Խմբագրական

22.03.2010 19:35


«Խաղաղության» և «պատերազմի» կուսակցությունների մասին - 4

«Խաղաղության» և «պատերազմի» կուսակցությունների մասին - 4

սկիզբը՝ տե՛ս

«Մի աշխատասեր և նյութական ապագայի համար այդքան ձիրքերով օժտված ժողովուրդ՝ զարմանալիորեն իդեալիստ է դեպի խաղաղությունը, աղոթում է նրա արևին և չի հավատում, թե պատերազմի ձմեռ կգա։ Սակայն պատերազմը գալիս է հակառակ մեր ցանկության, քանի որ հակամարտությունն է կառավարում աշխարհը։ Այս ճշմարտությունը չի՛ ուզում հասկանալ մեր ժողովուրդը։ Դրա համար էլ խաղաղ տարիների քրտնաջան աշխատանքով կուտակած բարիքները պատերազմի օրերին տալիս է թշնամուն, ինքը մնում մուրացկան, օտարի ձեռքին նայող»։

Գարեգին Նժդեհ

Չօգտագործված հնարավորության հետևանքները

1998-ին տեղի ունեցած իշխանափոխությունը հակաքիրվայական կոդերով էր (տե՛ս Վազգեն Սարգսյանի այդ օրերի ու դրան հաջորդող ելույթները)։ Արցախի հարցի լուծման փուլային տարբերակը, որը տապալվեց շնորհիվ Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Բաբայանի, արդեն լուրջ ձեռքբերում էր, որը, ցավոք, հետագայում փոշիացվեց։

Ֆորմալ առումով 1998-ի իշխանափոխությանը մասնակցեց նաև այն ժամանակվա ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, բայց դա ուժի կողմն անցնելու ծրագրի շրջանակներում էր։ Գաղտնիք չէ, որ մինչև իշխանափոխությունը Ս. Սարգսյանը համարվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարակից, ամենամտերիմ ու վստահելի գործիչներից։ Պատահական չէ, որ Ս. Սարգսյանը ՀՀ առաջին նախագահի օրոք տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է ուժային բոլոր կառույցների ղեկավար պաշտոնները։ Պատահական չէ, որ նախագահ դառնալուց հետո Սերժ Սարգսյանը, մեծ հաշվով, Թուրքիայի մասով իրականացրեց Տեր-Պետրոսյանի՛ քարոզած քաղաքականությունը։ Պատահական չէ նաև այն, որ ՀԱԿ առաջնորդը հրապարակավ պատրաստակամություն հայտնեց «էջմիածնական միաբան» դառնալ Սերժ Սարգսյանի («Եղիազար Այնթապցու») համար։ Տեղին է հիշելը, որ ՀԱԿ հանրահավաքներից մեկում Տեր-Պետրոսյանը, դիմելով Սերժ Սարգսյանին, ասաց, որ վերջինս իր ընկերն է եղել, ու իրենք կարող են «դու»-ով խոսել։ Ինչևէ։

Այն, ինչ արեց Վազգեն Սարգսյանը, ոչ պակաս կարևոր էր, քան մեր զորքերի ռազմի դաշտում արձանագրածը։ Հետևաբար Վազգեն Սարգսյանը եթե սպարապետ է, ապա սպարապետ է քաղաքակա՛ն իմաստով, և պետք չէ նրա այդ արժանիքները ձևախեղել՝ Վազգենից «կռված տղու» կերպար կերտելով, մանավանդ որ Վ. Սարգսյանը, որպես ռազմական գործիչ, մեղմ ասած, հաջողությունների չի հասել, և այդ կտրվածքով նրա մասին շրջանառվող բանահյուսությունը չափազանցված է։ Կարիք չկա պատմությունը կեղծել մեր իսկ ձեռքով։

Այո՛, մեծ էր Վազգեն Սարգսյանի դերը մահապարտների համախմբման, կռվողների ոգու բարձրացման և բանակաշինության գործում, բայց բուն ռազմի դաշտի հիմնական դերակատարները եղել են ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը (պատերազմի ամբողջ ընթացքում) և 1992-1993թթ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վազգեն Մանուկյանը՝ որպես ղարաբաղյան և հայկական զորքերի ղեկավարներ։ Դա անհերքելի փաստ է և այդ մասին պետք է հստակ նշվի՝ անկախ այն հանգամանքից, թե նշյալ գործիչները պատերազմից հետո ինչպես իրենց պահեցին, ինչպես ընկալվեցին հանրության լայն շերտերի կողմից և ինչպիսի ճակատագրի արժանացան։

Իսկ Վազգեն Սարգսյանի հիմնական և անուրանալի դերակատարումն այն է, որ նա չթողեց, որ ռազմի դաշտում ձեռբքերած հաղթանակները ջուրը լցվեն փուլային հանձնումների տերպետրոսյանական տարբերակով։ Սա՛ է նրա պատմական և քաղաքական կարևորագույն դերը նորանկախ Հայաստանում։

Նկատենք, որ նրանք, ովքեր այսօր գովերգում են Վազգեն Սարգսյանին, բայց 2008-ին կանգնեցին Լևոն Տեր-Պետրոսյանի կողքը՝ իրենց այդ քայլով ցույց տվեցին, որ 1998-ին պատեհապաշտներ են եղել, կամ չեն հասկացել Վազգենի արածները և հանգամանքների բերումով են ողջունել իշխանափոխությունը, կամ էլ տարիներ անց դավաճանել են այն գաղափարներին, որը քարոզում էր մեր քաղաքական դաշտի սպարապետը։

Ի դեպ, 1998-ի իշխանափոխությանը նպաստելով, Վ. Սարգսյանը մասամբ մաքրվեց 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ իր ունեցած մեղքի բաժնից։

Եվ այսպես. 1998-ին քիրվայականությունը հեռացվեց ՀՀ քաղաքական դաշտից, բայց փոխարենը թալանվող կոլխոզի վերածվեց երկիրը, ու սա մեծագույն պարտություն էր։ Ճիշտ է, Ռոբերտ Քոչարյանի վարած արտաքին քաղաքականությունը, համեմատած (զոմբիների համար կրկնեմ՝ համեմատած) Լևոն Տեր-Պետրոսյանի, դրականորեն տարբերվում էր, բայց ներքին կյանքի դեգրադացիան թույլ չտվեց մեզ առաջ անցնել, ինչը բերեց այսօրվա վիճակին։

Քոչարյանի նախագահության օրոք խորացան Տեր-Պետրոսյանի շրջանից մնացած ներքաղաքական ու տնտեսական կյանքի արատավոր երևույթները, որոնց հետևանքով վարկաբեկվեցին ազգային արժեքները, խեղաթյուրվեց արցախյան հաղթանակի իմաստը, «ասֆալտի» վայ գեներալների պահվածքի շնորհիվ ատելության օբյեկտի վերածվեց հազարամյա նախադեպը չունեցող մեր հաղթանակը, ծաղրի առարկա դարձան հաղթանակած բանակի շարքային մարտիկները։ «Ազատ, բայց պատասխանատու» հեռուստատեսությունը դարձավ թեթևսոլիկ, «զվարճալի» և «գլամուրային»։ Արդյունքում մեր հաղթանակը մնաց որբ։ Տեր չկանգնեցինք մեր հերոսությանը ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի օրոք։

Մեծագույն սխալն այն էր, որ ազատագրված տարածքներն այդպես էլ չբնակեցվեցին։ Մարդկանց գիտակցության մեջ տարածում գտավ «Արցախի խնդիրը բեռ է, որը չի թողնում Հայաստանը զարգանա» թեզը։ Թեզ, որը և՛ Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման օրոք, և՛ 1998-ի իշխանափոխությունից հետո ագրեսիվորեն քարոզվում էր քիրվայականների կողմից։

Հաղթանակը որբ մնաց

Փաստորեն, ուրիշ ազգերի մոտ պարտությունն է որբ մնում, իսկ մեզ մոտ հակառակը ստացվեց։ 1998-ի իշխանափոխությունից սպասելիքներ ունեցող մարդիկ հետագայում հիասթափվեցին, և ճանապարհ բացվեց կղերապահպանողական «խաղաղասերների» վերադարձի համար։

Քոչարյանական կառավարման շրջանի խոշորագույն թերությունն այն էր, որ իշխող համակարգը ներսից նախագահացու ծնեց՝ ի դեմս Սերժ Սարգսյանի։ Դա պատճառ դարձավ, որ քաղաքական գերեզմանատնից հարություն առնեն հայկական «Բուրբոնները»։

Հետագայում պարզվեց, որ Սերժ Սարգսյանը «ընդհատակյա քիրվայական» է եղել ու «թաքուն արտասվել» է, երբ 2008-ի իր մրցակցին TV-ները հակաքարոզչություն էին անում՝ թուրքական դրոշը Տեր-Պետրոսյանի գլխավերևում ծածանելով։ Այդ նույն TV-ները, ամիսներ անց, թուրքական դրոշի ծածանումն արդեն այլ կտրվածքով ներկայացրին. եկել էր «քարդաշություն» անելու ժամանակը։

Ընթացիկ վիճակի նկարագրություն

Այժմ քաղաքական դաշտի մի կողմում կլանաօլիգարխիկ համակարգն է, իսկ մյուս կողմում՝ այդ համակարգի հիմնադիր հայրերը, ովքեր առաջիններից տարբերվում են նրանով, որ համոզված քիրվայական են ու առաջնորդվում են հետևյալ բանաձևով. «Բոլոր հարցերը լուծված են։ Սերժը լրիվ ծախել պրծել է ու աշխարհին այլևս պետք չի գա։ Եթե չծախի, էդ դեպքում նույնպես աշխարհին պետք չի գա։ Դրանից հետո աշխարհը կսկսի մտածել Հայաստանի ժողովրդավարացման մասին, ու, «մին էլ ըհը», մենք կգանք։ Ուռա՜»։

Համաձայնե՛ք, որ ներկայացված մոտեցումը, լավագույն դեպքում, քաղաքական անմեղսունակության դրսևորում է։ Կղերապահպանողականները երևի չեն էլ հասկանում՝ նման սցենարի դեպքում ի՞նչ իմաստ ունի իշխանության գալը։ Նրանք չեն պատկերացնում ու չեն էլ կարող պատկերացնել, որ «աշխարհ», «միջազգային հանրություն» կոչվածով երբեք չեն կարող գալ իշխանության, երբ արդեն «Ղարաբաղը ծախած պրծած» կլինի, քանի որ էդ ժամանակ Հայաստա՛ն չի լինի։ Էլ ու՞ր են գալու։

Նկատենք, որ քիրվայականներն «ի պաշտոնե» հոռետեսներ են, «խաղաղասերներ» և թրքաբոլշևիկներ։ Նրանք առաջնորդվում են «Սերգո՛ ջան, լավ չես ապրելու», «Վա՛տ է լինելու», «Բոլորը մեր դեմ են» և «լավատեսական» բնույթի այլ կարգախոսներով։

«Խաղաղասերները» նման են այն տերտերներին, ովքեր խոսք են ասում թաղման արարողությունների ժամանակ։ Ու թաղումների կուլտով տառապող մեր ժողովրդի մի մասի համար քաղաքական կղերականների խոսքն այնքա՜ն գրավիչ է թվում, որ նրանք չեն էլ նկատում, որ լավ ճառ ասողն իրականում հուղարկավորություն է կազմակերպում։

Ըստ «խաղաղասերների»՝ Հայաստանի ճակատագիրը որոշվում է դրսում, իսկ դրսում մեր մասին լավ բան երբեք չեն մտածում, և մեզ մնում է միայն նահատակվելը։ Ու քանի որ զոհին ճանապարհ են դնում քահանայի ճառերի ուղեկցությամբ, այլ ոչ թե թաղի կրիմինալի, հետևաբար՝ «Լե՛-վո՛ն, Լե՛-վո՛ն»։

Կղերապահպանողական «Բուրբոնների» իշխանության գալու «լեգիտիմ» փաստարկն այն է, որ իրենց առաջնորդն ավելի լավ է ճառում, քան մականունավորների բրիգադի առաջնորդը։ Ճառելը ճառում է (տերտերի առոգանությամբ), բայց նման ճառեր արտասանվում են միայն հանգուցյալների՛ գլխավերևում։ Բայց չէ՞ որ մեր պետությունը մեռած չէ, որ քելեխի տերտեր մեր վզին փաթաթենք։

Կղերապահպանողականների իշխանության գալու մյուս «լեգիտիմ» փաստարկն այն է, որ, միևնույն է, մեր երկիրը շանս չունի, որ Օբաման, Մեդվեդևը և Սարկոզին արդեն որոշել են ու Արցախի հարցերը լուծել։ Ու քանի որ մեզ մնում է պարտության հետ համակերպվելն ու ողբալը, ապա դա լավագույնս ո՞վ կարող է կազմակերպել, և ու՞մ պետք է հրավիրել «թաղում» անելիս՝ հռետորական հատկանիշներով օժտված «քելեխի տերտերի՞ն», թե՞ կրիմինալին։ Հարցի պատասխանն, ըստ նրանց, միանշանակ է՝ «տերտերի՜ն»։ Ու էլի սկսում են վանկարկել՝ «Լե՛-վոն, Լե՛-վո՛ն»։

Ասեմ, որ Սերժ Սարգսյանին չընդունելու բազում հիմնավորումներ կան, բայց նրա փոխարեն հանձնողական և շուտափույթ զիջումների կոդերի կրող «խաղաղության աղավնուն» երկրպագելը քաղաքական նեկրոֆիլիայի («մեռելասիրության») և թրքաբոլշևիզմի դրսևորում է։ Եթե կուզեք՝ ռաբիսության նշան։

Կղերապահպանողականներն ու նրանց «զոմբիացած վկաները» չեն հասկանում, որ եթե դու ընտրել ես ոչ թե Հայաստանի մահը, այլ առաջնորդվում ես կյանքի գաղափարով, ապա որևէ պարագայում չեն կարող քեզ համոզել, որ միանաս իրենց, և չեն կարող քեզ կանգնեցնել՝ այլընտրանքային գաղափարական դաշտի և նոր ուժի ձևավորմանը նպաստելու հարցում։

Տերպետրոսյանական ընկալման «խաղաղության» կուսակցության այժմյան գոյության լեգիտիմության միակ իրական աղբյուրն այն է, որ իշխանությունը գտնվում է պետական քաղաքականությունը կազինո գնալու հետ շփոթողների նեղ խմբի ձեռքում, ինչը հնարավորություն է տալիս «Բուրբոններին» վրա տալ. «Լևոնը սրանցից գրագետ ու խելացի ա, լավ կլինի, որ ինքը իշխի, չէ՞»։ Անշուշտ, լավ կլինի, որ Սարգսյանը չիշխի, բայց նրա այլընտրանքը Տեր-Պետրոսյանը չէ։ Սա՛ է խնդիրը։

Ինչ վերաբերում է քաղաքական գործիչների խելացիությանը, ապա այն պետք է գնահատել գործնական կյանքում առաջարկվող քայլերով։ Շատ գիրք կարդալը լավ բան է, բայց եթե կարդում և ուրիշ եզրահանգումների ես գալիս, ապա խոսք չի կարող գնալ խելացիության մասին։ Կարդացած լինելը պետք չէ շփոթել խելացի և բանիմաց լինելու հետ։ Դրանք տարբեր բաներ են։ Եթե մարդը կարդացել, կարդացել ու հետո եկել է այն եզրակացության, որ մինչև շուտափույթ կերպով Արցախի հողերը չտանք և Ցեղասպանության հարցը օրակարգից հանելով (փաստացի՝ մոռացության տալով) Թուրքերին չխնդրենք, որ սահմանը բացի, լավ չենք ապրի, ապա ասեմ, որ դրա համար շատ խելք պետք չէ։ Էդ ի՞նչ մի մեծ խելք է պահանջվում քիրվայության համար։ Ոչ մի։ Թաղում կազմակերպող տերտերն էլ ահագին բան կարդացած մեկն է լինում, հետո՞ ինչ։ Թաղումների ժամանակ էլ, ինչպես որոշ հանրահավաքների ժամանակ, ահագին մարդ է հավաքվում, հետո՞ ինչ։

Ամփոփելով «խաղաղության» և «պատերազմի» կուսակցությունների հայաստանյան «շտամպերի» թեման՝ կուզեի մի քանի հարց ուղղել կղերապահպանողականներին։ Թող նրանք պատասխանեն, թե ո՞ր կուսակցության ներկայացուցիչ էր Աթաթուրքը, ով իր կոշտ դիրքորոշմամբ և բանակի ուժով երկարատև խաղաղություն ապահովեց ու ստեղծեց ներկայիս հզոր Թուրքիան՝ արհամարհելով Անտանտի պարտադրած Սևրի դաշնագիրը։ Կամ ո՞ր կուսակցության ներկայացուցիչ էր «ժողովրդավար» և ռուսների եղբայրական սերբ ժողովրդի մայրաքաղաք Բելգրադի ռմբակոծման ժամանակ ծպտուն չհանած «խաղաղասեր» Բորիս Ելցինը, ով նաև տարիներ շարունակ Ռուսաստանը ներքաշել էր անվերջ թվացող ու ռուսների համար նվաստացուցիչ չեչենական պատերազմի մեջ, և ո՞ր կուսակցության ներկայացուցիչ էր Ելցինից հետո եկած Վլադիմիր Պուտինը, ով իր գործողություններով հանգուցալուծեց ելցինյան շրջանում սկիզբ առած չեչենական թնջուկը։

Վերջաբան

Մեր ժողովրդի այսօրվա խնդիրը պետք է լինի քիրվա «խաղաղասերներից» և արկածախնդիր «պատերազմականներից» հայաստանյան քաղաքական դաշտը մաքրելը և ժողովրդի լայն շրջանակներին հայաստանակենտրոն գաղափարական այլընտրանք ներկայացնելը։ Իսկ գործող պլուտոկրատների հեռացման հարցն ինքնին հասկանալի է, որ պետք է լինի օրակարգում, բայց քանի դեռ նոր ուժ չի ձևավորվել, նրանք հավերժ կմնան։ «Էջմիածնական միաբանները» վտանգավոր չեն, և «Եղիազարը» փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմադիր դաշտը զբաղեցնեն տերպետրոսյանականները. «սահմանադրական» ճանապարհով գնացողները հանրահավաքի ժամանակ «փոթորկում» են, բայց չեն «կծում»։ Ուրեմն պետք է փոխել ներքաղաքական դաշտի ստատուս քվոն և ձևավորել նոր համակարգ։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը