Աշխարհ

23.11.2016 17:12


Թուրքիայում ռազմական օդաչուների պակասը լրացվելու է ռեզերվային օդաչուներով

Թուրքիայում ռազմական օդաչուների պակասը լրացվելու է ռեզերվային օդաչուներով

Թուրքիայում ռազմական հեղաշրջաման փորձից հետո հեռացված օդաչուների պակասը լրացնելու նպատակով Թուրքիայի կառավարությունը որոշել է որպես ռեզերվ ներգրավել նախկինում սեփական կամքով զինուժից հեռացած ռազմական օդաչուներին:

razm.info–ն հայտնում է, որ այս մասին հրամանագիրը ընդունվել է Թուրքիայում հայտարարված «արտակարգ դրության» պայմաններում՝ հոկտեմբերի 31-ին, իսկ նոյեմբերի 22-ին այն հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում (Resmi Gazete)՝ ստանալով օրենքի ուժ:

Ռեզերվային օդաչուներին նախատեսվում է օգտագործել «ճգնաժամային իրավիճակներում կամ ռազմական գործողությունների ընթացքում»:

Համաձայն հրամանագրի` ճգնաժամային կամ ռազմական գործողությունների իրականացման ժամանակ, զինված ուժերի կանոնավոր անձնակազմից բացի, որպես ռեզերվային օդաչու կարող են ներգրավվել սեփական կամքով զինուժից հեռացած այն օդաչուները, որոնք կհամապատասխանեն անհրաժեշտ պայմաններին:

Նրանք պարբերաբար՝ ոչ քիչ քան ամսվա մեջ 3 աշխատանքային օր և 1 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ոչ ավել քան 6 աշխատանքային օր, նախօրոք որոշված ինքնաթիռներով նախապես որոշված շրջաններում թռիչքներ են իրականացնելու: Այս ընթացքում, անհրաժեշտության դեպքում, վերապատրաստման և պատերազմի պատրաստության դասընթացներ կանցկացվեն:

Ռեզերվային օդաչուների քանակի վերաբերյալ առաջարկով պետք է հանդես գա ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, այնուհետև ՊՆ հավանությունը ստանալուց հետո, օդաչուների վերջնական անհրաժեշտ քանակը սահմանվելու է նախարարների խորհրդի որոշմամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին ուժի մեջ մտած մեկ այլ հրամանագրով, Թուրքիայի ՊՆ – ԶՈւ ԳՇ հրամանատարություններից հեռացվում է 1988 զինծառայող: Այդ թվում՝ ցամաքային ուժերից 1259, ռազմածովային ուժերից՝ 391 և ռազմաօդային ուժերից՝ 338 զինծառայող: ՌՕՈւ-ից հեռացվածների հիմնական մասը միջին սպայական կազմի ռազմական օդաչուներ, տեխնիկներ են:

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը