Աշխարհ

12.10.2016 17:09


Հունաստանը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՆԱՏՕ

Հունաստանը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՆԱՏՕ

Հունաստանի արտգործնախարարությունն ու զինված ուժերի գլխավոր շտաբը Թուրքիայի դեմ իրենց բողոքն են ներկայացրել ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական «OdaTv»–ին հղումով։

Հունաստանն իր դժգոհությունն է արտահայտել վերջին ամսվա ընթացքում թուրքական նավատորմի սուզանավերի՝ հունական տարածքում գտնվելու առթիվ։

Հունական կողմը, մասնավորապես, նշել է, որ թուրքական սուզանավերը չափից շատ են մոտեցել Էգեյան ծովում գտնվող և Հունաստանին պատկանող Լեմնոս, Սամոթրակիա, Հիոս, Լեսբոս, Հռոդոս, Կարպատոս, Կաստելորիզո կղզիներին և Կրետեի հյուսիսային ափերին:

Աղբյուրի համաձայն՝ հույն պաշտոնյաները նշյալ տարածքներ են բերել 6 նավ և ռազմական օդանավեր: Սակայն հունական տարածք ներխուժած թուրքական սուզանավերը չեն հետապնդվել ու հեռացվել տարածաշրջանից:

Հունաստանի ներկայացրած բողոքի մեջ ուշադրություն է հրավիրվել նաև հետևյալ հանգամանքին: Թուրքական սուզանավերի այս ակտիվությունը գրանցվել է նախագահ Էրդողանի և այլ թուրք պաշտոնյաների կողմից Էգեյան ծովի կղզիների և Լոզանի պայմանագրի մասին հայտարարություններից հետո:
Ս. թ. սեպտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր 1923թ. հուլիսի 24-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում կնքված հաշտության պայմանագիրը: Էրդողանը, մասնավորապես, նշել էր, որ այդ պայմանագիրը թուրքական կողմին հրամցվել է որպես հաղթանակ, մինչդեռ հենց Լոզանի պայմանագրի շրջանակներում Թուրքիան ստիպված է եղել հրաժարվել Էգեյան ծովի կղզիներից:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը