Մեկնաբանություն

21.09.2009 13:34


Հանրահավաքները նմանվում են «ՏԵՑ–ի ջերմաէլեկտրակայանի արձակած գոլորշուն»

Հանրահավաքները նմանվում են «ՏԵՑ–ի ջերմաէլեկտրակայանի արձակած գոլորշուն»

2009թ. սեպտեմբերի 18-ին կայացած «Հայ ազգային կոնգրեսի» հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ սպասելով Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը և ասպարեզը ժամանակավորապես տրամադրելով նրանց՝ Կոնգրեսը չի հայտարարում իր հա­ջորդ հանրահավաքի օրը։

Այս հայտարարությունը մի քանի կերպ կարելի է մեկնաբանել։ Մեկը կասի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը «դե ֆակտո» ընդունեց իր անկարողությունն ու պարտությունը և գնաց տուն, մյուսը կասի, որ իրենց առաջնորդը գիտի՝ ինչ է անում, իսկ «Աստծո» գործերն անքննելի են, մեկ ուրիշն էլ, թե՝ Լևոն Տեր-Պտերոսյանը հասկացավ, որ միայնակ շատ թույլ է և օգնության է կանչում այլ քաղաքական ուժերի։ Իհարկե, անտրամաբանական մեկնաբանություններ էլ կլինեն, բայց դրանց չենք ուզում անդրադառնալ։

Իրականում խնդիրը մեկնաբանությունների բազմապիսության մեջ չէ, այլ նրա, որ հանրահավաքի ժամանակ կոնկրետ այս դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած խոսքերը 'հարթակում կանգնած ՀԱԿ ակտիվիստը և  այդ նույն ժամանակ Մատենադարանի ծառի մոտ կքանստած սովորական քաղաքացին ընկալում են բոլորովին այլ կերպ։ Մասնավորապես 2009թ. մայիսի 1-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց.

«Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար։ Դրական պետք է համարել նաև դեպքերի բերումով նախագահ Օբամայի ստանձնած բարոյական պատասխանատվությունը, ինչը նրա ղեկավարած երկրի առջև պարտավորություն է դնում ավելի ակտիվորեն ու անկողմնակալ կերպով ներգրավվել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»։

Ավելի պարզ ասած՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, ինչը որոշ հող է ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար, և դա դրական է։ Սակայն երբ «Հայ ազգային կոնգրեսի» այն անդամներին, ովքեր կտրականապես դեմ են, որ հայ-թուրքական հարաբերությունները և արցախյան հիմնախնդիրը միմյանց փոխկապակցվեն, քանի որ դա համարում են խիստ բացասական և վտանգավոր, ներկայացնում ես վերոնշյալ հայտարարությունը, նրանք նախ զարմանում են, հետո պնդում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նման հայտարություն չի արել, իսկ հետո էլ, թե՝ «ես չեմ լսել»։ Նրանցից է նաև ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը.

«Ես համաձայն չեմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, եթե ինքն այդպես է ասել։ Ես քաղաքական գործիչ եմ, ունեմ ի՛մ կարծիքը, իսկ իմ կարծիքը հետևյալն է՝ երբ Թուրքիան ասում է, որ ես սահմանը կբացեմ և դիվանագիտական հարաբերություններ կհաստատեմ միմիայն ԼՂ-ի հարցի լուծումից հետո, ես վտանգավոր եմ դա համարում»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Հ. Իգիթյանը։

Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ հայտարարությունը չէր ֆիքսել նաև ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանը։ Մասնավորապես նա ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունները և ԼՂ-ի հիմնահարցն, անշուշտ, փոխկապակցված են, ինչը միանշանակ բացասական է։ Եվ սա այն դեպքում, երբ րոպեներ առաջ մեկ այլ առիթով Մ. Մալխասյանը հայտարարեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կատարած ցանկացած հայտարարության հետ համամիտ է։

Լսում են մի բան, սակայն մեկ այլ բան են ընկալում նաև հանրահավաքին մասնակցող ՀԱԿ շարքային համախոհները։ Մասնավորապես 2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ «Հայ ազգային կոնգրեսը», բացառությամբ իր մասը կազմող որոշ ուժերի, մշտապես հայտարարել է, որ կողմ է փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը՝ որպես գլխավոր սկզբունք դիտելով վերջինիս հավասարա­կշռվա­ծու­թյունը։ Այս հայտարարությունը հնչելուց անմիջապես հետո շրջվեցի և պատահականության սկզբունքով կողքիս կանգնած մի տարեց մարդու հարցրեցի՝ Դուք կո՞ղմ եք ԼՂ-ի խնդրի կարգավորման փոխզիջումային տարբերակին։ Հարցս շատ վրդովեց նրան.

«Այդքան զոհ ենք տվել. մեր մայրական հողն ինչո՞ւ պետք է զիջենք»,- պատասխանեց նա։ Իսկ երբ նշեցի, որ հենց նոր Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը կողմ է փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, զրուցակիցս պատասխանեց՝ ես այդպիսի բառ չեմ լսել։

Հոգեվերլուծության մեջ մի հասկացություն կա՝ տրանսֆեր՝ հույզերի և պատկերացումների փոխանցում։ Ցանկացած մարդ ենթագիտակցորեն իր հույզերն ու ցանկությունները  «տրանսֆեր» է անում զրուցակցին' նրան հասկանալու համար , վերջինն էլ այդ խոսքերն ընկալում է՝ անցյալի փորձից, իր գիտելիքների աստիճանից և իր հոգեվիճակից ելնելով։

Բացատրելով ընկալման այս երևույթը՝ «Հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միության» նախագահ, հոգեբույժ-հոգեվերլուծող Արա Չալիկյանն ասաց մեզ հետևյալը.

-Օրինակ պատկերացնենք ՝ ես տաքսու վարորդ եմ. եկել եմ միտինգի, իսկ մեր տան անդամները սոված են։ Ես մտածում եմ՝ ինչպե՞ս անեմ, շատ փող աշխատեմ, որ հսկիչ- դրամարկղային մեքենաները հանեն կամ քիչ հարկ մուծեմ։ Իմ առաջնային, պարզ  խնդիրը դա է՝ ես, իմ ընտանիքը նյութապես լավ ապրենք։ Լևոն Տեր-Պետրոսյանը լինի, կամ որևէ այլ քաղաքական գործիչ, երբ ինչ-որ բան է խոսում՝ մարդը այդ խոսքերից շեշտում, ֆիքսում և ընկալում է առաջին հերթին այն, ինչը վերաբերում է իր ցավոտ խնդրին։ Այդ մարդկանց Թուրքիան բոլորովին էլ չի հետաքրքրում։ Շատերը նույնիսկ չգիտեն, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ժամանակակից Թուրքիան' խառնում են այն հարյուր տարի առաջվա Թուրքիայի վերաբերյալ իրենց ունեցած պատկերացումների հետ: Այդ պատճառով էլ, օրինակ, այն, ինչը Թուրքիային է վերաբերում, անտեսում են։ Թուրքիային վերաբերվող ինֆորմացիան լսում և կարևորում են , օրինակ, քաղաքագետները, Աբդուլլա Գյուլը, Պուտինը, Մեդվեդևը, վերլուծական կենտրոնները և այլն։ Հասարակ ժողովուրդն էլ լսում է այն, ինչ որ իրեն է վերաբերում, օրինակ՝ սահմանը բացելուց լավանալո՞ւ է կյանքը, թե՞ վատանալու է, այստեղ պատերազմ կլինի՞, փախնեմ արտասահմա՞ն, թե՞ ոչ։ Ստացվում է, որ մի ճառ է, բայց այն 100 հոգի լսողները 100 տիպի բան են ընկալում։ Ինչքան այդ մարդու ինքնագիտակցությունը պետք է բարձր լինի, ինչքան նրա հուզական վիճակը պետք է ներդաշնակ և խաղաղ լինի,որ ձգտի և կարողանա հենց ճառը հասկանալ, այլ ոչ թե այն, ինչը որ իրեն այդ պահին է  հուզում ։

Ա. Չալիկյանի խոսքերով՝ դիմացինի խոսքը ճիշտ ֆիքսելու համար մարդը պետք է ձգտի լինել բարյացակամ-նեյտրալ. հուզական վիճակում կֆիքսի միայն իրեն հուզող հատվածները։ Իսկ հիմա մարդիկ հուզական վիճակում են, քանի որ թե՛ բարոյապես, թե հոգեպես և թե՛ ֆիզիկապես սոված են։ Ցավոք, չկա այսօր մեր երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու  ընդհանրական գաղափար: Այդ իսկ պատճառով նրանցից շատերը հանրահավաքներից հետո գնում են «նորից  նարդի խաղալու և հեռուստացույց դիտելու» ՝ ապրելակերպի բարեկեցության միջոցները փնտրելու և այդ հարցում համախմբվելու փոխարեն։ Արդյունքում էլ, հոգեբույժ-հոգեվերլուծողի խոսքերով, հանրահավաքները հիմնականում կատարում են «ՏԵՑ-ի՝ ջերմաէլեկտրակայանի աշխատանքի արդյունքում արձակած գոլորշու դերը», որը եթե բաց չթողնվի' ջերմաէլեկտրակայանը կպայթի.

-Ոչ ընդդիմությանն է ձեռնտու, որ «պայթի», ոչ էլ իշխանությանը, որովհետև եթե պայթեց, չի լինի այն «օբյեկտը», որի վրա ստեղծվել են և հենց իր անունից էլ հանդես են գալիս՝ թե՛ իշխանությունը, և թե՛ ընդդիմությունը։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը