Քաղաքական

29.05.2015 11:35


Վ. Բաղդասարյան. «ՀՀԿ-ն դեմ չէ էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը. ՀՀԿ-ն անհանգստացած է»

Վ. Բաղդասարյան. «ՀՀԿ-ն դեմ չէ էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը. ՀՀԿ-ն անհանգստացած է»

ՀՀԿ-ականները ոչ թե դեմ են, այլ անհանգստացած են էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացմամբ: Ինչպես հայտնում է «ԳԱԼԱ»–ն, այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե եթե ՀՀԿ-ն դեմ է, ապա ինչու դուրս չեկավ փողոց՝ մասնակցելու Ազատության հրապարակում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բողոքի ակցիային:

«Մենք անհանգիստ ենք եւ սպասում ենք համապատասխան հանձնաժողովի եզրակացությանը, եւ մյուս շաբաթ կամ երկուշաբթի ՀՀԿ ֆրակցիան կհրավիրի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ պարզաբանումները կլսենք: Իսկ ինչ մնում է ակցիաներին մասնակցելուն, փողոցում խնդիրները չեն լուծվում. այս շենքը նրա համար է, որպեսզի այս քննարկումները տեղափոխենք այս շենք: Մենք նախապատրաստվում ենք, և ինչպես խոստացել ենք, լինելու են լսումներ, ֆրակցիաներն էլ առանձին կարող են հանդիպել ավելի մանրակրկիտ քննարկումների համար, ոչ թե լրատվամիջոցների համար շոուներ կազմակերպեն»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ խմբակցությունը քննարկման ժամանակ իր առաջարկները կներկայացնի, հնարավոր է՝ նաև բանավեճ լինի, որպեսզի բոլոր մանրամասները հասկանալի դառնան:

«Պետք է տեղեկանանք բոլոր հիմնավորումներին. կարող են 17, 20 դրամ ներկայացնել, որ թանկանա, բայց չի նշանակում, որ դա ինչ-որ դոգմա է, որ պիտի հանձնաժողովն ընդունի, կամ մենք պետք է տանք մեր համաձայնությունը»:

«ԳԱԼԱ»-ի լրագրողի հարցին, թե ինչպես է իշխանությունն արտահայտում իր անհանգստությունը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց.

«Մենք թվերի, փաստարկների հետ կապված՝ ունենք անհանգստություններ: Անհանգստությունը հրապարակավ չեն գոռում փողոցներում. անհանգստությունը այն է, որ մենք այդքան էլ համամիտ չենք, որ 17 դրամ ներկայացված է. մարդիկ ասում են՝ կան հիմնավորումներ, բայց մենք պետք է լսենք այդ հիմնավորումները, դրանց արդյունքում կարող է հիմնավորված լինի մեկ դրամ, երկու կամ յոթ դրամ, բայց կարող է հիմնավորված լինի 17 դրամ. որևէ մեկս ինֆորմացիա չունի այդ հիմնավորումներից, և հանձնաժողովը ժամանակ է խնդրել, որպեսզի ծանոթանա մանրակրկիտ»:

Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը