Մեկնաբանություն

27.07.2019 01:07


Երբ նախագահը նախագահ չէ, խորհրդարանական «ընդդիմությունն» էլ եղած-չեղած` մի հաշիվ է

Երբ նախագահը նախագահ չէ, խորհրդարանական «ընդդիմությունն» էլ եղած-չեղած` մի հաշիվ է

Նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանի բացակայությունը Հայաստանի` նիկոլապետական «Նոր Հայաստանի» հանրային, պետական, քաղաքական, տնտեսական կյանքից, արդեն սովորական` ինքնըստինքյան հասկանալի մի բան է դարձել, որ որեւէ մեկին այլեւս ոչ զարմացնում է, ոչ էլ զայրացնում։

Մարդը ոտով-գլխով մտել է մեր «անասնաֆերմայում» իրեն հատկացված դերի մեջ։ Այն է` կտրուկ շարժումներ չանել, գլուխը չխոթել «ժողովրդի վարչապետի» գործերի մեջ, հանգիստ նստել տեղը` ջայլամի պես գլուխը մտցնել ավազի մեջ ու ձեւացնել, թե ոչինչ չի կատարվում, չլսելու եւ չտեսնելու տալ այն ամենը, ինչը կարող է խաթարել յուր «նախագահական» անդորրը։ Մի խոսքով` չցցվել, չխանգարել պետության ազատ անկման «գործընթացին»։ ՛

Անգամ «տարօրինակ» կլիներ, եթե հանկարծ խախտեր լռության ուխտը եւ հայտներ իր հեղինակավոր կարծիքը Սահմանադրական դատարանի շուրջ «սահմանադրական ճգնաժամ» ստեղծելու, դատական «բարեփոխումների» անվան տակ ՍԴ նախագահին ու անդամներին, «անբարեհույս» դատավորներին պետականորեն շանտաժի ենթարկելու անթաքույց փորձերի, սպառնալիքների, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու թաքուն եւ բացահայտ վտանգների մասին։

Նույն կամ գրեթե նույն վիճակում է խորհրդարանական ընդդիմությունը։ Ընդ որում, եթե ԲՀԿ-ն գոնե առանձին պատգամավորների մակարդակով երբեմն-երբեմն ընդվզում է դատական համակարգը կազմաքանդելու եւ «էժանով» սեփականաշնորհելու, բռնության դեմ պայքարի պատրվակով «երրորդ սեռ» ասածը լեգիտիմացնելու եւ միասեռական ամուսնություններն օրինականացնելու «թավշյա քաղաքականության» դեմ, ապա «Լուսավոր Հայաստանի» դեպքում դա չենք տեսնում։

Սրանք ամբողջությամբ նախագահ Արմեն Սարգսյանի «գծի» մեջ են. ժամանակ առ ժամանակ քաղաքապետարանում լեզվակռիվներ են սարքում «կարգին» մեծամասնության ներկայացուցիչների հետ, բայց մեծ հաշվով, եղած-չեղած` մի հաշիվ են, հատկապե Ազգային ժողովում. մանր-մունր հարցերում ընդդիմադիր խաղեր են տալիս, ոչինչ չասող լղոզված, անշառ հայտարարություններ անում, բայց սկզբունքային որեւէ հարցում սպանես էլ, չեն հակադրվի քայլարած մեծամասնությանը։

Համացանցը այս օրերին հեղեղված է դատական համակարգի «թավշյա սեփականաշնորհման», Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ կոչերով, մարդիկ սոցիալական ցանցերում, փողոցում, Ազգային ժողովի մոտ ստորագրահավաք են անցկացնում, բողոքում են` պահանջելով ուղեփակոց դնել «ոչ մի տեղ» տանող այդ ճանապարհին, «Լուսավորից» ձեն-ձուն չկա. լուրջ գործի վրա են` պատրաստվում են Վարդավառի տոնին նվիրված խալի լվանալու «փառատոնին» (մեր հալ, ձեր հավես` այստեղ են ասել)։ Անհարմար չզգային` կձայնակցեին այդ «պատմական» փաստաթղթի վավերացումը գովազդող իշխանական քարոզիչներին։

Այստեղ, ըստ էության, որեւէ նոր բան չկա։ Ուղղակի այն, ինչի մասին ահազանգում էին անկախ վերլուծաբանները, քաղաքագետները եւ փորձագետները`որ ժողովրդին ժողովրդի անունից պարտադրված արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանում ընդդիմություն չկա, որպես այդպիսին`վերացել է, եւ մերօրյա «նեոբոլշեւիկներին» մերժող զանգվածը, որի ջախջախիչ մեծամասնությունը բոյկոտեց` չմասնակցեց ընտրություններին, մնացել է անտեր, այլեւս կայացած փաստ է։

Խորհրդարանից դուրս կան, իհարկե, կուսակցություններ, անհատներ, որոնք փորձում են ինչ-որ կերպ ընդդիմանալ Հայաստանը նիկոլական միահեծան կառավարման պատանդ դարձնելու նկրտումներին, բայց կազմակերպված ուժ, որը ի վիճակի է լրացնել այդ բացը, դեռեւս չի ուրվագծվում։

Քաղաքական յոթ կուսակցությունների հայտարարությունը լավ սկիզբ է պետության վաղվա օրով մտահոգ արտախորհրդարանական ուժերի համախմբման համար։ Բայց ընդամենը` սկիզբ, որը, եթե զարգացում չունենա, կունենանք այն, ինչ պետք է թավշյա կառավարիչներին ու սրանց տիկնիկավարներին. ամուլ քաղաքական համակարգ, բզկտված, դիմադրողականությունը վերջնականապես կորցրած, դեգրադացված հասարակություն, որը ապագա չունի եւ չի կարող կենսունակ լինել։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը