Կարծիք

04.09.2009 14:18


Հայ-թուրքական կարգավորման իրական և առասպելական վտանգները

Հայ-թուրքական կարգավորման  իրական և առասպելական վտանգները

Հայ-թուրքական գիշերային դիվանագիտության կողմից հղացած վերջին պտուղը  հերթական անգամ ի հայտ բերեց այն իրողությունը, որ մենք ապրում ենք նոր՝ հեղափոխական իրավիճակում: Այն, ինչին սովոր ենք եղել վերջին տաս կամ ավելի տարիների ընթացքում, այլևս անցյալում է և ետ դառնալու չէ: Հետևաբար, իրավիճակի գնահատման, վերլուծության և դրանցից բխող գործողության համար անօգտակար ու անուժ են հին եզրերը, հին հասկացությունները, հին բաժանումները: Անձամբ ես երկու մեծ տեքստ գրեցի սեպտեմբերի մեկից հետո և երկուսն էլ ջնջեցի՝ որպես իրավիճակի իրական զգացողությանը չհամապատասխանող և իներցիոն: Ժամանակն է փոքր պաուզա վերցնել ու հոտոտել նոր իրականությունը, զգալ դա: Այն, ինչ ուզում եմ ներկայացնել ընթերցողին, դեռևս լիարժեք վերլուծություն չէ, ոչ էլ վերջնական գնահատական, այլ «հոտոտման» «նախնական դիրքավորման» փորձ, որի արդյունքների մի մասը կարող է հետագայում սխալական համարվել հենց հեղինակի կողմից: Այդպիսի մոտեցումն անհրաժեշտություն է, որովհետև հայ-թուրքական հարաբերություններն այն ոլորտն են, ուր միանշանակ սև ու սպիտակ, «բնազդի թելադրմամբ» ձևակերպված դիրքորոշումներն անթույլատրելի են:

Հնարավորություններ

 Հայ-թուրքական կարգավորումն, անշուշտ, մեծագույն ռիսկ է Հայաստանի զարգացման տեսակետից: Հետևաբար, այն իր մեջ պարունակում է և՛ մեծագույն վտանգ, և՛ մեծագույն հնարավորություններ միաժամանակ: Վտանգների մասին շատ է խոսվում, և ես էլ դրանց կանդրադառնամ: Բայց նախ՝ հնարավորությունների մասին:

    ա. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն, ի վերջո, Հայաստանի անկախության հարցի լուծումն է: Որքան էլ պատմականորեն փչացած լինեն հայ-թուրքական հարաբերությունները, անկախ Հայաստանը ձևավորվել է ոչ թե նախկին թուրքական, այլ նախկին ռուսական տիրապետության տարածքում՝ առանձնանալով վերջինից: Հայաստանի անկախության գլխավոր սպառնալիքն արդեն միայն այդ պատճառով գալիս է Ռուսաստանից: Բայց գիտենք, որ կա նաև ավելին. հայ-թուրքական թշնամական հարաբերությունները միշտ էլ հայերին կախյալ վիճակում պահելու ուժեղ գործիք են եղել նախկին մետրոպոլիայի ձեռքերում: Սրան գումարած նաև այն, որ ասյօրվա Ռուսաստանը որդեգրել է նեոկայսերականության հետադիմական և, հեռանկարային զարգացման տեսակետից, անարդյունավետ ուղի, և այդ երկրից ներթափանցող գաղափարական և քաղաքական ազդեցությունը Հայաստանում անկախ պետության, ժամանակակից հասարակության և մրցունակ ազգի կայացման հիմնական սպառնալիքն է: Եվ եթե նույնիսկ չլիներ Ռուսաստանի գործոնը, միևնույն է, հայ-թուրքական հակամարտությունը ցանկացած մեծ տերության ձեռքին միշտ էլ մնում է պոտենցիալ հարմար գործիք Հայաստանը «ֆորպոստացնելու» խնդրում:

    բ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հեղափոխականացնում է, տաք է պահում ճահճացման միտում ունեցող իրավիճակը, թույլ չի տալիս վերադառնալ դեպի 2007թ. ամառվա իրավիճակ կամ նման հույսեր փայփայել: Իհարկե, կարող եք ասել, որ սա ինքնանպատակ չէ, բայց, իմ կարծիքով, իրավիճակի ճահճացումը Հայաստանի անվտանգությանը սպառնացող մեկ այլ լրջագույն սպառնալիք  է: Իհարկե, հեղափոխականացումն էլ իր վտնագներն ունի: Բայց սա կրկին ռիսկի հարց է. մեծագույն վտանգը զուգորդվում է մեծագույն շանսի հետ: Այս իմաստով հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը կարող է մի մեծ ճեղքման սկիզբ հանդիսանալ՝ առաջացնել շղթայական ռեակցիա, որը փոփոխությունների քամին կարող է տարածել նաև դեպի ներքին կյանք: Սա հրամայական չէ, բայց հնարավորություն է: Խոսքը չի գնում հակաթուրքական ալիքի վրա իշխանափոխության իրականացման մասին։ Խոսքն առհասարակ իշխանափոխության մասին չէ տվյալ դեպքում: Խնդիրն այն է, թե փոփոխություների նման հանգուցային կետում ինչպիսին են հայ-թուրքական հարաբերությունները, ուր, բացի հարցի հետ կապված իրական մտահոգություններից, կուտակված է նաև մեր հասարակության հոգեբանական բարդույթների, վախերի, կապանքների, կարծրացած պատկերացումների, վերջապես՝ ուղղակի հոգեբանական և ինտելեկտուալ աղբի մի զգալի մասը, որը կարող է կատալիզացնել հասարակական այնպիսի գործընթացներ, որոնք հիմք դառնան Հայաստանի թռիչքաձև զարգացման:

    գ. Ավանդական «հայրենասիրության» («ազգային գաղափարախոսության») պարտություն և մարգինալացում: Ձևավորվելով և Սովետական Հայաստանի բնակչության փաստացի գաղափարախոսությունը դառնալով 60-ականներին՝ այս գաղափարախոսությունը որոշակի դրական առաջադիմական դեր է խաղացել սովետական տարիներին: Անկախ Հայաստանի պայմաններում, սակայն, ռուսամոլ և զուտ պահպանողական այս մտածողությունն ազգային անվտանգության սպառնալիք ներկայանող մի երրորդ չարիք է:

Իրական վտանգներ

Հիմա անցնենք հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացի վտանգներին: Վերջինները պետք է բաժանել իրական և առասպելական վտանգների: Իրական վտանգների թվին կարելի է դասել:

    ա. Շատ մեծ հավանականությամբ (եթե չասենք ավելին) հայ-թուրքական ներկա կարգավորումը ենթադրում է Արցախի հարցի «կարգավորման» զուգահեռ գործընթաց՝ հարցի լուծում մեկ փաթեթով: Կարծում եմ նաև, որ հայ-թուրքական դիվանագիտության «գիշերային գրոհի» տեխնոլոգիան կարող է կիրառվել նաև Արցախի հարցում: Արցախի հարցի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ի տարբերություն հայ-թուրքական կարգավորման, չունի դրական հնարավորությունների որևէ ներուժ. փոխարենն այն թե՛ իր էությամբ, թե՛ իր ներկա ձևաչափով լի է կործանման աստիճանի պոտենցիալ վտանգներով: Հայ-ադրբեջանական կարգավորման դեպքում հաշտվում ենք մեզանից է՛լ ավելի հետադիմական հասարակության հետ: Ինտեգրումը մեր արևելյան հարևանի հետ, որպես հաշտության արդյունք, սպառնում է ոչ միայն չփոփոխել մեր ներկայիս վիճակը, այլ է՛լ ավելի կոնսերվացնել այն: Առանց այդ էլ պատերազմը (ժողովուրդների շփման ամենաինտենսիվ ձևերից մեկը) ինչ-որ իմաստով բերեց մեր հասարակության «ադրբեջանացման». հաշտությունը կարող է միայն խորացնել դա: (Թուրքիայի հետ սահմանի բացումը, իր բոլոր ռիսկերով հանդերձ, այնուամենայնիվ, դուռ է բացում դեպի Արևմուտք ու հնարավորություն տալիս փախչել «ԱՊՀ»-ական գարշահոտ վանդակից): Բացի այդ, Թուրքիայի հետ մեր պատմական հակամարտության մեջ մենք, ի վերջո, ռազմական և քաղաքական պարտություն ենք կրել, և հաշտեցումն այդ փաստի արձանագրումն է, որը գուցե թույլ տա մեզ սկսել զրոյից: Իսկ Ադրբեջանի հետ հակամարտությունում հաղթողը մենք ենք եղել, և հակամարտության կարգավորման ներկա ձևաչափի համատեքստում տարածքային, մարդկային, հոգեբանական իրական կորուստների առաջ կարող ենք կանգնել: Այսպիսով, հայ-թուրքական կարգավորման իրական վտանգն Արցախի հարցի «լուծման» հետ նրա՝ մի փաթեթում գտնվելն է (ինչն ամրագրված չլինելով հայ-թուրքական արձանագրություների տեքստում՝ հավանական է համարվում շատ փորձագետների կողմից: ):

    բ. Հայ-թուրքական կարգավորման ներկա ձևաչափի ակնառու բացթողումը հայկական կողմից «պատմական հարցերի ենթահանձնաժողովի» ստեղծման կետն է: Սա այնքան ակնհայտ «վրիպակ» է, որ ավելորդ է ավելի մանրամասն խոսել սրա շուրջ:

Մտացածին վտանգներ

Հիմա անդրադառնանք մտացածին վտանգներին: Դրանց ցանկը ներկայացված է քաղաքական և հասարակական մի շարք կազմակերպությունների հայտարարություններում:

    ա. Ներկայիս սահմանների և Կարսի պայմանագրի ճանաչումը: Նախ՝ Կարսի պայմանագիրն այսպես թե այնպես ճանաչված է: Հայաստանի Հանրապետությունը Սովետական Հայաստանի իրավահաջորդն է (ի տարբերություն մեզ՝ Վրաստանն ու Ադրբեջանը հռչակել են իրենց անկախությունը՝ որպես 1918-20թթ  հանրապետությունների վերականգնում): Ըստ այդմ՝ Կարսի պայմանագիրը վաղուց ստորագրված ու ճանաչված է Հայաստանի կողմից, քանի որ 1921-ին այն ստորագրվել է Սովետական Հայաստանի կառավարության կողմից: Այդ պայմանագրից Հայաստանը չի հրաժարվել, հետևաբար ճանաչում է այն: Անկախ Հայաստանի կողմից Կարսի պայմանագրի և ներկայիս սահմանների «ճանաչումը» մեծ հաշվով սիմվոլիկ ակտ կարող է լինել, որը վերահաստատում է առանց այդ էլ հաստատված իրողությունը: Եվ ի՞նչ են առաջարկում սահմանների չճանաչման կողմնակիցները՝ ինձ այդքան էլ պարզ չէ: Հայտարարե՞լ, որ չենք ճանաչում պայմանագիրը: Պատկերացնենք դրա իրական հետևանքները: Եթե Հայաստանն իր ռազմական, քաղաքական ներուժով Թուրքիայից ավելի հզոր պետություն լիներ, դա կարող էր ճիշտ քայլ լինել: Բայց Հայաստանն այդպիսին չէ, և Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու դեպքում մենք մյուս օրը չենք մտնելու Մուշ, Սասուն, Վան...: Բայց դրա փոխարեն կարող է և հակառակը լինել: Եթե Կարսի պայմանագրից մեր դուրս գալուց հետո թուրքական զորքը մտնի Գյումրի, Էջմիածին, Աշտարակ ու հարցնի՝ տղե՛րք, էս ո՞ւմ հողն է, ո՞ր իրավաբանական փաստաթղթով է կարգավորվում սրա պատկանելությունը, պատասխանելու բան չենք ունենա: Որովհետև, դուր է գալիս մեզ, թե ոչ, բայց ներկայիս Հայաստանի տարածքի պատկանելությունը կարգավորվում է այդ նույն Կարսի պայմանագրով: Եվ ուրեմն, չկա Կարսի պայմանագիր, պարզ չէ նաև Հայաստանի արևմտյան սահմանը: Հայաստանը պարտվել է 1920-ի հայ-թուրքական պատերազմում, և սա իրողություն է, որը չի կարող շրջվել, մինչև նոր պատերազմում Հայաստանը չհաղթի Թուրքիային:

    բ. Արևմտյան Հայաստանի հարցը: Անհամեստ թող չհնչի, բայց ես այն քիչ մարդկանցից եմ Հայաստանում, ով հավատում է, որ կարող է՝ մի օր վերատիրենք Արևմտյան Հայաստանի հողերի գոնե մի մասին: Բայց դրան հասնելու ճանապարհն, անշուշտ, ո՛չ Կարսի պայմանագրից ներկա պահին դուրս գալն է, ո՛չ էլ Ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից: Տարածքային հիմնական վերաձևումները լինում են միջազգային համակարգի ճգնաժամային և անցումային փուլերում: Օրինակ՝ փլուզվեց ԽՍՀՄ-ը, միջազգային նոր համակարգ սկսեց ձևավորվել, ձևավորման փուլում սահմաններ փոխվեցին: Հարցը, հետևաբար, այն է, որ միշտ ունենալով աչքի առաջ որևէ ներկա աշխարհակարգի փլուզման հեռանկարը՝ այնպիսի քաղաքականություն վարես, որ այդ պահին երկիրդ առավելագույնս ուժեղ լինի, որ նախ՝ կորուստներ չունենա, իսկ երկրորդ՝ հնարավորության դեպքում շահելով դուրս գա հերթական համաշխարհային վերաձևումից: Մեր պատմությունից մեզ հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ մենք կորցրել ենք աշխարհակարգի փոփոխությունից, բայց կան նաև հակառակ օրինակները, որոնցից վերջինը 90-ականներին էր: Եթե մենք երբևիցե պետք է վերատիրենք Արևմտյան Հայաստանին, մենք պետք է ամեն բան անենք այսօրվա մեր տարածքում մեր պետությունն ամրացնելու համար: Իսկ դա նշանակում է, որ եթե մենք գտնենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ուժեղացնելու է Հայաստանը, ուրեմն մենք պետք է գնանք այդ քայլին: Կոպիտ ասած, կարող է այնպես ստացվել, որ թուրքերի կողմից գրաված հայկական հողերի ետբերումը լինի թուրքերի հետ այսօր հաշտվելու հետևանքներից մեկը: Սա ինչ-որ մեկին կարող է անհավանական թվա, բայց, իմ կարծիքով, սա ավելի անհավանական չէ, քան ազգովի սպասել, երբ ԱՄՆ որևէ նախագահ «ցեղասպանություն» բառը կարտասանի, հետո էլ Թուրքիան դա կճանաչի ու մեզ հողեր կտա:

    գ. Ցեղասպանության ուրացում: Ուշ է այդ մասին մտածել: Ոչընտիրն ու իր կառավարությունն արդեն ուրացել են Ցեղասպանությունը: Բայց մեղավորը միայն նրանք չեն: Ի՞նչ է, կարծում եք՝ Սերժիկը ծնվել է ու մանկուց երազել է այդպիսի անբարոյական քա՞յլ անել: Սա Ցեղասպանության ճանաչման հարցը պետական քաղաքականության հիմքում դնելու ռազմավարության ուղիղ հետևանք է: Եթե պետությունն իր առջև քաղաքական նպատակ է դնում Թուրքիային Ցեղասպանություն ճանաչել տալը, ապա նա պետք է բավականաչափ ռեսուրսներ ունենա Թուրքիային ստիպելու դա անել անվերապահորեն՝ կապիտուլյացիայի կարգով (ինչպես եղավ Գերմանիայի հետ Երկրորդ աշխարհամարտի ավարտին): Բայց Հայաստանը, սփյուռքով հանդերձ, այդ ռեսուրսը չունի: Հետևաբար, Ցեղասպանության հարցը պետական քաղաքականության օրակարգ մտցնելը ուշ թե շուտ անպայման պետք է բերի դրա ուրացմանը: Որովհետև, այդ հարցը մտցնելով քաղաքական օրակարգ, եթե ուժով չես կարող խնդիրը լուծել, ուրեմն պետք է բանակցես: Եթե բանակցում ես, պետք է սակարկես, և ստացվում է, որ քաղաքականացնելով Ցեղասպանության խնդիրը՝ ապրանքայնացնում ես այն: Այնպես որ, իմ կարծիքով, Ցեղասպանությունն ուրացվել է այն պահից, երբ այն դարձել է մեր արտաքին քաղաքականության մաս:

Ամփոփում

Ամփոփեմ: Հայ-թուրքական կարգավորման ներկա գործընթացն, անշուշտ, պարունակում է վտանգներ: Գլխավոր սպառնալիքը նրա հավանական կապվածությունն է հայ-ադրբեջանական կարգավորման հետ: Սակայն այն քննադատությունը, որ այսօր հնչեցվում է հայ-թուրքական կարգավորման նկատմամբ, հաճախ է՛լ ավելի մեծ սպառնալիքներ է իր մեջ պարունակում: Հայ-թուրքական կարգավորման քննադատությունը և, առհասարակ, հարցի քննարկումը պետք է իր հիմքում ունենա ռացիոնալ-քաղաքական կատեգորիաներ: Քաղաքական հայտարարությունների անվան տակ հրամցվող «պոեզիայի երեկոներն» այս թեմայով միայն վնաս են բերում: Պետք է գիտակցել այն հեղափոխական իրականությունը, որում մենք ապրում ենք և հասկանալ հին կաղապարների գործածության անարդյունավետությունը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը