Մեկնաբանություն

15.06.2019 12:05


Լավ, ո՞նց կարելի է այսքան փարիսեցի լինել

Լավ, ո՞նց կարելի է այսքան փարիսեցի լինել

Օրերս «իր սրտի հեռուստաընկերություններից» մեկին տված հարցազրույցում Փաշինյան Նիկոլը կռուտիտի` երկակի ստանդարտների, իրողությունները ոտքից գլուխ շուռ տալու, սեւը` սպիտակ, սպիտակը` սեւ ներկայացնելու, անհիմնավորելին «հիմնավորելու», անմեկնելին մեկնաբանելու, սուտը իրականության տեղ մատուցելու, կեղծիքի եւ կես ճշմարտության արանքում հմտորեն մանեւրելու մաստեր-կլաս ցույց տվեց ժանրի սիրահարներին։

Միայն մի տեղ «սայթաքեց». երբ լրագրողը հարցրեց` ակնկալո՞ւմ եք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նույնպես հրաժարական կտա` Ձեզ համար դա նույնքան կարեւոր քաղաքական խնդի՞ր է, որքան ԵՊՀ ռեկտորի պաշտոնանկությունը, մի պահ անակնկալի եկավ։ Երեւի պատրաստ չէր օդում կախված, դատական համակարգի վրա «թեթեւորեն սավառնող» այդ հարցին. կատվի պես միշտ թաթերի վրա կանգնելու իր վարպետությամբ հանդերձ, չկարողացավ տակից դուրս գալ` ասաց. «Ես դա չեմ կարող մեկնաբանել»։ Հետո կմկմաց. «Ըըըը՜... Պատշաճ չեմ համարում մեկնաբանել»։ Հարցազրույցավարն էլ թեման փակված համարեց` ասելով. «Դա եւս պատասխան է»։

Բայց խոսակցությունն այդպիսով չսպառվեց։ Հարցին`Ազգային ժողովը մի քանի անգամ մերժեց նախագահի առաջադրած ապաքաղաքական թեկնածուներին, եւ հիմա քվեարկելու է մեծամասնության «սրտի թեկնածուի» օգտին`սա չի՞ հակասում Սահմանադրական դատարանի` ապաքաղաքական մարմին, թեկնածուների` քաղաքականապես չեզոք լինելու դրույթին, Փաշինյանը կամա-ակամա խոստովանեց`մտքինն ինչ է. «Այն թեկնածուն, ով հիմա... Վահե Գրիգորյանը, որպես ՍԴ նախա... անդամի թեկնածու առաջադրվել է, էդ կարգավիճակը ինքը առաջին անգամ ստացել է 2018 թ.»։ Շարունակությունը կարեւոր չէ...

Վերադառնալով «կռուտիտի» ժանրին`«բացատրեց», թե Ազգային ժողովն ինչու է մերժել նախորդ թեկնածուներին. ընտրակարգերը եւ կառուցակարգերն այնպիսին են, որ պետական ինստիտուտներից մեկը` նախագահը, առաջադրում է, մյուսը` Ազգային ժողովը, ընտրում է ՍԴ թեկնածուին, բայց «սա չի նշանակում, որ ընտրող մարմինը պետք է ինքնաբերաբար ընտրի իրեն ներկայացված բոլոր թեկնածուներին։ Բա էդ դեպքում էլ ստացվում ա, որ Ազգային ժողովն ուղղակի ում ներկայացնում են` ինքնաբերաբար ընտրում ա»։

Առաջադրողին ընտրողից տարանջատելու ամբողջ իմաստն այն է, ըստ նրա, որ «պետք է փոխադարձ ընդունելի թեկնածու լինի»։ Եվ ինքնաբերաբար ստացվում է, որ եզակի եւ անկրկնելի այդ թեկնածուն ալամ աշխարհի ամենաանաչառ, ամենաանկողմնակալ, պրոֆեսիոնալիզմի էտալոն եւ գագաթնակետ Վահե Գրիգորյանն է։ Իսկ եթե իրերի այս վիճակը դուր չի գալիս ինչ-որ մեկին`իր խնդիրն է. թո՛ղ սսկվի ու հանգիստ նստի տեղը։

Իսկ թե ինչու է անհրաժեշտ «վեթինգ» ասածն անպայման փաթաթել մեր գլխին` պարզից պարզ է, գոնե Փաշինանի համար. Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եվ ուրեմն, քանի որ ժողովուրդը չի վստահում դատական համակարգին, միակ ելքը վեթինգի միջոցով անցանկալի դատավորներին ժողովրդի սրտի դատավորներով փոխարինելն է։ Հակառակ դեպքում` «ծագում է մի գլոբալ հարց. Հայաստանի Ազգային ժողովը ներկայացնում ա ժողովրդին, Հայաստանի կառավարությունը ներկայացնում ա ժողովրդին, ո՞ւմ ա ներկայացնում Հայաստանի դատական համակարգը»։

Մի կողմ թողնենք, որ վարչապետի պատասխանատու պաշտոնն զբաղեցնող անձը մինչեւ հիմա չի հասկացել`ինչի համար են Սահմանադրությամբ եւ օրենքներով ՍԴ նախագահի, դատավորների, ԲԴԽ անդամների եւ առանցքային մյուս պաշտոնների համար ժամանակային տարբեր ցենզեր սահմանվում։ Չի ջոկում, որ դրա նպատակը մեկն է` խորհրդարանի կողմից ոչ թե ձայների պարզ մեծամասնությամբ, այլ երկու երրորդով, երեք քառորդով, երեք հինգերորդով ընտրվող այդ պաշտոններն ապահովագրել քաղաքական կոնյունկտուրայի ավերիչ ազդեցությունից. ստեղծել երաշխիքներ, որ յուրաքանչյուր նոր խորհրդարանական մեծամասնություն չգա եւ «իր մարդկանց» չնշանակի սահմանադրորեն անկախ, ապաքաղաքականացված, վերքաղաքական պետական պաշտոններում։

Կարելի է օրը 1000 անգամ մանթրայի պես կրկնել, որ Հայաստանում առաջին անգամ ձեւավորվել է 100 տոկոսով լեգիտիմ իշխանություն, որը «վայելում է ժողովրդի վստահությունը», բայց փաստը` որ ժողովրդի վստահությունը կնոջ սրտի պես փոփոխական մեծություն է, եւ որեւէ լեգիտիմություն, ինչքան էլ ժամանակի իքս պահին բարձր լինի, հավերժ չէ, հատկապես Փաշինյանի դեպքում, դրանից չի փոխվում։

Եթե այդքան վստահ է իր ուժերին, թո՛ղ բարի լինի վստահության հանրաքվե անցկացնել եւ ստուգել` ժողովուրդը ուզո՞ւմ է, որ ինքն ու իր վկաները դատական համակարգը, մեծ հաշվով` Հայաստանը, որբի գլուխ դարձնեն, թե՞ ոչ այնքան...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը