Կարծիք

13.11.2009 14:45


Թվացյալ կայունութունը

Թվացյալ կայունութունը

Վերջերս «7օր»-ը մի քանի գործիչների և փորձագետների ուղղել է «Արդյո՞ք հասարակական բևեռացվածությունն այսօր մեղմացվե՞լ է» հարցը: Դատելով պատասխաններից՝ շատերն այս հարցում նույն սխալն են գործում, ինչ և 2008թ. ընտրություններից առաջ: Ցավոք, հայաստանյան փորձագետների և գործիչների զգալի մասը իրենց վերլուծություններում, դատողություններում ու կանխատեսումներում կենցաղային բանականության դիտարկումներին բնորոշ մակերեսայնությունից հեռու չեն գնում: Եթե իրավիճակն արտաքուստ հանգիստ է և «կայուն», նրանք դա հակված են շփոթել իրական կայունության հետ: Այդպիսի շփոթն ավելի քան ներելի է առօրյա պատկերացումների տեսակետից, բայց բացարձակ անհամարժեք է փորձագիտության և վերլուծականության տեսանկյունից, որոնց նպատակն էլ հենց այն է, որպեսզի արտաքուստ չերևացող, քողարկված միտումներն ու օրինաչափությունները բացահայտվեն: Այլապես եթե վերլուծությունը կամ մասնագիտական կարծիքը պետք է ասի այն, ինչ առանց այդ էլ «բոլորին հայտնի է», ապա կորչում է վերլուծականության ողջ իմաստը:

Մի պահ դառնանք 2008թ.-ին նախորդող դեպքերին: Անկախ Հայաստանի պատմության մեջ չկա արտաքուստ ավելի «կայուն» ու հանգիստ քաղաքական շրջան, քան 2005-2007 թթ. (թեև և՛ 2005թ., և՛ 2007թ. ընդդիմադիր հրապարակային դրսևորման որոշ փորձեր եղան, բայց համեմատության մեջ դրանք այն տպավորությունը չթողեցին, ինչ նախորդ և հետագա դրսևրումները): Քաղաքական այս համեմատական հանդարտությունից շատերը շտապեցին եզրակացություններ անել «կայունության» հաստատման, արմատական ընդդիմադիր դրսևորումների պահանջարկի բացակայության և այլնի վերաբերյալ: Ու ոչ ոք ի զորու չեղավ կանխատեսել 2008թ. դեպքերը, որոնք իրենց ծավալով, թափով և հետևանքներով գերազանցեցին նախորդ բոլոր ընդդիամդիր շարժումները: Կարելի էր ենթադրել, որ այս դեպքերը գոնե պետք է սթափեցնեին մարդկանց, քանի որ ակնհայտ պետք է դառնար, թե որքա՜ն խաբուսիկ է այն, ինչ նրանք կոչում են կայունություն: Բայց, ինչպես ցույց է տալիս կյանքի և պատմության փորձը, աշխարհում ամեն բան չափ ու սահման ունի, բացի բթությունից: Փոխանակ վերլուծելու 2008թ. հասարակական պայթյունի օբյեկտիվ հիմքերը, փոխանակ վերանայելու կարծրացած բացատրության մոդելներն ու պատկերացումները, վերլուծաբանների մի մասը նորից գնաց հեշտ ճանապարհով, և բացատրական մոդելները կրկին փոխառեց կենցաղային առօրյա պատկերացումներից: Գործընթացի ներքին օբյեկտիվ ակունքները մի կողմ թողած՝ առաջին պլան մղվեցին սուբյեկտիվ և մոգական գործոնները («չար կամք», «ատելություն», «զանազան հնարներ», «զանգվածային հիպնոս», «հոգեխանգարմունք», «մութ ուժեր») կամ արտաքին դավադրության տեսությունը: Մի խոսքով, տեղի ունեցածը, ըստ այդ վարկածի, մեծ հաշվով պատահականություն էր, որը ոչ մի կապ չուներ ներհայաստանյան իրականության հետ: Չժխտելով սուբյեկտիվ և արտաքին գործոնների կարևորությունը ցանկացած գործընթացի վերլուծության համատեքստում' պետք է շեշտեմ, որ առանց ներքին օբյեկտիվ պատճառահետևանքային կապերի վերհանման՝ վերլուծություն կամ փորձագիտություն բառիս բուն իմաստով հնարավոր չէ: Միայն սուբյեկտիվ գործոնի և արտաքին միջամտության հիման վրա կառուցված բացատրությունները, որքան էլ դրանք արտաքուստ հագեցված լինեն գիտականակերպ եզրաբանությամբ, ըստ էության, միշտ էլ մնում են բամբասանքի և բաբոյի հեքիաթի մակարդակին: Ընդ որում, պարադոքսն այն է, որ «արտաքին դավադրության» տեսությունը շատ հաճախ որևէ հասարակության կառավարելիությունն ապահովող լավագույն գործիքներից է հենց արտաքին ուժերի ձեռքում: Այսինքն, չվախենալով հակասության մեջ ընկնելուց, կարող ենք ձևակերպել, որ «արտաքին դավադրության տեսությունը» հենց ինքն է «արտաքին դավադրություն»:

Ինչևէ, փորձը ցույց է տալիս, որ նույն սխալը շատերը հակված են կրկնել այսօր: Արտաքուստ հասարակությունը համեմատաբար հանդարտված է, ներքին իրավիճակը՝ համեմատաբար կայունացած, և ահա արդեն լսում ենք ճահճային կենդանիների նույն հոգնած հորանջը: Սխալը մեթոդաբանական է: «Կայունությունը» չի կարելի շփոթել արտաքին և մակերեսային հանդարտության հետ: Կայունությունը համակարգային խնդիր է: Քանի դեռ համակարգային հակասությունները պահպանվում են, իրական կայունության մասին խոսք լինել չի կարող, որքան էլ իրավիճակը հանդարտված թվա: Հայաստանում համակարգային հակասությունների օրինակները շատ-շատ են: Հիշեցնենք միայն ամենահայտնիները: Գրված և իրական օրենքների բացարձակ հակադրություն: Իհարկե, գրվածի և իրականի լիարժեք նույնացում երբեք և ոչ մի տեղ չի լինում: Բայց խոսքը դրա մասին չէ: Ո՛չ էլ փողոցը կարմիր կամ կանաչ լույսի տակ անցնելու տիպի օրենքների մասին: Բոլորս էլ գիտենք, թե ինչպես է «գործում» իշխանություն ձևավորող հիմնական' ազատ ընտրությունների սահմանադրական մեխանիզմը: Փորձը ցույց է տալիս նաև, որ այս հարցը հասարակության մի շատ զգալի մասին իրապես հուզում է: Գրվածի և իրականի միջև այդ կարգի և այդ խորության հակասությունը չի կարող հավերժ չլուծված մնալ: Մյուս հայտնի օրինակը մենաշնորհային համակարգն է: Հասարակության զարգացմանը զուգահեռ՝ աճում է հակասությունը ձևավորվող միջին խավերի և օլիգարխիկ համակարգի միջև: Կա՛մ հասարակական զարգացումը պետք է կանգ առնի որոշակի մակարդակի վրա, կա՛մ մենաշնորհային համակարգը պետք է տեղի տա, ընդ որում բոլոր մակարդակներով' տնտեսական, տեղեկատվական, քաղաքական և այլն: Հակասությունների այս շարքը կարելի է շարունակել: Էլ չեմ ասում, որ Հայաստանը մեկուսացված կղզի չէ, և մի կողմից չի կարող չկրել համաշխարհային զարգացումների ազդեցությունը, մյուս կողմից էլ չի կարող իրեն շռայլություն թույլ տալ՝ պարտվել իր հարևանների հետ մրցակցությունում: Այս բոլորը քաջ հայտնի են, և կարծում եմ՝ հակասությունների այս թվարկումը շարունակելն իմաստ չունի:

            Կարևոր է այն հետևությունը, որն ախուսափելի է փաստերի նույնիսկ այս թեթևակի թվարկումից և նախկին փորձի վերարծարծումից հետո: «Կայունությունը» Հայաստանում կմնա սին պատրանք և դեմագոգիա, քանի դեռ լուծված չեն համակարգային հակասությունները: Նույնը վերաբերում է հասարակական միասնությանը, արմատական ընդդիմադիր շարժումների պահանջարկի վերացմանը և այլն: Էստրադայի երգիչներն ու դպրոցական տարիքի երեխաները կարող են այլ կերպ մտածել, բայց ցանկացած վերլուծաբան, փորձագետ, մասնագետ պարտավոր է գիտակցել, որ Հայաստանում հեղափոխական վիճակը կրում է պերմանենտ բնույթ: Որովհետև դրա պատճառները ոչ թե ինչ-որ անձի կամ ինչ-որ արտաքին մութ ուժի չար կամքն է, հնարներն են, հիպնոսը և այլ թուղթ ու գիրը, այլ օբյեկտիվ հասարակական գործոները: Անձը կամ արտաքին ուժը, անշուշտ, կարող են մեծապես օգտվել կամ չօգտվել օբյեկտիվ այս գործոններից, բայց նրանք ի զորու չեն զրոյից արհեստականորեն «ապակայունացնել» իրավիճակը:           

Ավելին. կարելի է բավական հանգիստ կանխատեսել, որ ինչքան հակասությունների լուծումը հետաձգվի, այնքան ավելի սուր և արմատական է լինելու ապագա հանգուցալուծումը: Որքան ավելի երկար տևի և անշրջելի թվա որևէ հերթական «կայունության» շրջանը, այդքան ավելի ուժգին և արմատական է լինելու դրան հետևող հերթական «ապակայունացումը»: Ամեն մի ճնշված ու չկայացած հեղափոխություն միայն նոր' ավելի արմատական շարժում է ավետում հետագա տարիներին: Միայն միամիտներն են կարծում, թե մարտի 1-ը հենց այնպես անցավ գնաց: Չեմ ուզում չար գուշակի դեր ստանձնել, բայց կարող եմ ասել, որ որքան հետաձգվեն մարտի 1-ին հանգեցրած հակասությունների լուծումները, այնքան ավելի ուժեղ է լինելու այդ դեպքերի հետադարձ հարվածը, և նույնիսկ հնարավոր է՝ այսօրվա արմատական ընդդիմադիրները սարսափեն այն դաժան հանգուցալուծումից, որին կարող է հանգեցնել այդ հետադարձ հարվածը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը