Մեկնաբանություն

27.10.2010 18:31


Ո՞վ է ստախոսը կամ Հիլարի «խաղացնելու» իրական գինը

Ո՞վ է ստախոսը կամ Հիլարի «խաղացնելու» իրական գինը

Հայաստանի իշխանական վերնախավը հերթական սկանդալի մեջ է հայտնվում։ «Յութուբ»-ում տեղադրված տեսանյութը, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը սփյուռքահայ մի երիտասարդի բացատրում է, թե ինչու ԱՄՆ վարչակազմը չի կատարում իր խոստումը ցեղասպանության ընդունման մասով, շատ ավելի լուրջ հետևանքներ է ունենալու, քան պզոյական պատմությունը։

Բանն այն է, որ Բայդենը հայ երիտասարդին ասում է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՛ նախաձեռնողականության շրջանակներում են իրենք առժամանակ հրաժարվում Հայոց ցեղասպանության ընդունումից։ Դժվար թե, Բայդենը ստած լիներ։ Իսկ եթե ստում է, ապա հրապարակավ պետք է հերքի ու ներողություն խնդրի և՛ ամերիկահայերից, և՛ հայաստանցիներից։ Ընդ որում՝ այդ ամենը պետք է տեղի ունենա շատ արագ, որպեսզի ԱՄՆ-ում օրերս սպասվող ընտրությունների ժամանակ հայ լոբբիստները կարողանան հնարավորինս մեծ չափով ճնշել խոստումներից խուսափող դեմոկրատներին։

Իսկ եթե առաջնորդվենք այն վարկածով, որ Բայդենն, այնուամենայնիվ, չի ստում ու ՀՀ նախագահն իրոք նախաձեռնողականություն է ցուցաբերել, ապա շատ տխուր պատկեր է ստացվում։ Փաստորեն, Սարգսյանը ցեղասպանության առևտրով է զբաղված եղել, եթե հավատանք այդ տեսանյութում հնչած տեղեկատվությանը։

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Գյուլի երևանյան այցից հետո Սերժ Սարգսյանը հպարտությամբ պնդում էր, թե ինքը դեմ չէ, որ Թուրքիան օժանդակող կողմ դառնա Ղարաբաղի խնդրի լուծման հարցում, ապա «ֆուտբոլային» դիվանագիտության իրական պատկերն ամբողջական է դառնում։ Իսկ պատկերն այդ, մեր դիտարկմամբ, այսպիսին է եղել. Սարգսյանը «ֆուտբոլը» նախաձեռնել է «Ղարաբաղը՝ մեզ, ցեղասպանությունն ու Կարսի պայմանագիրը՝ ձեզ» տրամաբանությամբ՝ միամտաբար կարծելով, թե թուրքական երկու նախապայմաններին ընդառաջ գնալը նրանց կդարձնի մեր կողմնակիցը Ղարաբաղի հարցում։

Չի բացառվում, որ նույն Գյուլը Սարգսյանին խնդրած լինի, որպեսզի վերջինս միջամտի և ԱՄՆ-ին հորդորի հետաձգել ցեղասպանության ճանաչման հարցը։ Սարգսյանն էլ երևի ասել է՝ հարց չկա, բայց սահմանը կբացե՞ք։ Հա, բա ոնց՝ հավաստիացրել է Գյուլը։ Սարգսյանն էլ հավատացել է իր սիրելի Աբդուլլահին, վերցրել  ու զանգել է ԱՄՆ։ Այս ամենը, իհարկե, ենթադրության ոլորտից է, բայց հաշվի առնելով այն մթնոլորտը, որը տիրում էր Հայաստանում կազմակերպված թուրքական օրերի ժամանակ, չի բացառվում, որ մոտավորապես այսպիսի մի պատմության հետ գործ ունենք։ Այսինքն՝ երբ Սերժ Սարգսյանը ամերիկաթուրքական վոյաժների մեջ էր ու ամեն օր Հիլարի Քլինթոն էր «խաղացնում», այսօրինակ թեմաներից էին խոսում։

Հիմա նայենք, թե ինչ եղավ այդ տեսանյութի համացանցում հայտնվելուց հետո։

ՀՀ նախագահի մամլո խոսնակը հերքեց Բայդենի ասածները  և հայտարարեց, թե նման բան չի եղել, և ՀՀ նախագահը երբեք այդպիսի խնդրանքներով հանդես չի եկել, այլ ընդհակառակը՝ միշտ կողմ է եղել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի։ Անմեղության կանխավարկածից ելնելով՝ հակված ենք հավատալ նախագահի խոսնակի ասածներին, իսկ թե ո՞րն է ճշմարտությունը՝ կպարզվի շատ շուտով։ Հանաք բան չէ, աշխարհի գերտերության փոխնախագահին, ըստ էության,  ստախոսության մեղադրանք է ներկայացվել։

Հիմա հարց է առաջանում, թե ո՞վ է ստում՝ Բայդե՞նը, թե՞ ՀՀ նախագահի թիմը։ Այս հարցը, կարծում եմ, դեռ երկար ժամանակ քննարկման առարկա կմնա։

Չի բացառվում, որ տեսանյութը հրապարակ են նետել ամերիկացիները՝ դրանով պատասխանելով ՀՀ-ի ու ՌԴ-ի վերջերս ստորագրված 49-ամյա ռազմական պայմանագրին ու փորձելով ճնշումներ գործադրել Ղարաբաղի հարցով։ Փաստորեն, յանկիները պզոյով սկսեցին ու ցեղասպանության ուրացման սպեցօպերացիայով ավարտում են։ Տեսնես սրան ի՞նչ է հաջորդելու։

Մեկ բան ակնհայտ է. այս իշխանություններն իրենց քայլերով իսկական պատուհաս են դարձել Հայաստանի գլխին, ու մի «Յութուբ» կայքով բոլորը նրանց մատների վրա են խաղացնում։ Այսպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հայաստանյան հասարակությունը «մերոնց» չի ուղարկել «Յութուբ», իսկ հետո Recicle bin ու այնտեղից էլ delete։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի հիմնական գլխացավանքներից մեկն իր նախագահ դառնալուց հետո դարձել է «Յութուբը»։ Այնտեղ պարբերաբար սկանդալային նյութեր են հայտնվում, որից հայ ժողովուրդը տեղեկանում է, թե ինչպես են նկարահանվել Սարգսյանի նախընտրական տեսահոլովակներն ու ինչ են իրականում մտածում Սարգսյանի ու իր շրջապատի մասին նույն այդ տեսահոլովակների մաքուր տարբերակներում ՀՀԿ «ճկուն» նախագահին գովերգողները։ Հիմա էլ Բայդենը մեյդան ընկավ ու էլի «Յութուբի» շնորհիվ։ Աչքիս՝ հայաստանյան փոփոխությունները նոր տեխնոլոգիաների շնորհիվ են լինելու՝ «ինտերնետն ընդդեմ իշխանության լիակատար վերահսկողության տակ գտնվող հայկական փտած հեռուստաընկերությունների» մոդելով։ Կեցցե՛ն նորագույն տեխնոլոգիաները։  

Հ.Գ.–2: Անկախ այն հանգամանքից՝ կհաստատվեն տեսանյութում հնչած մտքերը, թե ոչ՝ մեկ բան ակնհայտ է, որ «ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հիմա փաստացի դադարեցված է, բոլորը մոռացել են ցեղասպանության հարցը, հայ–թուրքական սահմանի բացման հարցը և քննարկում են միայն Ղարաբաղը՝ այն էլ մեզ համար անբարենպաստ սցենարով։ Սա՛ է «նախաձեռնողականության» արդյունքը։

Այս խորագրի վերջին նյութերը