Կարծիք

08.11.2010 15:18


Կամ Գյուլն է ստում, կամ չիպը (իսկ մերոնց մոտ դարձյալ բան չի ստացվում)

Կամ Գյուլն է ստում, կամ չիպը  (իսկ մերոնց մոտ դարձյալ բան չի ստացվում)

Եթե Հիտլերին հետմահու «Ժողովուրդների բարեկամության» մեդալ տային, ես ավելի չէի զարմանա, քան հիմա, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ինքնաթիռ է նստել եւ ճանապարհ ընկել դեպի Լոնդոն' ստանալու Chatham Hause-ի մրցանակը' Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու գործում ցուցաբերած աննկուն կամքի համար:

Վա՜յ աշխարհ, վա՜յ տնավեր աշխարհ:

Chatham Hause ասվածը ուրիշ բան մի պատկերացրեք: Այն, ըստ էության, թագավորական հաստատություն լինելուց զատ, միջազգային հանրության ուղեղի խտացված տարբերակ է, էլեկտրոնիկայի մասնագետների լեզվով' պլատա կամ' չիպ, որ իր փոքրությամբ ու խտությամբ շատ ուշագրավ մի բան է: Ու հիմա Գյուլը գնում է Լոնդոն այդ այդ չիպի, այդ պլատայի հասկացողությամբ' ժողովուրդների բարեկամության մեդալ, թե մրցանակ ստանալու: Բարով վայելի: Բայց...

Ինչո՞ւ Գյուլը օդանավից Սերժ Սարգսյանին մի ուղերձ չհղեց, թե բարեկամս, այ ես գնում եմ մի մեդալ ստանալու, որի կեսը քոնն է: Չիպը նման բաներ, ենթադրենք, չի հասկանում, իսկ Գյո՞ւլը: Ոմանք կարող են ասել' Գյուլը Հայաստանի վրայով չի թռել, դրա համար էլ չի պահպանել բարեկամ նախագահների միջև շփումների այդ սրտառուչ տարբերակը: Մի՞թե դա բացատրություն է կամ արդարացում: Այդ դեպքում Գյուլը թող օդանավում չհիշեր նաև արձանագրությունների ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, որն ըստ նրա' բոլորովին էլ սառեցված չէ եւ ընթանում է համր տարբերակով: Ինչո՞ւ է նա «օդային համբույր» ուղարկելու փոխարեն, մի բան էլ ծաղրում հայկական կողմին, որ ի լուր աշխարհի հայտարարել է, թե առանց իր ժողովրդի կամքը հարցնելու այլևս նման ղալաթներ չի անելու եւ ի նշան իր խոստումին հավատարիմ մնալու' սառեցրել է արձանագրությունների վավերացման գործընթացը:

Ես շատ կցանկանայի, որ մեր կոալիցիոն ախպերությունը հիմա մի զիլ հայտարարություն աներ Գյուլի լկտի պահվածքի հետ կապված, որը հանդգնել է Հայաստանի նախագահին այսպիսի վերաբերմունքի արժանացնել: Այդ հայտարարության մեջ, հասկանալի է, պետք է նշվի նաև Գյուլի մայրենի լեզվով շատ կասկածելի անուն ունեցող Chatham Hause թագավորական ինստիտուտը, որ ժամանակին, բերանը բաց, լսում էր ՀՀ նախագահի ելույթը, ուր հստակ մատնանշումներ կային այն մասին, թե ինչ պետք է անեին Թուրքին ու Գյուլը, որպեսզի արժանիորեն հավակնեին այս մրցանակին: Կլինի՞ նման հայտարարություն, շատ բարի, չի՞ լինի, ուրեմն թող ոչ ոք չչքմեղանա, թե այս մեռելածին արձանագրություններով հայ-թուրքական կարգավորման գաղտնի գործընթաց այլևս չի ընթանում: Թող պարոն Նալբանդյանը, եթե դա այդպես չէ, ելնի եւ ի լուր հայության երեք անգամ հայտարարի' ոչ եւ եւս մեկ անգամ' ոչ: Թող հիմա հանրապետական Շարմազանովը հայտարարի, որ մենք նրանց դռնից դուրս ենք քշում, նրանք անգամ ինքնաթիռների պատուհաններից են ներս մտնում, թող Լևոն Տեր-Պետրոսյանը գլխին հավաքի իր ծանոթ եվրոպա պաշտոնյաներին ու ասի' այսպես չի կարելի, ես եմ Սերժ Սարգսյանին խորհուրդ տվել գնալ Թուրքիա եւ օգտվել Գյուլի տիկնոջ խոհանոցից:

Է՜, եղբայր... Մերոնց հետ կապված' ամեն ինչ պարզ է: Ծպտուն էլ չեն հանի եւ դեռ մի բան էլ գաղտնի կշնորհավորեն մեդալակրին: Chatham Hause-ը, կարծես, մտածել է նաև այդ մասին: Գյուլին հանձնվող մրցանակը զուտ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում ունեցած ներդրման համար չէ: Մրցանակի հետ տրվող գովասանագրում ասված է, որ Գյուլը մեծ ավանդ ունի Իրաքի տարբեր քաղաքական խմբերի միջև համաձայնություն հաստատելու, աֆղանա-պակիստանյան հարաբերությունների կարգավորման, մերձավորարևելյան խնդիրների լուծման, ձեռքի հետ էլ' հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործերում: Այսինքն, ըստ այս պլատայի, Գյուլը շատ ավելի բարձր թռիչքների թռչուն է, քան մենք' միամիտ հայերս ենք կարծել: Մենք նաև մի լուրջ թերություն ունենք: Չենք հասկանում, որ Chatham Hause-ը մի տեսակ վիրտուալ աշխարհի ներկայացուցիչ է, ճիշտ Անգլիայի թագուհու պես մի բան, որին թվում է, թե տարվա մեջ 365 տոնական օր կա: Մենք չենք ուզում հասկանալ, որ այս չիպին բոլորովին չի հետաքրքրում, որ ոչ Իրաքում, ոչ աֆղանա-պակիստանյան սահմանին, ոչ Մերձավոր Արևելքում, ոչ հայ-թուրքական հարաբերություններում, ոչ էլ նույնիսկ Թուրքիայի ներսում, որևէ առաջընթաց չակա: Չենք հասկանում եւ ախմախ-ախմախ հարց ենք տալիս' հետևաբար որտե՞ղ է Գյուլը կատարել իր անժամանցելի ներդրումները, որոնց համար պարգևի է արժանացել:

Միայն թե չասեն նախանձում ենք: Իսկ որպեսզի նման բան չասեն, պետք է առաջինը մենք ասենք, որ հիասթափված ենք իրենց չիպի աշխատանքից էլ, որոշումներից էլ: Կամ էլ ո՞վ գիտե' գուցե Գյուլն է ճիշտ, որ մերոնք հայտարարություն չեն անում եւ նրա հետ թև-թևի տված ընդառաջ են գնում հերթական ապրիլքսանչորսին:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը