Հարցազրույց

10.11.2009 19:03


Հովսեփ Խուրշուդյան.

Հովսեփ Խուրշուդյան.

Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում 2010թ. բյուջեի նախագիծը։

-Ընդհանուր առմամբ ափսոսանք եմ զգում։ Մեծ կրճատումներ կան բյուջեում, ինչն, իհարկե, կապված է ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, սակայն մենք հարցականներ ունենք այդ կրճատումների ոլորտների հետ կապված, և այդ մասին մեր պատգամավորները կհնչեցնեն ԱԺ-ում  քննարկումների ժամանակ։ Պարզ չի նաև կրճատումների ռազմավարությունը։

-ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը նշել է, որ տնտեսական ողջ միտքն աշխատում է կառավարության կանխատեսած 1,2% տնտեսական աճն իրականին մոտ դարձնելու համար։ Դուք որքանո՞վ եք դա իրատեսական համարում։

-Հաշվի առնելով նման կանխատեսումների դառը փորձը թե՛ կառավարության, թե՛ ընդհանրապես իշխանությունների կողմից, երբ դեռ անցած տարի պլանավորվում էր բյուջեն, այն ժամանակ ընդամենը 4%-ոց անկման մասին էին խոսում, հետո դարձավ ավելի մեծ, և հիմա արդեն ռեալ տեսնում ենք, որ 15%-ից ավելի է, և ես որևէ հիմք չունեմ վստահելու նման գնահատականներին։

-Իշխանություններն, ըստ էության, գնում են արտաքին պարտքի ավելացման հաշվին սոցիալական խնդիրների լուծմանը։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում այստեղ։

-Ուզում եմ՝ որպես համեմատություն օրինակ վերցնենք Կովկասի և Միջին Ասիայի էներգակիրներ ներկրող չորս հիմնական երկրները՝ Հայաստանը, Վրաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Այսօր տեղի  ունեցավ Արժույթի միջազգային հիմնադրամի մի միջոցառում, որտեղ նշվում է, որ գրանտների առումով Վրաստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը հսկայածավալ գրանտներ են ստանում իրենց ՀՆԱ-ի համեմատ, իսկ Հայաստանը  չնչին գումարներ է ստանում որպես գրանտներ։ Այդ պատճառով հիմնական հույսը դրել են վարկերի վրա։ Գրանտներ չստանալու պատճառները հիմնականում քաղաքական են։ Մենք զրկվեցինք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով մեզ նախատեսված գումարներից, իսկ դա ուղղակի կապված է մեր իշխանությունների թույլ լինելու, ոչ լեգիտիմության, ժողովրդավարական արժեքներն արհամարհելու և սեփական իշխանությունը ցանկացած գնով պահելու քաղաքականության հետ։ Սրա արդյունքում տուժում է պետութունը, տուժում է նաև ճգնաժամից դուրս գալու հնարավորություններ ձեռքբերելու առումով։ Գլխավոր վտանգն այսօր մեր երկրի համար ներկայացնում են մեր իշխանությունները հենց այն իմաստով նաև, որ երկիրը հնարավորություն ուներ ստանալ մեծածավալ օգնություն, գրանտներ՝ մեղմելու ճգնաժամը, բայց քանի որ այս իշխանություններն են, բնականաբար, որևէ գրանտային միջոց չի տրամադրվում։ Մեծացվում է մեր արտաքին պարտքը, և մեր ապագա սերունդների ուսերին է բարդվում այսօրվա իշխանությունների՝ իրենց աթոռներին մնալու գինը։

-Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը։

-Շատ վատ։ Վատ կառավարում, կառավարման ցածր էֆեկտիվություն, ցածր վստահելիություն տնտեսվարող սուբյեկտների միջև, բանկերի հանդեպ, ինչն անմիջականորեն անդրադառնում է տնտեսական մթնոլորտի վրա, գործարարության ակտիվության և միջազգային հեղինակության վրա։

-Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների  և ընդհանրապես ներքին կյանքում «Ժառանգությունը» կարծես պասիվ է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Պասիվություն չկա. իրականում ցավալիորեն վատ է լուսաբանվում այդ ուղղությամբ «Ժառանգության» գործունեությունը։ Երկու-երեք օր առաջ մեր պատգամավորներն ակցիաներ էին անում Գյումրիում, Արթիկում։ Հիմա այլ մարզերում են այցելություններ պլանավորվում։ Հանրությանը տեղեկացնելու խնդիր ենք լուծում։ Հեռուստաընկերությունների կողմից «Ժառանգության» առջև տոտալ շրջափակում է դրված։ Մեր որևէ միջոցառմանը որևէ հեռուստաընկերություն չի գալիս լուսաբանելու, և մենք ստիպված ենք ուղղակի անմիջական շփումների միջոցով լուծել մեր ընտրողների տեղեկացման հարցը։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը