Մեկնաբանություն

25.09.2009 16:37


Ազգային մտավորականության առանձնահատկությունները

Ազգային մտավորականության առանձնահատկությունները

«Մտավորականությունն անհատների սոցիալական խումբ է, որն զբաղվում է մտավոր, բացառապես՝ բարդ ստեղծագործական աշխատանքով, և որն առանձնանում է իր բարձր հոգևոր-բարոյական ձգտումներով, ընդգծված պարտքի զգացումով, արժանապատվությամբ և հասարակության ու պետության նկատմամբ ունեցած պատասխանատվությամբ...»։ Սա մտավորականության հանրագիտարանային ձևակերպումն է։ Հիմա փորձենք այս ձևակերպումը տարածել մեր մտավորականության վրա։ Տխուր պատկեր է ստացվում։ Բացառապես իր մեծամասնությամբ մեր հանրության այս շերտն այդպես էլ մնաց խորհրդային «интеллигент»-ի կաղապարներում՝ փողկապ, չեխական կահույք (այսօր՝ ա լա իտալական Փարաքարի ապրանք), էժան պորտվեյն (այսօր՝ ռուսական օղի), կնճռոտած սիրուհի, կամ անկարող սիրեկան...և ամենակարևորը՝ անսահման սեր իշխանությունների հանդեպ։ Ու կարևոր չէ, թե ովքեր են իշխանության մեջ։ Դա կարևոր չէ։ Կարևորը կարողանալ միշտ «օգտակար» լինել։ Հասկանալի է, որ իշխանությունը հարկ եղած պահին ուզած ձևերով, միջոցներով ու դիրքով օգտագործում է մեր  «интеллигент»-ին։ Իսկ նա դրանից հաճույք է ստանում։ Միգուցե դա նորմալ է։ Միգուցե դա բնորոշ է «անցումային շրջանում գտնվող բոլոր հասարակություններին»։ Բայց, միևնույն է, զզվելի է։

Այսօր օրակարգում հայ-թուրքական հարաբերություններն են։ Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նախաստորագրված (մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, արդեն ստորագրված) արձանագրությունները, խոսակցության այլ թեմա է։ Հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս է դրանց արձագանքում «ընդգծված պարտքի զգացումով, արժանապատվությամբ և հասարակության ու պետության նկատմամբ ունեցած պատասխանատվությամբ» հայ մտավորականության մեծամասնությունը։ Այնպես, ինչպես որ դա անում էր խորհրդային «интеллигент»-ը։ Ոչինչ չի փոխվել։ Կատարելագործվել են միայն քծնանքի ձևերը։ Ասենք, կարելի է մի 150 հոգով հավաքվել Գիտությունների ազգային ակադեմիայում...ու միաբերան ասել՝ այո՛ և կարևոր չէ, թե ինչին։ Քաղաքացիական կեցվածք, սեփական արժանապատվություն և նման այլ «հիմարությունները» մեր «интеллигент»-ի համար չեն։ Նրանից հասնում է օգտագործվել, նա էլ օգտագործվում է։ Կփոխվի իշխանությունը, կփոխվեն ժամանակները, այ այն ժամանակ դեմքի նույն բութ արտահայտությամբ նա կասի, թե «էս ինչ խայտառակություն էր, էս ոնց կարողացաք նման բան անել, բա թուրքերի հետ կարելի էր էսպիսի բաներ անել ...»։ Դա կլինի վաղը։ Իսկ այսօր մեր  «интеллигент»-ը պետք է ասի այն, ինչ ասում է։

Հ.Գ. 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի Հայաստանում մտավորականության հնարավոր ձևակերպումներից. «Մտավորականությունն անհատների սոցիալական խումբ է, որն զբաղվում է մտավոր, բացառապես՝ քծնող շաղակրատությամբ, և որը չունի հոգևոր-բարոյական որևէ ձգտում. նրան խորթ են պարտքի զգացումը, արժանապատվությունը,  իսկ հասարակության ու պետության նկատմամբ ունեցած պատասխանատվությունը տեղավորվում է օղու բաժակի մեջ...»։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը