Մեկնաբանություն

03.07.2019 14:40


Կգնա՞ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերակով

Կգնա՞ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերակով

«Ղարաբաղը ծախում է» մեղադրանքը, որ հնչեցվել ու հնչեցվում է նորանկախ Հայաստանի ղեկավարների հասցեին, ավելի շատ քարոզչական ու մուտիլովկայական բնույթ ունի, քան իրական հիմք:

Մեզ մոտ չի եղել, չկա ու չի լինելու պետության ղեկավար, որը նպատակ դնի Ղարաբաղը ծախել: Այլ հարց է, որ ներքին ու արտաքին սխալ քաղաքականության արդյունքում Ղարաբաղը և Հայաստանը կարող են ընկնել լուրջ հարվածների տակ ու վերջում «ծախվել»:

Օրինակ, երբ 1996թ. նախագահական ընտրությունները կեղծվեցին, ու տապալվեց սահմանադրական կարգը, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտի փոխհատուցման ճանապարհ, տեսավ Ղարաբաղի հարցում փուլային տարբերակով հայկական կողմից զիջումների գնալը, ինչը, ի դեպ, համապատասխանում էր նաև իր մտածողությանը:

1-ին նախագահը ոչ թե ուզում էր ծախել Ղարաբաղը, այլ այդպես ստացվում էր, քանզի իր մտածողությունն էր սխալ, ինչպես նաև ներքին քաղաքական կյանքում նրա ունեցած դիրքը:

1998-ի իշխանափոխությամբ հնարավոր եղավ վերականգնել սահմանադրական կարգը և հետ պտտեցնել տխրահռչակ փուլային տարբերակը:

Հիմա «Ղարաբաղը ծախում է» մեղադրանքը հնչեցվում է Նիկոլ Փաշինյանի հասցեին: Նման բան չկա ու չի կարող լինել: Փաշինյանի կյանքի նպատակը Ղարաբաղը ծախելը չէ, ու նա նման բան չի մտածում: Այլ հարց է, որ նրա վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը թուլացնում է Հայաստանը, իսկ տնտեսության մեջ սպասվող ցնցումները մեզ կարող են լրջորեն հետ շպրտել: Այս ամենի բացասական հետևանքներն ուղղակիորեն ազդելու են բանակի վրա, իսկ դա կստիպի Փաշինյանին գնալ Տեր-Պետրոսյանի տարբերակին կամ գուցե ավելի վատին, ինչպիսին որ Բոլթոնի պլանն է: Պլանն այդ ենթադրում է «Փող և բաց կոմունիկացիաներ՝ տարածքների ու խաղաղության դիմաց», ինչը մեզ համար կապիտուլյացիոն բանաձև է:

Դատելով ամենից՝ Փաշինյանը կանգնած է ծանր ընտրության առաջ և դեռ վերջնականապես «այո» չի ասել Բոլթոնին, քանի որ վախենում է աթոռը կորցնելուց: Բայց նա շատ ժամանակ չունի: Նրան փող է պետք: Ներսից փողը բոլշևիկյան մթնոլորտի պատճառով փախչում է, իսկ ՌԴ-ից չի սպասվում: Մնում է Արևմուտքը, ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ը: Այնտեղ էլ հենց այնպես չեն ուզում փող տալ, այլ ուզում են Հայաստանին մտցնել հակաիրանական ու հակառուսական կոալիցիա: Ու քանի դեռ Վաշինգթոնում հույս ունեն, որ Փաշինյանը կմտնի Բոլթոնի պլան, ամերիկյան հարկատուների փողերով ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի հայկական մասնաճյուղը կշարունակի ատամներով պաշտպանել «ժողովրդի» վարչապետին:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը