշտ։

Նախկին լրագրող Սերգո Երիցյանի՝ 90–ականներին ցուցադրվող հաղորդումների կրկնօրինակմամբ զբաղվող Փաշինյանն այդպես էլ չկարողացավ դուրս գալ պոպուլիստի ու թամաշաիստի վիճակներից։ Ու չէր էլ կարող, քանզի այլ բան չի կարող։ Նիկոլի «տունը» փողոցն է, որը նա արդեն կորցրել է, իսկ կաբինետն այդպես էլ չի գտել։

Սելֆիի ձողիկով պետություն չես ղեկավարի։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը