Մեկնաբանություն

09.11.2010 17:32


Գյումրու ծերերի տուն-ինտերնատն աշխատում է գերբեռնված

Գյումրու ծերերի տուն-ինտերնատն աշխատում է գերբեռնված

Գյումրիում բնակչության կենսամակարդակն օր օրի իջնում է, և դա կարելի է նկատել հատկապես սոցիալապես առավել խոցելի խմբերի շրջանում: Արտեկրից դրամական միջոցներ չստացող քաղաքացիները համատարած թանկացումների պատաճառով գրեթե անելանելի վիճակում են հայտնվում:

Իրավիճակը ծանր է միայնակ թոշակառուների համար, որոնք ստիպված են ապավինել միայն իրենց կենսաթոշակներին, որը հազիվ բավականացնում է նվազագույն պահանջմունքները բավարարելուն:

Սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի  հետևանքով  Գյումրու ծերերի տուն-ինտերնատն աշխատում է գերբեռնված: Ծերանոցը վերջին 2 տարում 150-ի փոխարեն շուրջ 160 շահառու ունի: Վերջին շրջանում դիմողների թիվն անընդհատ աճում է: Այս պահի դրությամբ տնօրինությունը քննարկման ենթակա 102 դիմում ունի Շիրակի մարզի տարեցներից, ովքեր ցանկանում են տեղավորվել ծերանոցում:

-Կամաց-կամաց ծերանոցում տեղավորվելու ու այնտեղ ապրելու բարդույթը հաղթահարվում է,-հավաստել է Գյումրու ծերերի տուն-ինտերնատի տնօրեն Արսեն Պետրոսյանը։-Նախկինում եթե գյումրեցին անհարմար կամ վատ էր զգում ծերանոցում բնակվելու համար, այսօր դա սովորական բան է դարձել:

Տնօրինության հավաստմամբ՝ ծերանոցի սենյակներում 3-ի փոխարեն մի կերպ տեղավորում են նաև 4-րդ շահառուին:

-Վերջին շրջանում ծերանոց դիմում են միայնակ անժառանգ տարեցները, և այս առումով նկատելի աճ կա: Հիմա երկրորդ մասնաշենքի կառուցման խնդիր է առաջանում, քանի որ ներկայիս մասնաշենքն այլևս չի կարող սպասարկել,-նշել է Արսեն Պետրոսյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը