Մեկնաբանություն

19.06.2014 19:42


Պետության մեջ ցեց է ընկել. Գալուստ Սահակյանը բացում է գաղտնիքը

Պետության մեջ ցեց է ընկել. Գալուստ Սահակյանը բացում է գաղտնիքը

«Կուտակայինի» մասով ամեն ինչ պարզ է։ Բոլորն ամեն ինչ հասկանում են։ Բոլորն իրենց կարծիքն արտահայտել են։

Քառյակը դեմ է թալանին ու պահանջում է դադարեցնել այն։

Սերժ Սարգսյանին պետք են էժան ու երկար փողեր, և այդ իսկ պատճառով նա կողմ է «կուտակայինին», որին դեմ է հանրության առնվազն 80 տոկոսը։

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի կողմից կողմ է պարտադիրին, քանզի ուզում է բավարարել Սերժի՝ էժան ու երկար փողեր տնօրինելու ցանկությունը, բայց մյուս կողմից էլ՝ նա դեմ է պարտադիրին, քանզի հասկանում է, որ Սերժի պահանջները բավարարելով՝ ինքն է վարկաբեկվում։ Արդյունքում՝ ստացվում է պարտադիր, բայց ոչ պարտադրված «օլոմբա»։

Ահա այս ամենի արդյունքում իշխանությունները «սղացնում» են պարտադիր նպատակային սոցիալական վճարների մասին օրինագիծը, որը նույն պարտադիր կուտակայինն է, բայց այլ անվան տակ։

ԱԺ–ում Սոցապ նախարար Ասատրյանի ասածներից ստացվում է, որ առայժմ «դռբի» տակ են ընկնելու պետծառայողները, որոնցից պարտադիր փող են տանելու, բայց զուգահեռաբար նաև նրանց աշխատավարձն են բարձրացնելու։ Այսինքն՝ մի ձեռքով տալու են, իսկ մյուսով՝ տանելու։

Փաստորեն, իշխանությունների ուժն այս պահին միայն պետծառայողների վրա է պատում և նրանց են թալանելու, մինչև որ տեսնեն ինչ է լինում, որ հետագայում ամբողջ հասարակության գրպանը մտնեն՝ հանուն Սերժի տնօրինելիք էժան ու երկար փողերի։

Հարց է առաջանում. եթե իշխանության ներկայացրած օրինագիծն այդքան լավն է և կենսաթոշակային բարեփոխումն էլ ապահով ապագա է խոստանում նպատակային սոցհատկացում անողին, ապա ինչու՞ են միայն պետծառայողներին զոռով երջանկացնում։ Ինչու՞ են պետծառայողներն ավելի հավասար, քան մյուս մահկանացուները։

Իսկ եթե ներկայացվող օրինագծով իշխանություններն ընդամենն ամրագրում են, որ ստեղծված քաղաքական իրավիճակում միայն պետծառայողների վրա է ուժները պատում, իսկ ահա մյուսներին չեն կարողանում զոռով թալանել, ապա ստացվում է, որ մեզանում պետծառայողներն անպաշտպան շերտի են վերածվում, ինչը պետության համար հղի է վտանգավոր հետևանքներով։

Ամեն դեպքում հարցեր են առաջանում և դրանք քիչ չեն։ Եվ այս ամենը տեղի է ունենում Սերժի ախորժակը բավարարելու համար։

Ի դեպ, ուշագրավ էր այս թեմայով ՀՀԿ–ական պատգամավոր Գալուստ Սահակյանի մեկնաբանությունը։ Նա իրեն հատուկ ոճով բացել է գաղտնիքը։

«Tert.am»ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը պարտադիրի կիրառումը համեմատել է 90–ականներին տեղի ունեցած փողի փոխանակման հետ։

«Մեծ բարեփոխումները միշտ էլ արգելքների հանդիպում են, եթե մենք այդպես չանենք մեր պետությունը զարգացում չի ապրի։ Երբ փողերը փոխվում էին, միանգամից սնանկացավ ազգը, ինչ-որ քննարկումներ կատարեցի՞ն 90-ականներին, կամ որևէ բան, բայց ես գտնում եմ, որ ճիշտ արեցին։ Փողերի փոխման առումով մեր ազգը միանգամից սնանկացավ, բայց ընդվզում չեղավ»,– պարտադիրի կիրառման մասով լեզվին եկածն ասել է Գ. Սահակյանը։

ՀՀԿ փոխնախագահը, ըստ էության, ներկայացրել է ամբողջ պատկերը և բնութագրել Սերժի ներկայացրած «բարեշրջման» ծրագրի էությունը։

Պարտադիր բաղադրիչի կիրառումը համեմատելով փողի փոխանակման հետ և կանխատեսելով ազգի սնանկացում՝ նա ըստ այդմ խոստովանում է, որ վատ բան է արվում, բայց այդ վատ բանն արդարացնում է նրանով, որ 90–ականներին էլ է վատ բան եղել։ Գալուստը ձեռքի հետ էլ տողատակում հույս է հայտնում, որ եթե փողի փոխանակման ժամանակ ընդվզում չեղավ, ապա հիմա էլ չի լինի։

Գալուստի տրամաբանությունը «երկաթյա» է։ Ակնհայտ է, որ չի կարելի համեմատել անհամեմատելին։

90–ականներին փողի փոխանակումն օբյեկտիվ երևույթ էր, քանզի ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ–ն ուզեր թե չուզեր պետք է անցներ դրամին։ Հո մենք չէի՞նք կարող ռուբլին պահել, երբ բոլորը հրաժարվում էին դրանից։ Ասել է թե՝ ռուբլու փոխանակումը որևէ համեմատության եզր չունի պարտադիրի հետ։

Պարզից էլ պարզ է, որ «պարտադիրը» պարտադրվում է մեկ մարդու կամքով, այսինքն՝ կարող է չկիրառվել, ի տարբերություն փողի փոխանակման։

«Պարտադիրի» կիրառումը պայմանավորված չէ օբյեկտիվ արտաքին ու ներքին գործոններով։ Սերժին պետք են էժան ու երկար փողեր. ահա՛ այն մոտիվացիան, որից ելնելով նա կառավարությանն ու խորհրդարանական մեծամասնությանը դրել է հիմար վիճակի մեջ ու ստիպում է իր անձնական շահերը պաշտպանել։

«Կուտակայինի» թեմայով ներկայացված օրինագիծը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ քառյակը պետք է լրջորեն պատրաստվի փողոցային պայքարին։ «Ռասկաչկան» անխուսափելի է դառնում։

Իշխանությունները հայտարարել են, որ չեն կատարելու քառյակի պահանջները, այսինքն՝ պաշտպանելու են Սերժ Սարգսյանի ու նրա նեղ շրջապատի շահերը։ Այսօր ներկայացված օրինագիծը վկայում է, որ իշխանությունները խոսքից գործի են անցնում ու հարձակվում են հասարակության վրա բոլոր հնարավոր ուղղություններով։

Հանրությունն ու քաղաքական ուժերն էլ, հետևաբար, պետք է պաշտպանեն Հայաստանի շահերը Սերժ Սարգսյանից ու նրա շրջապատից։

Թելը որտեղ բարակ է՝ այնտեղ էլ թող կտրվի։ Հարցերը կորոշվեն հրապարակում։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը