Կարծիք

03.11.2010 10:58


Փոխնախագահ Բայդենի' նախագահ Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազանգերի սենսացիոն բացահայտումը

Փոխնախագահ Բայդենի' նախագահ Սարգսյանի հետ ունեցած  հեռախոսազանգերի սենսացիոն բացահայտումը

Անցյալ շաբաթ ամբողջ աշխարհի հայությունը ցնցված էր փոխնախագահ Ջո Բայդենի բացահայտումից, որ նախագահ Սարգսյանն ասել էր նրան. «տեսեք, մի թեժացրեք այս խնդիրը [Հայոց ցեղասպանության ճանաչումը] այժմ, քանի դեռ մենք բանակցությունների մեջ ենք [թուրքերի հետ]»:

«YouTube»-ում նույն օրը տեղադրված Բայդենի հայտարարությունը (www.youtube.com/watch?v=C-vVX2B1H3k) այնքան վրդովեցուցիչ էր, որ հայերի մեծ մասը հրաժարվում էր հավատալ, որ նախագահ Սարգսյանը կարող է տարհամոզել Միացյալ Նահանգների նախագահին' Հայոց ցեղասպանության ճանաչումից: Ոմանք, ավելի հեռուն գնալով' կասկածի տակ առան, թե արդյո՞ք տեսանյութում պատկերվածը, իրոք Բայդենն է, և արդյո՞ք նրա խոսքերը խեղաթյուրված են: Ուրիշներին հետաքրքրում էր Բայդենի հետ զրուցող երիտասարդի ինքնությունը, նրա մեջ տեսնելով ծպտված կամ օտարերկրյա գործակալի:

Հաշվի առնելով նախագահ Սարգսյանին վերագրվող խոսքերի լուրջ հետևանքները, նախագահի մամուլի քարտուղարն անմիջապես կտրուկ հերքում տարածեց: Իսկ երկու օր անց, պարզաբանում/հերքում տարածեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Հաշվի առնելով այս շփոթեցնող ու հակասական  հայտարարությունները, կփորձեմ որոշակի լույս սփռել այս դրվագի նվազ հայտնի կետերի վրա.

1. Փոխնախագահ Բայդենի հետ «YouTube»-ում զրուցող երիտասարդը ծպտված մի անձնավորություն չէ, այլ' ամերիկահայ գործիչ:

2. Մեր ժողովուրդը տեղյակ չէ, որ նախագահ Օբամայի' 2009 թվականի Ապրիլի 24-ի ուղերձից անմիջապես հետո Բայդենը զանգահարել էր երեք հայտնի ամերիկահայերի: Փոխնախագահը նրանց տեղեկացրել էր, որ նախագահ Օբաման «ցեղասպանություն» բառն իր ուղերձից բաց էր թողել' Փոխնախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում նախագահ Սարգսյանի տված համաձայնությունից հետո: Պարզ է, որ Բայդենը Սարգսյանի հետ ունեցած իր խոսակցությունը օգտագործել էր արդարացնելու համար նախագահ Օբամայի' ամերիկահայերին տված նախընտրական խոստման դրժումը:

3. Անցյալ շաբաթ Բայդենը կրկնեց նույն հայտարարությունը' այս անգամ արդեն տեսանյութում: Նա փորձում էր իր կողմը գրավել ամերիկահայերին, որպեսզի նոյեմբերի 2-ի թեժ ընտրություններում նրանք աջակցեն դեմոկրատ թեկնածուներին: Երբ երիտասարդը հարցրեց, թե ինչ ուղերձ ուներ նա հայկական համայնքին փոխանցելու, որը «վառվել» կամ խաբվել էր նախագահ Օբամայից, փոխնախագահը նրան վստահեցրեց, որ վարչակազմը «հետ չի կանգնում» Ցեղասպանության վերաբերյալ իր տված խոստումից' հավելելով, որ. «Թուրքերը պետք է գիտակցեն, թե ինչ է իրականությունը»: Այնուհետև, օգտվելով առիթից, Բայդենը մեղադրեց Սարգսյանին' Օբամայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: Փոխնախագահն իր մեկնաբանություններն ավարտեց ծիծաղն երեսին ցինիկաբար հայտարարելով, որ «Իրականությունը մի ձև փոխում է կացությունը [Օբամայի խոստման վերաբերյալ]»:

4. Նախագահ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, անմիջապես հանդես եկավ հերքող հայտարարությամբ, որ նախագահը «չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի»: Արզումանյանը համարձակորեն կոչ արեց Սպիտակ տանը հրապարակել նախագահ Սարգսյանի և փոխնախագահ Բայդենի միջև 2009 թվականի ապրիլին կայացած երկու հեռախոսազրույցների սղագրությունները:

5. Հոկտեմբերի 29-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքեց դրան' հայտարարելով, որ 2009 թվականի ապրիլին Բայդենի հետ ունեցած հեռախոսազրույցում. «Նախագահ Սարգսյանը չի խոսել Հայոց հիշատակի օրվա առթիվ նախագահ Օբամայի ուղերձի բովանդակության մասին եւ չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի դիտարկումը»: Զգուշորեն շարադրված այս հայտարարությամբ Վաշինգտոնը փորձում էր հանդարտեցնել Բայդենի անսպասելի բացահայտումների պատճառով Հայաստանի իշխանությունների լարված նյարդերը:

Սակայն էլ ավելի իմաստալից կլիներ, եթե Միացյալ Նահանգների կառավարությունը հրապարակեր նախագահ Սարգսյանի և փոխնախագահ Բայդենի միջև կայացած երկու հեռախոսազրույցների սղագրություննները: Հայկական կողմն էլ կարող էր հարցերը հստակեցնել հեռախոսազանգերի իր սղագրության հրապարակումով, եթե դրանք արձանագրվել էին, կամ էլ տալով այդ խոսակցությունների ամփոփումը: Բացի այդ, քանի որ հեռախոսազրույցների ընթացքում երկու կողմերը օգտվել էին թարգմանչի ծառայությունից, ապա հետաքրքիր կլիներ համեմատել նախագահ Սարգսյանի հայերեն խոսքերը անգլերենի թարգմանության հետ, որը լսել էր Բայդենը:

Սղագրության բացակայության պայմաններում, կողմնակի անձինք անտեղյակ են, թե իրականում ինչ է ասվել այս հեռախոսազրույցներում: Միայն հայտնի է, որ 2009 թվականի սկզբից Օբամայի վարչակազմի պաշտոնյաները ճնշում էին գործադրում Հայաստանի կառավարության վրա' Թուրքիայի հետ համաձայնագիր կնքելու համար, որը կարող էին որպես արադարացում օգտագործել Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու համար: Եվ հենց այդպես էլ եղավ, երբ 2009 թվականի Ապրիլի 24-ի նախօրեին Հայաստանն ու Թուրքիան նախնական համաձայնագիր' «ճանապարհային քարտեզ» ստորագրեցին: Օբաման անմիջապես այն շահարկեց: Իր' «Հայոց հիշատակի օրվա» ուղերձում նա խուսափեց «ցեղասպանություն» բառն օգտագործելուց' պնդելով, որ Հայաստանն ու Թուրքիան «համաձայնության են եկել կանոնավորման մի նախագծի և ճանապարհային քարտեզի շուրջ»:

Այն վեճը, թե ինչ էր ասել նախագահ Սարգսյանը փոխնախագահ Բայդենին, Հայաստան-Թուրքիա արձանագրությունների անցանկալի հետևանքներից ևս մեկն է: Սակայն, տեսանյութն անսպասելի մի հետևանք ունեցավ' Հայոց ցեղասպանության հարցը Միացյալ Նահանգների վերին խավերում բարձրացնելու և համաշխարհային լրատվամիջոցներով լուսաբանելու գործում: Փոխնախագահ Բայդենի հետ հայ երիտասարդ գործչի զրույցից մեկ շաբաթ առաջ, Լոս Անջելեսից Արմինե Բաբայանը նույնքան կարևոր մի հանդիպում ունեցավ. նա հազվադեպ հնարավորություն ունեցավ Հայոց ցեղասպանության մասին ուղղակի զրուցել նախագահ Օբամայի հետ, վերջինիս' Լաս Վեգասում քարոզարշավի կանգառի ժամանակ: Թուրք ուրացողները պետք է այնքան էլ գոհ չլինեն, որ մեկ շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգների նախագահին ու փոխնախագահին հիշեցնում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրանց անավարտ օրակարգի մասին:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ.՝ Ռ.Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը