Մեկնաբանություն

06.11.2009 17:03


«Սարոյան եղբայրների» ֆենոմենը հայկական բիզնեսում

«Սարոյան եղբայրների» ֆենոմենը հայկական բիզնեսում

Ընդունված է ասել, որ հայկական արժեքային համակարգում կարևոր տեղեր են զբաղեցնում ընտանիք, եղբայրություն (կամ ոմանց համար՝ «ախպերություն»), ընկերություն հասկացությունները։ Մեծ հաշվով դա այդպես է։ Բայց երբեմն  հակառակն ապացուցող երևույթների ենք հանդիպում։ Ամենակարող փողը կամ այլ տիպի շահը կարողանում է սողոսկել «մատի և մատանու» արանքն ու դառնում ամեն ինչից վեր։ Արդյունքում՝ լրատվական թողարկումների  կամ անձնական զրույցների միջոցով մարդկանց ականջներին է հասնում, որ հարազատ եղբայրները ելել են միմյանց դեմ կենաց-մահու կռիվ տալու։

Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ «Շանթ» (չշփոթել համանուն հեռուստաընկերության հետ) և «Սիգարոն» ընկերությունների համասեփականատեր հարազատ եղբայրները դարձել են ոխերիմ թշնամիներ՝ բիզնես շահերից ելնելով։ Ասում են, թե «Շանթի» պարագայում բանն այնտեղ է հասել, որ նույն ապրանքային անունով տարբեր գործարաններում արտադրվող պաղպաղակներ են վաճառվում և եղբայրներին պատկանող հիմնարկների  կողմից խանութներին ապրանք  առաքումը վերածվել է զավեշտի։ Իսկ «Սիգարոնի» մասով երկու եղբայրների վեճը հասել է այնտեղ, որ, ըստ լավատեղյակների, մի եղբայրը մյուսի դեմ քրեական հեղինակություն է կանչում ու փորձում հաշիվ պարզել, իսկ մյուսն իր իրավունքները պաշտպանում է դատարանի միջոցով։ Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե գործարար դաշտի «Սարոյան եղբայրների» վերածվածներից ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ։ Տվյալ դեպքում մտահոգիչ է երևույթն ինքնին։ Բա էլ ու՞ր մնաց եղբայրություն կամ ախպերություն կոչվածը։

Համոզված եմ, որ նմանատիպ խնդիրները եզակի չեն։ Պարզապես «Շանթի» ու «Սիգարոնի», հայաստանյան   չափանիշներով, խոշոր մաշտաբներն են  պատճառը, որ նրանց մասին ավելի շատ են խոսում։ «Շանթի» պարագայում թեմայի տարածմանը նպաստում է նաև այն, որ հակամարտող եղբայրներից մեկին է պատկանում  «Երևան» TV-ն, որի միջոցով հայ ժողովուրդը տեղեկանում է,  թե ինչպես են հարազատ եղբայրները միմյանց դեմ հանում ԴԱՀԿ-ին ու էլ եսիմ ում։

Նշվածն իրոք մտահոգիչ է։ Սակայն, կարծում եմ, չարժե կոմպլեքսավորվել՝ մտածելով, որ այս տիպի բաները հատուկ են միայն հայերիս։ Այլ ազգերի մեջ էլ են նման դեպքեր եղել և կան։ Բայց խնդիրն այն է, որ մեզանում դա իրոք ծանր հետք է թողնում, քանի որ հանրային գիտակցության մեջ կան այլ արժեքներ։ Վերը նշված ֆիրմաների դեպքում մենք գործ ունենք կեղտոտ սպիտակեղենը դուրս հանելու հետ։ Լավ չէ։ Ամեն դեպքում՝ լավ  չէ։

Նկատենք, որ «Սարոյան եղբայրներ» երևույթին հանդիպում ենք ոչ միայն բիզնեսում, այլև քաղաքականության մեջ։ Այդ թեմայով ֆիլմն  էլ հուշում էր, որ շատ հանգիստ ձևով մի եղբայրը կարող է դաշնակցական լինել, մյուսը՝ բոլշեվիկ։

Այսօր էլ մենք ունենք օրինացական, հանրապետական ու այլական գործիչներ, որոնք նույն ընտանիքն են ներկայացնում։ Բայց դա ավելի շուտ ապահով «դիվերսիֆիկացիա» է, քան գաղափարական լուրջ հակասության դրսևորում եղբայրների միջև, որը կարելի է հասկանալ։ Չընդունել, բայց հասկանալ։ Իսկ երբ եղբայրների միջև հակասությունը դառնում է հանրային քննարկման առարկա՝ դա արդեն ուրիշ պատմություն է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը