Լրահոս

29.09.2010 09:18


Գյումրեցի մասնագետները կրկին բողոքում են օտարալեզու դպրոցների վերաբացման գաղափարի դեմ

Գյումրեցի մասնագետները կրկին բողոքում են օտարալեզու դպրոցների վերաբացման գաղափարի դեմ

Օտարալեզու դպրոցների վերաբացման վերաբերյալ օրինագծերի քննարկումը հանրապետության երկրորդ քաղաքում կրկին որոշակի դժգոհությունների ալիք է բարձրացրել։  Սակայն ի տարբերություն մայրաքաղաքի, Գյումրիում դժգոհությունը պասիվ բնույթ է կրում:  

Գյումրեցի շատ մասնագետների համար օտարալեզու դպրոցներին վերաբերող օրինագիծը շարունակում է մնալ մերժելի:

«Եթե օտար լեզուն երկրորդ կամ երրորդ լեզվի կարգավիճակով մտներ դպրոց, ես դա կողջունեի, բայց մաքուր օտարալեզու դպրոցը ես չեմ պատկերացնում, չեմ պատկերացնում, թե այդ դպրոցների արդյունքը ինչ է լինելու: Ինչ որ տեղ նաև վախով եմ մոտենում այդ գաղափարին»,- ասում է հայոց լեզվի ուսուցչուհի Հասմիկ Օհանյան:

«Մտավախությունն այն է , որ կարող է մեկ դպրոցի բացումն անգամ վատ նախադեպ դառնալ, հետո առաջ կգա շերտավորում։ Բնական է, որ այստեղ կսովորեն ավելի ապահովվածները, հայոց լեզուն ու հայոց դպրոցը կդառնա ստորին խավի պահանջմունքները բավարարող հաղորդակցության միջոց ու կունենանք օտարալեզու էլիտա, ովքեր կմտածեն ու կխոսեն օտար լեզվով, ինչպես մի ժամանակ ռուսերենն էր »,- բացատրում է հայոց լեզվի վաստակաշատ մասնագետ Նվարդ Սիմոնյանը:

«Ներքին վախ ունեմ, որ  կազդի մայրենի լեզվի կրթությանը: Մայրենի լեզվով դասավադող դպրոցները կդառնան երկրորդական: Դպրոցները կդասկարգվեն և կդառնան հարուստների և աղքատների դպրոցներ, ու կամաց-կամաց մենք մեր ձեռքով դուրս կմղենք մայրենի լեզվով ուսուցումը և ազգապահպանությունը»-նշել է Նվարդ Սիմոնյան:

 Սակայն մասնագետների դժգոհություննները սահմանափակվում են միայն լրատվամիջոցներին իրենց բողոքները ներկայացնելով և կոկնրետ գործնական քայլեր նարանց կողմից չեն ձեռնարկվում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը