Մեկնաբանություն

04.07.2019 17:50


Բոլշևիկներից ավելի բոլշևիկ

Բոլշևիկներից ավելի բոլշևիկ

Քայլարածներն ակնհայտորեն շտապում են. իշխանության համը տեսել են եւ շտապում են վայելել այդ իշխանությունը` յուրայիններին խցկելով ամեն տեղ, որտեղ հնարավոր է։ Չեն խնայում նույնիսկ բուհական համակարգը, որը, ինչպես հավատացնում էր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի «սուպերնախարարը», պետք է բացարձակ ապակուսակցականացված լինի, քաղաքական կոնյունկտուրայից ազատ եւ անկախ։

ԵՊՀ-ն «վերցնելու» առաջին փուլը` երկարատեւ եւ համառ պայքարից հետո ռեկտորին հրաժարեցնելու «աստվածահաճո» գործը գլուխ բերելուց հետո անցել են Շիրակի մասնաճյուղին։

Քանի որ այս դեպքում «չարաշահումների փաստեր», կարծես, չեն հայտնաբերել, գործի են դրել «օտար մարմիններից» ազատվելու պահեստային տարբերակը. անունը դրել են` ԲՈՒՀ-ում ստեղծված ծանր եւ անհաղթահարելի բարոյահոգեբանական ճգնաժամը լուծելու միակ ձեւը 86 տարվա պատմություն ունեցող կրթօջախը լուծարելն է, թավշյահեղափոխական լավագույն ավանդույթներին համահունչ համալսարանական կրթության նոր` «միավորված» սուպերհաստատություն ստեղծելը։

Շտապում են, որովհետեւ հիանալի հասկանում են` մեկ մարդու հանդեպ չարդարացված կույր հավատի վրա ձեւավորված վստահության պաշարը շագրենի կաշվի պես «սեղմվում» է։ Կախարդական փայտիկի մի հարվածով մարդկանց բարեկեցությունը կտրուկ բարելավելու, «թալանված» միլիարդները մինչեւ վերջին լուման բյուջե վերադարձնելու, տնտեսությունը ներդրումներով հեղեղելու եւ առատության եղջյուրից թափվող մնացած «սուպերխոստումներին» արդեն իրենք էլ չեն հավատում, ուր մնաց` շարքային հպարտ քաղաքացին հավատա։

Իրենց բաժին ժողովրդի աչքին էլի միառժամանակ թոզ փչելու միակ ռեսուրսը մնում է Ռոբերտ Քոչարյանին իր չարածի համար պատասխանատվության ենթարկելու «հանրային պահանջն» ի կատար ածելու, մեկ էլ`առանց դատարանի մեղադրական դատավճռի հարուստներին կուլակաթափ անելու խոստում-սպառնալիքը։

Բայց այստեղ էլ ամեն ինչ «միանշանակ» չէ։ Երկրորդ նախագահի վրա կարված գործը վաղ թե ուշ պայթելու է` եթե ոչ վեթինգի տակ մնալու հեռանկարով ահաբեկված ներպետական արդարադատության ատյաններում, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Հարուստներին «էքսպրոպրիացնելու» խոփը, որքան հասկանում ենք, նույնպես քարին է դեմ առել։ Պատահական չէ, որ առանց, մեղմ ասած, վիճահարույց այդ գաղափարը մարմնավորող նախագիծը պատգամավորների, արտախորհրդարանական ուժերի, հանրության դատին ներկայացնելու` այդ հարցով հանրային քննարկումներ անցկացնելու, միանգամից ուղարկել են «եվրափորձաքննության», որ հետո անհարմար վիճակում չհայտնվեն։ Եվ դժվար թե հաղթահարեն այդ փորձությունը. տարօրինակ կլինի, եթե եվրոպացի փորձագետները դրական եզրակացություն տան սեփականության իրավունքը կոպտորեն ոտնահարող այդ նախաձեռնությանը։

Սահմանադրական դատարանը գրավելու օպերացիան նմանապես ցանկալի արդյունք չի տալիս. ՍԴ անդամները, այսինքն` դատավորները, դիմադրում են` տեղի չեն տալիս ինքնահռչակ «նախագահի» եւ իր հովանավորների «թավշյա» ճնշումներին։

Մի խոսքով` տղերքի գործերը լավ չեն։ Փորձելով ամրապնդել օր օրի թուլացող իրենց դիրքերը` ուժեղացնում են ուժային բլոկը՝ որպես սկիզբ`«թավշյա կարգուկանոնը» պահպանելու գործում աչքի ընկած ուժային կառույցների ղեկավարներին «պարգեւատրում» են գեներալական ուսադիրներով։ Չենք զարմանա, եթե պատերազմում հաղթած գեներալներին զրկեն իրենց կոչումներից եւ գեներալների սեփական «կաստա» ստեղծեն։

Բայց դա էլ չի օգնի բոլշեւիկներից ավելի բոլշեւիկ մեր նեոբոլշեւիկներին. «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» գնացքը արդեն դուրս է եկել կառամատույցից եւ սլանում է անհայտ ուղղությամբ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը