Կարծիք

17.11.2009 17:56


Դուք Բիսմարկին հաստատ նման չեք

Դուք Բիսմարկին հաստատ նման չեք

Վերջերս երկրի առաջին նախագահը փորձեց ներկայանալ իրական քաղաքականության' ռեալ-պոլիտիկի սեփական ընկալմամբ: Գործող նախագահի կողմնակիցների և գաղափարակիցների կողմից նույնպես ներկայիս արտաքին քաղաքականությունը ներկայացվում է որպես «իրական և իրատեսական», այլ ոչ թե «ռոմանտիկ»:

Հայ-թուրքական արձանագրությունների կողմնակից այս երկու թիմերն իրենց ներկայացնում են իրական քաղաքականությունից հասկացող, իսկ ընդդիմախոսներին' զգացմունքներով առաջնորդվող:

«Ռեալ-պոլիտիկի» իրենց յուրօրինակ ընկալումը ոչ մի կապ չունի թե իրական քաղաքականության, թե նույնանուն տերմինի հետ:

Արտաքին քաղաքականությունում կա երկու հիմնարար մտածելակերպ' իրական-քաղաքական և ռոմանտիկ-իդեալիստական:

Ռեալ-պոլիտիկը կամ իրական քաղաքականությունը իր մշակումների մեջ.

-ելնում է զարգացման հոռետեսական սցենարներից,

-չի ընդունում այս կամ այն հեղինակության գոյությունը,

-արդարության և հանրային կարգի հաստատման գործում հույսը դնում է բացառապես սեփական ուժերի վրա,

-չի վստահում մյուսներին և կանխատեսումները կազմում է ոչ թե համագործակցության, այլ կոնֆլիկտի կանխավարկածի հիման վրա:

Համաձայն ռեալ-պոլիտիկների, հաջողության հասնում է ուժեղը և միայն այդ դիրքից կամ ուժերի հակակշռման միջոցով կարելի է լուծել խնդիրները:

Մյուս կողմից իդեալիստները.

-համարում են հակամարտությունները կողմերի թյուրըմբռնման կամ համապատասխան շփումների պակասի հետևանք,

-հավատում են, որ տնտեսական փոխկապվածությունը և փոխադարձ շահը կմերձեցնեն քաղաքակրթությունները,

-միջազգային հարաբերությունների առանցք են դիտում գլոբալ կառավարումը և միջազգային ինստիտուտների գործունեությունը:

Եթե իրական քաղաքականության կողմնակիցները կասկածով են վերաբերում մյուսների նկատմամբ, ապա իդեալիստները բավական դյուրահավատ են: Հավատում են մյուսներին' իրենց հերթին անշեղորեն կատարելով սեփական պարտավորությունները:

Ռեալ-պոլիտիկի թերություններից է ուրիշների նկատմամբ վստահության պակասը, իսկ իդեալիստների խնդիրը այն է, որ նրանք չեն ընկալում մի պարզ ճշմարտություն' ուժերի անհավասարակշռության պայմաններում չի կարող լինել իրական երկխոսություն:

Հիմա չեմ ուզում խոսել ազգային քաղաքական այն ուղեգծի մասին, որի կրողն ու հետևողական իրականացնողը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է: Սակայն միանշանակ է, որ մեր ընդդիմախոսների քաղաքական կուրսն ամբողջությամբ տեղավորվում է արտաքին քաղաքականության իդեալիստական ընկալումների մեջ, որտեղ կա ամեն ինչ' ինքնահամոզում և ինքնախաբեություն, հավատ թղթի ուժին, միջազգային կազմակերպությունների երաշխիքներին, այլ պետությունների խոստումներին, տնտեսական համագործակցության բարերար դերին, ազգերի միջև փոխադարձ շփումների մոգական ուժին, փոխադարձ համագործակցությամբ ու շահով ձեռք բերված խաղաղությանը: Կա ամեն ինչ, բացի ուժի և ինքնավստահության դիրքերից իրականացվող իրական քաղաքականության:

Իրական քաղաքականության կրողները հիմնել են կայսրություններ և հզոր պետություններ, նրանք խոսում են ուժի դիրքից' զենքի, ճնշումների, սադրանքի, շանտաժի և ցանկացած գնով իրենց նպատակին հասնելու միջոցով:

Իսկ ձեր իրական քաղաքականությունը իրականության հետ հաշտվելու քաղաքականություն է: Հաշտվողականությունը իրատեսություն չէ, հաշտվողականությունը պարտվողականություն է: Առանց ամբիցիայի քաղաքականությունը ապագա չունեցող պետության քաղաքականություն է:

Դուք իրական քաղաքականություն ասելով հասկանում եք համակերպվել իրականության հետ:

Դուք իրական քաղաքականություն ասելով հասկանում եք առ-և-տուր, հասկանում եք զիջել, հասկանում եք կապիտուլյացիա:

Ձերը ոչ թե «ռեալ-պոլիտիկ» է, այլ «նաիվ-պոլիտիկ»:

Եվ դուք Բիսմարկին հաստատ նման չեք:

Արա Նռանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Այս խորագրի վերջին նյութերը