Կարծիք

09.10.2009 17:46


Հայ-թուրքական հակամարտություն. հաղթանա՞կ, թե՞ պարտություն

Հայ-թուրքական հակամարտություն. հաղթանա՞կ, թե՞ պարտություն

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը երկար տարիներ գտնվում էր սառեցված վիճակում,  քանի որ Թուրքիան չէր ուզում, իսկ Հայաստանը  չէր  կարող որևէ բան փոխել առկա իրադրությունում: Այսօր Հայաստանի իրավիճակում քիչ բան է փոխվել. նա առաջվա պես չի կարող ինքնուրույն ապահովել հայ-թուրքական սահմանի անվտանգությունը, պաշտպանել իր միջազգային իրավունքները և հայ ժողովրդի ազգային շահերը: Սակայն փոխվել է Թուրքիայի դիրքորոշումը: Թուրքիայի իշխող ուժերը մի կողմ են թողել Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունքը  և երկխոսություն սկսելու պատրաստակամություն հայտնել: Ի՞նչ է ընկած այս քայլի հիմքում:

Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրությունը վկայում է, որ Հայաստանը, հենվելով Հելսինկյան Ավարտական ակտի վրա, հաստատում է  «երկու երկրների միջև գոյություն ունեցող, միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով որոշված ընդհանուր սահմանի ճանաչումը» և «հարգել հավասարության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու» իր պարտավորությունները:

Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին երկրորդ արձանագրությունը վկայում է, որ Հայաստանը և Թուրքիան  նույն հիմնավորմամբ որոշեցին բացել ընդհանուր սահմանը,  և  պատրաստ են  «երկխոսություն իրականացնել պատմական ոլորտներում՝  ուղղված երկու ժողովուրդների միջև փոխադարձ վստահության վերականգնմանը»,  «առավելագույնս օգտագործել երկու երկրների միջև  գոյություն ունեցող տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը», ինչպես նաև զարգացնել այլ համագործակցություն:

Արձանագրության մեջ մատնանշված միջազգային  իրավունքի սկզբունքներից հայ-թուրքական հարաբերությունների համար կարևոր նշանակություն ունի սահմանների անխախտելիությյան սկզբունքը: Այս սկզբունքն առաջ է քաշվել ԽՍՀՄ կողմից, և 1975թ. այն ընդունել են  Հելսինկյան Ավարտական ակտը ստորագրած պետությունները: Դա նշանակում է, որ այս սկզբունքը  ճանաչած պետությունը, առանց հարևան երկրի համաձայնության, չի կարող  հանդես գալ գոյություն ունեցող ընդհանուր սահմանը վերանայելու պահանջով: Այսինքն, մասնակից-պետությունների միջև չի կարող վեճ լինել միմյանց միջև գոյություն ունեցող սահմանի վերաբերյալ: Այս սկզբունքը միաժամանակ վերաբերում է Եվրոպայի բոլոր սահմաններին: Մեկ պետության նկատմամբ սկզբունքի խախտումը նշանակում է խախտում համաձայնագրի բոլոր մասնակից-պետությունների նկատմամբ: Միմյանց սահմանների և Եվրոպայի բոլոր սահմանների անխախտելիության սկզբունքի ճանաչումը մասնակից-պետությունների համար ունի անշրջելի բնույթ: Նույնիսկ այս համաձայնագրից դուրս գալու դեպքում պետությունն իր համար պահպանում է այդ պարտավորությունը:

Այս համաձայնագրի մասնակից-պետությունները, միմյանց սահմանների և Եվրոպայի բոլոր սահմանների անխախտելիության սկզբունքը ճանաչելուց բացի, իրենց համար պարտադիր սկզբունք են համարում մարդկային հարաբերությունների բոլոր ոլորտներում միմյանց հետ համագործակցության զարգացումը: Նշված սկզբունքները փոխկապակցված են և հավասարակշռում են միմյանց, քանի որ դրանց համատեղ կիրառումը նշանակում է, որ համաձայնագրի մասնակից-պետությունների սահմաններն այսուհետ անխախտելի են և միշտ բաց են միմյանց համար:

1992թ. Հելսինկյան Ավարտական ակտի հիմնական նորմերը խախտվեցին, երբ ակտին միացան նախկին ԽՍՀՄ և Հարավսլավիայի տարածքներում նորակազմ պետությունները: Այդ պետությունների անկախությունը  ձեռք  է բերվել ի վնաս ԽՍՀՄ և Հարավսլավիայի   ինքնիշխանության՝ այդ ֆեդերատիվ, բազմազգ պետությունների կազմում եղած շատ ժողովուրդների սահմանադրական իրավունքի  սահմանափակմամբ: Սոցիալիզմի վերացման լոզունգի ներքո, քաղաքական կոնյունկտուրային ընդառաջ բացահայտ խախտվել է իրավունքի գերակայության սկզբունքը:  Միութենական ոչ մի հանրապետություն դուրս չի եկել ԽՍՀՄ կամ Հարավսլավիայի կազմից՝ հիմնվելով այն ժամանակ գործող սահմանադրության կամ իրենց անջատումը կարգավորող օրենքների վրա: Իրավաբանական տեսակետից՝ դրանցից յուրաքանչյուրը համարվում է  նախկին միութենական հանրապետության տարածքում նորակազմ պետություն և ոչ թե ֆեդերատիվ միությունից անջատված հանրապետություն: Այդ խախտման արդյունքում ֆեդերացիաների նախկին  վարչական սահմանները  դարձել են  նորանկախ պետությունների անխախտելի միջազգային սահմաններ: Հռչակելով իրենց անկախությունը՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Խորվաթիան, Բոսնիան և Հերցոգովինան ոչ մի իրավունք չունեին ուժով կամ խաբեությամբ պարտադրել իրենց  իշխանությունը մինչ այդ իրենց կազմում եղած ինքնավար տարածքների ժողովուրդներին և միահավաք բնակվող ազգային փոքրամասնություններին: Նրանց գործողությունները դարձել են շատ ժողովուրդների լիարժեք և ազատ ինքնորոշման իրավունքի սահմանափակումներ:

Այդ պահից Հելսինկյան Ավարտական ակտը  հակասում է գոյություն ունեցող իրադրությանը և ՄԱԿ կանոնադրության սկզբունքներին: Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ այդ համաձայնագիրը դարձել է առ ոչինչ,  այսինքն՝ իրավական ուժ չունեցող: Մասնակից- պետությունները պահպանում են այդ համաձայնագրի գործողությունն իրենց քաղաքական դրդապատճառներով և կոնկրետ իրավիճակում ղեկավարվում դրա նորմերով: Այսօր Հելսինկյան համաձայնագրի իրավական և քաղաքական ճգնաժամն  արտահայտվում է ազգամիջյան բախումների խնդրում։ Եթե  դրանք չեն վերացվում ուժով, ապա մնում են մինչ օրս չկարգավորված:

Սահմանների անխախտելիության սկզբունքը չի գործում Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերություններում 1992 թվականից, երբ Ադրբեջանը բռնազավթեց Արծվաշենը: Այն չի տարածվել նաև Սերբիայի սահմանների վրա, ինչի արդյունքում կայացավ Կոսովոյի անկախության ճանաչումը: Այս սկզբունքը բացահայտ խախտվել է Ռուսաստանի կողմից 2008թ. օգոստոսին, երբ նա ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Թուրքիան ստորագրել է Հելսինկյան Ավարտական ակտը 1975թ., իսկ Հայաստանը դրան միացել է 1992թ.: Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերություններում այդ համաձայնագրի նորմերը չեն գործում 1993 թվականից, երբ Թուրքիան մեղադրեց Հայաստանին Ադրբեջանի տարածքից մաս բռնազավթելու մեջ և փակեց ընդհանուր սահմանը:

Հայաստանի և Ադրբեջանի միաժամանակ միացումը Հելսինկյան Ավարտական ակտին իրականում  ֆորմալ գոծողություն էր,  քանի որ այդ պետությունների միջև  արդեն պատերազմ էր մղվում Լեռնային Ղարաբաղի համար: Ձգտելով ամրապնդել ԽՍՀՄ փլուզման և ԱՊՀ  կազմավորման գործընթացը՝ ԵԱՀԽ/ԵԱՀԿ պետություններն աչք փակեցին իրականության վրա և ընդունեցին այն տեսակետը,  որ ղարաբաղյան պատերազմն անկախ Ադրբեջանի ներքին ազգամիջյան բախում է:

Թուրքիան 1992 թ. համաձայնել է Հելսինկյան համաձայնագրին Հայաստանի միանալուն, քանի որ իր այդ քայլով Հայաստանը ճանաչում էր հայ-թուրքական սահմանի անխախտելիությունը  և  անկախ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում: Այդ քայլն ընկալվում է իբրև նվեր Թուրքիային և անկախ Ադրբեջանին,  քանի որ Հայաստանը դրանով հրաժարվում էր Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից և ճանաչում Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանն անկախ Ադրբեջանի կազմում: Հայաստանի կատարած քայլերն արձակում էին անկախ Ադրբեջանի ձեռքերը՝ թույլ տալով լուծել ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժի կիրառմամբ:

Սակայն  Թուրքիան  գերագնահատել էր Ադրբեջանի հնարավորությունները  և  թերագնահատել Ադրբեջանական ԽՍՀ  ԼՂԻՄ  և  Շահումյանի շրջանի ազգաբնակչության ինքնորոշման իրական փաստը, նրա ինքնապաշտպանական ունակությանը: 1993թ. Ղարաբաղի հանրապետության  բանակը Հայաստանի օնությամբ ջախջախեց ադրբեջանական զորքերը  և ղարաբաղյան պատերազմի տրամաբանությունից ելնելով՝ գրավեց ԼՂՀ սահմանակից  Խորհրդային Ադրբեջանի շրջանները:  Թուրքիան  իրեն խաբված զգալով՝  սկսեց Հայաստանին սպառնալ պատերազմով: ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդունեց Թուքիայի բողոքը: Շարունակելով մնալ ղարաբաղյան հակամարտությունը  Ադրբեջանի ներքին պատերազմ համարելու տրամաբանության շրջանակներում՝ նա ճանաչեց ադրբեջանական ԽՍՀ տարածքի  8 000 քառ.մ-ն ԼՂՀ կողմից    բռնազավթված տարածք և պահանջեց դրա վերադարձը:  Այդ պահանջի իրականացման գործում Անվտանգության խորհուրդը բավարարվեց այն բանով, որ ամրապնդեց  ԵԱՀԽ/ԵԱՀԿ դերն իբրև միջազգային տարածաշրջանային կազմակերպություն, որի շրջանակներում էլ պետք է կայանա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Թուրքիան ստիպված էր բավարարվել Ադրբեջանի  ռազմական ռևանշի իրավունքի պահպանմամբ:  Նա իր հերթին իրեն իրավասու համարեց դադարեցնել Հելսինկյան Ավարտական ակտի գործողությունը  Հայաստանի  նկատմամբ: Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ Հայաստանը խախտել էր իր միջազգային պարտավորություններն Ադրբեջանի նկատմամբ, դա իրավունք չէր տալիս Թուրքիային նման որոշում կայացնել՝ առանց Հելսինկյան համաձայնագրի մասնակից-պետությունների համաձայնության: Թուրքիայի գործողությունները խախտեցին Հայաստանի միջազգային իրավունքներն այդ համաձայնագրի շրջանակներում:

Ընդհուպ մինչև 2003թ. Իրաքի հետ պատերազմի սկիզբը Թուրքիան բացեիբաց պաշտպանում էր անկախ Ադրբեջանի  ռևանշիստական նկրտումները՝ ուժով վերադարձնել ԵԱՀԽ/ԵԱՀԿ կողմից Հելսինկյան Ավարտական ակտով իրեն «հատկացված»  և ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից հաստատված տարածքները:

Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ այսօր կատարված քայլը խորհրդանշում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի համար մղվող պատերազմի ավարտը: Այն հանդիսանում է  իրաքյան երկրորդ պատերազմից հետո աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության արդյունք: Այդ փոփոխության էությունն այն է, որ Թուրքիան դուրս է եկել ԱՄՆ ազդեցությունից և կանգնել Ռուսաստանի հետ ստրատեգիական համագործակցության ճանապարհին, որն ուղղված է Ադրբեջանից ու Միջին Ասիայից դեպի Եվրոպա գազի և այլ էներգակիրների արտահանման վրա վերահսկողություն սահմանելուն:

Սրա արդյունքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար  Ռուսաստանի միջնորդությամբ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների վերականգնման նախապայմաններ դարձան.

1.   Հայաստանի երկաթուղային, գազատրանսպորտային և էներգետիկ համակարգերը՝  որպես սեփականություն և ի կառավարումն Ռուսաստանին հանձնելը։

2.   Հայաստանի հրաժարվելը Թուրքիայի նկատմամբ պահանջատիրությունից' 1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայերի ցեղասպանության և  քեմալական զորքերի կողմից 1920թ. Հայաստանի առաջին  հանրապետության տարածքի բռնազավթման կապակցությամբ։

3.   ԼՂԻՄ տարածքին հարակից նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքների վերադարձն  Ադրբեջանին:

            Ադրբեջանի համար Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապայմանն է իր համաձայնությունը՝ Լեռնային Ղարաբաղին անցումային կարգավիճակի շնորհման  և հետագայում նրան իրավունք վերապահելուն՝ կամքի իրավական  արտահայտմամբ (հանրաքվեի միջոցով) որոշելու իր  կարգավիճակը:

Հայ-թուրք-ադրբեջանական հակամարտության  այսպիսի լուծման աշխարհաքաղաքական իմաստ այն է, որ Ռուսաստանը սրանով երաշխիքներ է ստեղծում  Թուրքիայի համար, որ անկախ հայկական պետականությունը  մոտալուտ ապագայում  չի կարող  որևէ ազդեցություն ունենալ Անդրկովկասի տնտեսական ինտեգրման գործընթացների վրա: Այս որոշումն ընդունելի է Թուրքիայի համար, քանի որ զրկում է Հայաստանին գլոբալ միջազգային հարաբերություններում որևէ ինքնուրույն աշխարհաքաղաքական դերից, իսկ տարածաշրջանում նրա դերն իջեցնում է մինչև  զուտ ֆիզիկական տարածքի մակարդակի, որտեղով անցնելու է Արևելքի և Արևմուտքի միջև ապրանքների  և էներգակիրների տեղափոխման տարանցիկ ճանապարհը:

Հայաստանը չի կարող հարկեր կամ տուրքեր սահմանել ո՛չ Թուրքիա արտահանվող էլեկտրաէներգիայի և ո՛չ էլ  ապրանքների և էներգակիրների տարանցման վրա: Թուրքիայի համար սկզբունքորեն կարևոր է, որ Հայաստանի տարանցիկ դերից հիմնական տնտեսական օգուտը բաժին հասնի Ռուսաստանին,  քանի որ դա թույլ չի տա Հայաստանին  տնտեսապես ուժեղ պետություն դառնալ: Ակնհայտ է, որ Հայաստանն ամբողջությամբ կատարել է առաջին պայմանը խաղաղության հաստատման ճանապարհին և գտնվում է երկրորդի կատարման փուլում:

Ի տարբերություն առաջին փուլի (որի իրականացումը կախված չէր հասարակական կարծիքից)՝  երկրորդ փուլում իշխանություններին անհրաժեշտ է ունենալ հայ ժողովրդի զորակցությունը կամ գոնե չեզոքությունը:  Այս կապակցությամբ հայ-թուրքական սահմանի բացման նախագիծը հասարակությանն է ներկայացվում՝ իբրև լուրջ ձեռքբերում հայ-թուրքական հարաբերություններում: Իրականում դա այդպես չէ, քանի որ Թուրքիան դրանով ընդամենը կատարում է Հայաստանի նկատմամբ իր միջազգային պարտավորությունը: Հանրահայտ փաստեր են, որ Հայաստանը ցամաքային պետություն է, իսկ Թուրքիան՝ ծովային:

«Ծովափեր չունեցող պետությունները,  որպեսզի օգտվեն ծովի ազատությունից, առափնյա պետությունների հավասար իրավունքով պետք է ունենան ազատ մոտեցում ծովին: Այդ նպատակով այն պետությունները, որոնք գտնվում են ծովի և ծովափ չունեցող պետության միջև, վերջիններիս հետ ընդհանուր համաձայնությամբ և միջազգային կոնվենցիաների համաձայն, տրամադրում են.

ա. ծովափ չունեցող պետությանը, փոխադարձության հիմունքով, ազատ ճանապարհ իր տարածքով

բ.  այդ պետության դրոշի ներքո լողացող նավերին, իր նավերի կամ այլ պետությունների նավերի հետ հավասարության հիմունքով, մոտեցում նավահանգիստներին և այդ նավահանգիստների օգտագործում («Բաց ծովի մասին» կոնվենցիա, 1958 թ.)»:

Հայաստանն այսօր  ստանում է Թուրքիայից այն, ինչ կարող էր ստանալ միշտ, եթե անհրաժեշտ կերպով պաշտպաներ իր միջազգային իրավունքները: Հայաստանն իր հերթին իր գործողություններով ցույց է տալիս, որ մնում է Հելսինկյան Ավարտական ակտի նորմերին հավատարիմ և նորից հաստատում է հայ-թուքական սահմանի օրինականությունն ու անխախտելիությունը:

Ընդ որում, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության մեջ  արված հաստատումն այն մասին, որ գոյություն ունեցող հայ-թուքական սահմանը որոշված է միջազգային իրավունքի պայմանագրերով, իրականությանը չի համապատասխանում: Միջազգային իրավունքի պայմանագրեր են համարվում պետությունների  կամ պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերը: Գոյություն ունեցող հայ-թուքական սահմանը որոշվել է 1921թ. այդ ժամանակվա կառավարությունների միջև կնքված Մոսկվայի և Կարսի պայմանագրերով: Թուրքիայի հանրապետությունը կազմավորվել է 1923թ.՝  նշված պայմանագրերի կնքումից երկու տարի հետո, ինչի պատճառով էլ դրանք չեն կարող համարվել միջազգային իրավունքի պայմանագրեր:

Հավաստելով դրանց՝ միջազգային իրավունքի պայմանագրեր լինելը,  Հայաստանը, անկախ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց,  ընդունում է, որ 1920թ. ինքնահռչակված քեմալական կառավարությունը հանդես է գալիս որպես միջազգային հարաբերության սուբյեկտ և ներկայացնում է թուրք ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը: Սա նշանակում է, որ Կարսի գավառը, Սուրմալուի, Նախիջևանի, Շարուրի և Շատախի  շրջաններն առանձնացվել են առաջին հանրապետության տարածքից  ոչ թե դրանց անեքսիայի արդյունքում, այլ այնտեղ բնակվող մուսուլման բնակչության ինքնորոշման իրավունքի ուժով:

Այս պայմաններով գոյություն ունեցող սահմանի ճանաչմամբ՝ Հայաստանն ավանդաբար  անտեսում է երկու պետությունների միջև առկա՝ Օսմանյան կայսրության կողմից 1915-1917թթ. իրականացրած Հայոց ցեղասպանության կապակցությամբ միջազգային վեճի փաստը: Այս գործողությամբ Հայաստանը ցույց է տալիս իր համաձայնությունն այն փաստին, որ, Սևրի պայմանագրի համաձայն, միջազգային արբիտր հանդիսացող ԱՄՆ նախագահի կողմից 1920թ. որոշված հայ-թուրքական սահմանն  արդարացի սահման չէ, այնինչ այդ սահմանի որոշումը  հիմնվել է հայերի բնաջնջման փաստի հիման վրա:

Նման քայլ կատարելով՝ Հայաստանը, միաժամանակ ճանաչելով հայ-թուրքական ընդհանուր սահմանի անխախտելիության սկզբունքը,  հաստատում է իր հրաժարվելն  Օսմանյան կայսրության կողմից 1915-1917թթ. իրականացրած Հայոց ցեղասպանության  և 1920թ. բռնազավթման կապակցությամբ Թուրքիայի նկատմամբ ցանկացած պահանջից:

Դրա հետ միասին միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, որի գոծունեության ուղղություններից  մեկը «երկխոսությունն է պատմական ոլորտում՝  ուղղված երկու ժողովուրդների միջև փոխադարձ վստահության վերականգնմանը»,  Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքի վերականգնման պատասխանատվության խնդիրը  երկու պետությունների միջև միջազգային վեճից  տեղափոխում է կառավարությունների համատեղ աշխատանքի հարթություն, որն ուղղված է միջազգային համերաշխության համար անհրաժեշտ  հասարակական կարծիքի ձևավորմանը:

Իրավական տեսանկյունից՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը զրկում է Հայաստանին Հելսինկյան Ավարտական ակտն իր համար  դադարեցնելու իրավունքից: Դա ակտուալ է Թուրքիայի և Ադրբեջանի համար, որոնք երբեք չեն պահպանել այդ ակտի նորմերը Հայաստանի նկատմամբ: Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից 2008թ. դարձավ Հելսինկյան համաձայնագրի բացահայտ խախտում: Ընդ որում, միջազգային համաձայնագրի այս անշրջելի խախտումն արմատական բնույթ է կրում, քանի որ ոչ մի մասնակից պետություն ո՛չ հիմա, ո՛չ  հետագայում չի կարող կատարել Եվրոպայի բոլոր սահմաններն անխախտելի ճանաչելու իր պարտականությունը: Այս հանգամանքներում  ցանկացած մասնակից իրավունք ունի դադարեցնել  համաձայնագրի գործողությունն իր համար: Դա նշանակում է, որ Հայաստանն իրավունք ունի հրաժարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ճանաչելու պարտավորությունից և ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  անկախությունը: Այս փաստն արդեն այսօր  ազդեցություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վրա: Օրինակ՝  հակամարտության կարգավորման՝ այսօր քննարկվող հիմնարար սկզբունքներն արդեն չեն ընդգրկում իրենցում բաց տեքստով անկախ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նախկին ԽՍՀ սահմաններում հարգելու սկզբունքը, այլ ընդամենը ենթադրվում է դրա առկայությունը: Սակայն, համաձայն միջազգային իրավունքի, Հայաստանը հետագայում կկորցնի Հելսինկյան Ավարտական ակտը խախտելու փաստին հղում անելու իր իրավունքը, եթե հաստատի, որ այդ համաձայնագիրն իր համար գործողության մեջ է: Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը  համարվում է այդպիսի հաստատում:

Ընդհանրացնելով Հայաստանի ղեկավարության քաղաքական դիրքորոշումը հայ-թուրքական հակամարտության կարգավորման հարցում, որն արտահայտված է երկկողմ արձանագրություններում, որոշակիորեն կարելի է եզրակացնել՝ Հայաստանի գործող իշխանությունը  չի հրաժարվում  Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումից, բայց հրաժարվում է Թուրքիայի նկատմամբ պահանջատիրությունից: Նա հիմնավորապես համարում է, որ  դա արդեն բազմիցս կատարվել է իշխանություն ներկայացնող քաղաքական ուժերի կողմից տարբեր պատմական ժամանակաշրջաններում, ներառյալ՝ նորագույն: Բայց նա լռում է այն մասին, որ այսօր Հայաստանը կարող է ընտրություն կատարել, շարունակել Թուրքիայի նկատմամբ պահանջատիրությունից հրաժարվելու քաղաքականությունը կամ հրաժարվել այդ քաղաքականությունից: Այլ խոսքով՝ Հայաստանի նախագահը հաստատում է, որ Հայաստանն այն պետությունը չէ, որ վիճարկում է Օսմանյան կայսրությունում հայերի արտաքսման և ոչնչացման հետևանքով  թուրք ժողովրդի ստացած օգուտները, իսկ Կարսի և Սուրմալուի հայկական հողերը, որոնք 1920 թ. նվաճվեցին  փառապանծ թուրքական զորահրամանատար  Քյազիմ Կարաբեքիր փաշայի սրով,  համարում է Թուրքիայի հանրապետության օրինական ձեռքբերումը:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի գաղափարախոսությունը հիմնված է Գարեգին Նժդեհի ուսմունքի վրա, նախագահի գործողություններում  չի տեսնում հայ ժողովրդի ազգային շահերին հակասող  քայլեր և համամիտ է նրա քաղաքական որոշումներին:

Ընդ որում,  Հայաստանի քաղաքական ղեկավարությունը փորձում է չնկատել Թուրքիայի բաց և ազնիվ դիրքորոշումը, որը ցույց է տալիս ողջ աշխարհին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա նույնպես հանդիսանում է ղարաբաղյան պատերազմի հանգուցալուծման և Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև խաղաղ, բարիդրացիական հարաբերությունների ստեղծման գործընթացի կարևոր բաղկացուցիչ մաս: Ի տարբերություն Հայաստանի քաղաքական ղեկավարության՝ Թուրքիայի ղեկավարությունը  տեսնում և մատնանշում է Հայաստանի և Հայկական սփյուռքի քաղաքական շահերի բախումը  Թուրքիայի նկատմամբ Հայաստանի պահանջատիրության հրաժարման կապակցությամբ: Թուրքական ղեկավարության բաց դիրքորոշումը  բացառիկ կարևորություն ունի  հայ-թուրքական հետագա հարաբերությունների համար,  քանի որ  Հայաստանին տեղ չի թողնում ապագայում հղում անել ստորագրված արձանագրությունների իմաստի սխալ մեկնաբանություններին:

Այս դիրքորոշումը ելնում է Թուրքիայի և Հայաստանի 1990-ական թթ. փոխհարաբերությունների փորձից, երբ հայ քաղաքական ղեկավարությունը Հելսինկյան Ավարտական ակտին Հայաստանի միանալուց և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում ճանաչելուց հետո  սկսեց պնդել,  թե ի սկզբանե սխալ է հասկացել իր կողմից ընդունված Հայաստանի միջազգային պարտավորությունները:

«Հայկական հարցը» լուծելու ռուս-թուրքական քաղաքական որոշման իրականացման  խոցելիությունը պայմանավորված է անհրաժեշտ սոցիալական բազայի բացակայությամբ թե՛ Հայաստանում և թե՛ Թուրքիայում, ինչն այն իրականացնելու համար հիմնական բեռը դնում է իշխանության ինստիտուտների վրա: Հայաստանի երրորդ նախագահը դարձել է «Հայկական հարցի» լուծման ռուս-թուքական քաղաքական որոշման  կենտրոնական դեմքը: Նրա պատմական դերը, ինչպես պարզվեց, այն է, որ Սփյուռքի քաղաքական ուժերի հետ պառակտման գնով Հայաստանը տանել դեպի Ռուսաստանի հովանու ներքո  հայ-թուրք-ադրբեջանական ընդհանուր տան ստեղծում՝  բարիդրացիության «արևմտաեվրոպական չափանիշների» համապատասխան:

«Հայկական հարցի»  լուծման ռուս-թուրքական քաղաքական որոշման իրականացման մեխանիզմը  մեկնարկել է, և  քիչ հավանական է, որ այն կընդհատվի Հայաստանի իշխանությունների կողմից: Այս կապակցությամբ հայ հասարակական գիտակցության մեջ առաջացել է բախում  ազգային ամբիցիաների  և հայ հասարակության մեջ նորելուկ եվրոպական կոմֆորմիզմի  միջև: Այդ որոշումից հրաժարվելը նշանակում է  իրական անկախ և ուժեղ հայկական պետություն ունենալու ազգային ամբիցիաների բավարարում։  Սա սեփական իրավունքների և ազգային իդեալների համար  մղվող պայքարի բարդ, առայժմ մշուշոտ  ուղի է:

Այս որոշմանը ենթարկվելը  ստեղծված իրավիճակի  ընդունման ճանապարհն է,  որը նշանակում է  հրաժարում համազգային հայկական պետությունից, եվրոպական հասկացությամբ՝ արժանի ինտեգրում  թուրքական աշխարհին  և կայուն  կանխատեսելի ապագա: Այս հակամարտության լուծումը հայ  հասարակական գիտակցության մեջ կմատնանշի հայ ժողովրդի էթնոգենեզի հիմնական ուղղությունը  կա՛մ դեպի ազգային ինքնագիտակցության վերելք  և էթնիկական ինքնահաստատում, կա՛մ էթնիկական անկում և վերածում ազգային արժանապատվությունից զուրկ, «պսևդոեվրոպական» ժողովրդի:

Այս պայքարի սկզբունքային ելքը կորոշի կա՛մ Հայաստանի պահպանումը՝  որպես  Ռուսաստանից կախյալ, ավտորիտար, օլիգարխիկ, կոռուպցիոն պետություն, կա՛մ նրա տապալմանն ուղղված ազգային  հեղափոխությունը:   

                             Անդրիաս Ղուկասյան

Այս խորագրի վերջին նյութերը