Քաղաքական

16.09.2014 19:50


Անդրանիկ Թևանյան. «Փորձ է արվում «սահմանադրական» հեղաշրջում կազմակերպել»

Անդրանիկ Թևանյան. «Փորձ է արվում «սահմանադրական» հեղաշրջում կազմակերպել»

«Իշխանությունը բացահայտ ասել է, թե ինչ ակնկալիքներ ունի սահմանադրական փոփոխություններից, և հիմա ուզում է տեսնել՝ եթե քաղաքական ուժերը դիմադրություն ցույց չտան, ուրեմն լայնամասշտաբ հարձակման կանցնի հանրության դեմ, իսկ եթե լինի դիմադրություն, ապա կփորձի մանևրել կամ հետքայլ անել»։ Այս մասին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնած «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։

–Պետք է մի քանի հստակեցումներ անել սահմանադրական փոփոխությունների մասով։ Մեզ առաջարկվում է ոչ թե կառավարման խորհրդարանական համակարգ, այլ խորհրդային՝ սովետա–բոլշևիկյան համակարգ, ըստ որի՝ «գենսեկը» կամ «պրեդսեդատել վերխովնովո սովետա»–ն ղեկավարելու է երկիրը՝ ունենալով զրո պատասխանատվություն և անսահմանափակ լիազորություններ։ Եվ ամենակարևոր շեշտադրումը՝ Հայաստանում Սահմանադրությունն ուզում են փոխել, քանի որ վտանգ կա, որ այն կարող է գործել,–ընդգծել է Ա. Թևանյանը։

Խոսքը, մասնավորապես, Սահմանադրության 50–րդ հոդվածի մասին է, որով նույն անձին արգելվում է երեք անգամ անընդմեջ առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում։ Ա. Թևանյանի խոսքերով՝ հետխորհրդային երկրներին ներհատուկ գործընթաց է, երբ սեփականության լեգիտիմության ճգնաժամով, քաղաքական մշակույթի բացակայությամբ և իշխանության ընդունման ու հանձնման գործընթացի ցավոտ բնույթով պայմանավորված՝ գործում է երեք տիպի մոդել.

1.ժառանգորդի ինստիտուտը,

2.հեղափոխական (գունավոր հեղափոխության) գործողությունները,

3.ցմահ իշխանությունը։

–Հայաստանն այժմ գտնվում է ճամփաբաժնում։ Եթե դիտարկենք պոստսովետական երկրները, ապա հիմնականում մահմեդական երկրներում է ձևավորվել անփոփոխ և ցմահ իշխանություն (բացառությամբ Ղրղզստանի, որտեղ տարբեր կլաններ իրար հետ մրցում են իշխանությանն ամբողջությամբ տիրանալու համար)։ Իսկ ԽՍՀՄ–ի եվրոպական հատվածում, բացառությամբ Բելառուսի, երկրի ղեկավարների գոնե ֆորմալ փոփոխություններ եղել են։ Անգամ ՌԴ–ում, ուր կառավարման համակարգում գերակշռող է ավտորիտարիզմը, ձևականորեն չգնացին երրորդ ժամկետի, այլ մտցրեցին փոխատեղման ինստիտուտը։ Հայաստանում ֆորմալ առումով ունեցել ենք նախագահների փոփոխություն։ Հիմա փորձ է արվում ընտրել Հայաստանի, այսպես ասած, ադրբեջանիզացիայի, թուրքմենբաշիզմի կամ միջինասիականացման մոդելը։ Պետք է նկատել, սակայն, քրիստոնեական աշխարհի մաս կազմող և նավթային ու գազային ռեսուրսներ չունեցող Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ ցմահ կառավարման համակարգին անցնելու ճոխությունը,– ընդգծել է բանախոսը։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հակափաստարկներին, թե կիսանախագահական համակարգով էլ հնարավոր է վերարտադրվել՝ Ա. Թևանյանը նշել է.

–Երկրորդ ժամկետի ավարտի դեպքում նախագահը դառնում է, ինչպես ընդունված է ասել, «կաղ բադիկ»։ Այդպիսի նախագահի պարագայում հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքի համակարգը Հայաստանում չի կարող աշխատել այնպես, ինչպես վերջին համապետական ընտրություններում, որովհետև հեռացող նախագահը չի կարող կոնսոլիդացնել պոտենցիալ կենտրոնախույս ուժերին հենց իշխանության ներսում ու այդ դեպքում ընտրակեղծիքների դեմ հնարավոր է պայքարել՝ թույլ չտալով վերարտադրություն։

Ըստ նրա՝ կիսանախագահական համակարգով վերարտադրվելը հնարավոր չէ, քանի որ ներքին և արտաքին քաղաքականության մեջ այնպիսի ձախողումներ են արձանագրվել, որ գործող նախագահը պարզապես հնարավորություն չունի կամ էլ չի ուզում մտածել քաղաքական ժառանգորդ ունենալու մասին։

–Եթե պահպանվի կառավարման կիսանախագահական համակարգը, քաղաքական ժառանգորդի բացակայության պայմաններում վերարտադրության հնարավորությունը նվազում է, և մեծանում է ժողովրդավարական ընտրությունների հնարավորությունը, որովհետև ընտրակեղծարար համակարգը չի աշխատելու մեկ միասնական բուրգի շրջանակներում։

Իսկ խորհրդարանական կամ, ավելի ճիշտ, խորհրդային՝ սովետա–բոլշևիկյան համակարգի անցնելու դեպքում ստեղծվելիք իրավիճակը Ա. Թևանյանը համեմատում է Երևանի գործող ավագանու հետ։

–Երևանում գործում է 100% համամասնական ընտրակարգ. եթե քաղաքապետին համարենք որպես տեղական նշանակության վարչապետ, ապա Տարոն Մարգարյանը Բաղրամյան 26–ից ղեկավարվում է «սիրուն է, կամ սիրուն չէ» հրահանգներով, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունում էլ նստած են տիտղոսային մտավորականներ։ Թվում է, թե մականունավորները մայրաքաղաքի խորհրդարանում քիչ են, այսպես կոչված, օլիգարխներ գրեթե չկան, բայց Երևանի ավագանին «անլեզու» է։ Երևանի ավագանու մոդե՛լն է գործող իշխանության ուզածը, որ խորհրդարանն ընդամենը լինի դակիչ և կատարի այն ֆունկցիան, ինչն «Անասնաֆերմայում» կատարում են տարատեսակ կենդանիները։ Սա՛ է սահմանադրական փոփոխության ամբողջ փիլիսոփայությունը՝ ամբողջական վերահսկելի խորհրդարան և անսահմանափակ իշխանություն։ Ներկայացված հայեցակարգի նախագծով երկրի նախագահին վերապահված է, ներողություն, մեխի գլխի ֆունկցիան, վարչապետին՝ պոլի շորի (որին պետք է անընդհատ փոխել երբ քավության նոխազների կարիք լինի), իսկ երկիրը ղեկավարվում է խորհրդարանական մեծամասնության ու դրա ղեկավարի, այսինքն՝ կոլեկտիվ անպատասխանատվության միջոցով։ Սահմանադրական փոփոխություններով փորձ է արվում «սահմանադրական» հեղաշրջում կատարել, որը միտված է ՀՀ–ի շահերի դեմ,– հայտարարել է Ա. Թևանյանը։

Նա վստահ է, որ գործող իշխանական համակարգի վերարտադրության դեպքում է՛լ ավելի կխորանա արտագաղթը, կկրճատվեն աշխատատեղերը, գործարար միջավայրը է՛լ ավելի կվատանա և տնտեսությունը կթուլանա։ Հետևաբար, այսուհետև Հայաստանի քաղաքական դաշտը պետք է բաժանել երկու մասի՝ սև և սպիտակ։

–Մի կողմում նրանք են, ովքեր դեմ են Հայաստանը վերջին 6 տարիների ճանապարհով տանող սահմանադրական փոխոփոխություններին, իսկ մյուս կողմում՝ նրանք են, ովքեր կողմ են կամ թեկուզ չեզոք են սահմանադրական փոփոխությունների հարցում։ Վերջիններս խաղում են իշխանությունների կողմից։ Երրորդ տարբերակ գոյություն չունի, և ինչքան էլ փորձեն քողարկել սկզբունքային դիրքորոշումներով, պատմական փաստերով, այդպես չէ։ Բացի այդ, 2012թ. և 2013թ. համապետական ընտրությունները, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրական համակարգը վերջնականապես բռնաբարված է, և այդ պայմաններում հանրաքվեի անցկացումն անիմաստ է։

Ա. Թևանյանը ստեղծված իրավիճակի հաղթահարման երկու տարբերակ է տեսնում՝ հեղափոխական ճանապարհը, որը կհանգեցնի ցնուցումների և արյունահեղության, ու որին կոնկրետ նա դեմ է, և երկրորդ տարբերակը՝ քաղաքական ուժերի և հասարակության ջանքերով բացառել «սահմանադրական» հեղաշրջման հնարավորությունը, ինչը նաև հնարավորինս կնվազեցնի ընտրակեղծիքները։

–Սա՛ է իրականությունը։ Մնացած բովանդակային կոչված քննարկումները ես համարում եմ կա՛մ քաղաքական մանիպուլյացիայի դրսևորում, կա՛մ քաղաքական դեմագոգիա, կամ էլ, լավագույն դեպքում, քաղաքական անմեղսունակություն։ Հիմա սահմանադրական փոփոխություններին կողմ քաղաքական ուժերը թող կողմնորոշվեն, թե իրենք որ տարբերակի մեջ են տեղավորվում,–եզրափակել է Ա. Թևանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը