Մեկնաբանություն

03.12.2010 12:06


Հայաստանը փակուղուց հանելու ժամանակը

Հայաստանը փակուղուց հանելու ժամանակը

ԵԱՀԿ գագաթնաժողովն ավարտվեց։ Աստանան ամփոփեց ՀՀ իշխանությունների անցած 2-ամյա ուղին ու Ղազախստանում վերջնականապես ամրագրվեց, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունը խայտառակ գործընթացների մեջ է ներքաշել մեզ, և միայն հանգամանքների բերումով ու Ալիևի էշության շնորհիվ փրկվեցինք. Սարգսյանը ստիպված հետ կանգնեց «նախաձեռնողականություն» կոչված խեղկատակությունից ու սկսեց զբաղվել «հայրենասիրությամբ»։

Հիմա ՀՀ-ն շունչ քաշելու ժամանակ է ստացել, ու այդ ժամանակը պետք է օգտագործել տան ներսում մաքրություն անելու համար։

Աստանան ցույց տվեց նաև «փողոցային» ընդդիմության առաջնորդի գաղափարական սնանկությունը։ Այսինքն՝ Սարգսյանի ձախողումները նաև Տեր-Պետրոսյանի՛ պարտությունն է։ Իսկ «մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի՝ Սերգո ջանը լավ չի ապրի» թեզն այնքան անհեթեթ ու հակահայկական է, որ չի դիմանում ոչ մի քննադատության, և այդ հարցում հայ հասարակությանը համոզելը կրկին իր վրա վերցրեց Ալիևը՝ այդ մասով էլ ակամայից ծառայելով մեր շահերին։

Մի քանի դիտարկումներ, և ամեն ինչ իր տեղը կընկնի։

Այս տարվա ամռանը տեղի ունեցավ ՀՀՇ համագումարը, որին աչալրջորեն հետևում էր ՀՀ «հիմնադիր» նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բայց մինչ կուսակցական ընտրություներն ուղղորդելը՝ ՀԱԿ առաջնորդը հասցրել էր ծրագրային ու բավական անկեղծ ելույթ ունենալ, որտեղ վերաշարադրել էր իր մոտեցումները Հայաստանի ապագայի վերաբերյալ։

«Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարա­բե­րու­թյունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանն այս տարվա հուլիսի 17-ին ունեցած ելույթի ժամանակ։

Համադրելով ՀՀ առաջին նախագահի ասածները, 1997-ին նրա առաջարկած փուլային լուծման տարբերակը (ինչից նա երբեք չի հրաժարվել՝ համարելով դա լավագույն լուծումը) և Ղարաբաղի շուրջ այժմ տեղի ունեցող իրադարձությունները՝ ստացվում է, որ Տեր-Պետրոսյանի ու Իլհամ Ալիևի մոտեցումները 100 տոկոսով նույնն են։

Իսկ ի՞նչ է ասում Ալիևը։ Նա ասում է և՛ ազատագրված 7 շրջանները, և՛ նախկին ԼՂԻՄ-ը պետք է լինեն անկախ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, որպեսզի Ղարաբաղի խնդիրն արագ լուծվի։ Ու հիմա եթե Տեր-Պետրոսյանն էլ է գտնում, որ խնդիրը պետք է շուտափույթ լուծել, որպեսզի ՀՀ-ն զարգացման հնարավորություն ունենա, ապա Լևոնի ու Իլհամի մասով ունենում ենք իդենտիկ տեսակետներ։ Ի դեպ, տերպետրոսյանականների կողմից գովազդվող 1997-ի փուլային տարբերակն այն էր, ինչն այսօր փորձում է Հայաստանից կորզել Ալիևը, բայց Սերժ Սարգսյանը չի տալիս։

Ճիշտ է, ՀԱԿ առաջնորդն իր ՀՀՇ-ում հնչեցրած տեսակետը հետո փորձեց խմբագրել՝ ասելով, թե ես ասում եմ լուծեք, այլ ոչ թե զիջեք, բայց դա արդեն դեմագոգիա է, քանի որ եթե դու թիվ մեկ հարցը համարում ես Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմաննների բացումը, ապա Ղարաբաղի կարևորությունն  այդ տրամաբանության շրջանակներում երկրորդական է դառնում։

Ստացվում է, որ իրեն այս իշխանություններին արմատական ընդդիմություն հռչակած Տեր-Պետրոսյանն ի համեմատ Սերժ Սարգսյանի ավելի վտանգավոր տեսակետներ ունի, և ահա թե ինչու։

Ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը։ Նա Թուրքիայի մասով տերպետրոսյանական մոտեցման հետևորդներից է և կողմ է, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցը փաստացի դուրս գա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, այլապես չէր ստորագրի հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը նախատեսող փաստաթղթի տակ։

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա այստեղ Սերժի ու Լևոնի տարբերությունն ակնհայտ է։ Սարգսյանը կողմ է ազատագրված յոթ շրջանները հանձնել Ադրբեջանին, իսկ դրա դիմաց ստանալ նախկին ԼՂԻՄ տարածքի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն և ունենալ Լաչինը Հայաստանին կապող պորտալարի հույս։ Սարգսյանը մինչև այժմ էլ այդպես է տեսնում Ղարաբաղի հարցի կարգավորումը, բայց նույնիսկ դրան համաձայն չէ մեր հարևան երկրի ղեկավարը։ Բա էլ ինչի՞ց ենք խոսում, երբ առաջ ենք մղում շուտափույթ լուծման գաղափարը։

Սերժ Սարգսյանի տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը ցույց տվեց, որ լևոնական մտածողությունը պարտության ու ինքնակործանման ճանապարհն է։

Եթե հիշում եք՝ Տեր-Պետրոսյանը մեղադրում էր Սարգսյանի իշխանությանը, հայտարարելով, թե եթե Հայաստանի իշխա­նություններն իսկապես շահագրգռված են իրենց իսկ նախաձեռնած հայ-թուրքական մերձեցմամբ, ապա դրա համար նախեւառաջ պետք է լուծեն Ղարաբաղի հարցը։

Կարծում եմ, որ մեկնաբանություններն այս մասով ավելորդ են։ Փաստորեն՝ Սերժը Լևոնի համեմատ ավելի կոշտ դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում ու, հետևաբար, ՀԱԿ-ական ընդդիմությունն անգամ այս կրիմինալ իշխանության ֆոնին դառնում է մարգինալ։ Մանավանդ  եթե հաշվի առնենք, որ ներքին կյանքում առաջին ու երրորդ նախագահները նույն հակաժողովրդավարական մտածելակերպն ունեն (ընտրակեղծարարներ են, կողմ են իշխանության և բիզնեսի սերտաճմանը և այլն), ապա ստացվում է, որ Լևոնի արմատական տրամադրվածությունն այս իշխանությանը՝ «ֆուտբոլային» դիվանագիտության ուղղությամբ մինչև վերջ չգնալու և թուրք-ադրբեջանական զույգի նախապայամանները չբավարարելու հարցում է։

Պատրա՞ստ են Հայաստանի ու Ղարաբաղի ժողովուրդը գնալ այդպիսի լուծումների։ Բնականաբար՝ ոչ։ Հետևաբար՝ Տեր-Պետրոսյանը քաղաքական լուսանցքում է այժմ, պարզապես իներցիայով շարունակում է փողոցները չափչփել։

Արձանագրենք, որ լևոնական «մաստի» «արմատական» ընդդիմությունը պարզապես նվեր է այս իշխանությանը։ Լևոնենց ֆոնին «ֆուտբոլասերները» պետականամետության ռահվիրաններ են թվում, ինչի արդյունքում ժողովուրդը գործնականում զրկվում է այլընտրանքից։ Հետևաբար օրախնդիր է դառնում և՛ այս կրիմինալ իշխանության, և՛ նրանցից ոչ պակաս կրիմինալ անցյալ ու դրան էլ գումարած «հողերը տանք, որ լավ ապրենք» մտածողության կրող «ընդդիմադիր» ուժերից ազատվելը, և քաղաքական նոր դաշտ ձևավորելը։

Քանի դեռ Տեր-Պետրոսյանն է ընկալվում տիտղոսային ընդդիմություն՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժ է, ինչը թույլ տալի չի կարելի, քանի որ սերժական կառավարումը Հայաստանի դանդաղ ոչնչացումն է, ի տարբերություն լևոնական մոդելի, որի օրոք Հայաստանը կոչնչացվեր  անհամեմատ արագ տեմպերով։ Բայց եկեք ընտրություն չկատարենք արագ ու դանդաղ մահվան միջև, այլ ընտրենք կյանքը։ Իսկ դա նշանակում է կազմակերպել Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի համաժամանակյա հեռացումը քաղաքական ասպարեզից։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը