Հարցազրույց

01.09.2009 17:11


Երվանդ Բոզոյան.

Երվանդ Բոզոյան.

Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում օգոստոսի 31-ի գիշերն ընդունված Հայաստանի և Թուրքիայի համատեղ արձանագրությունը։

-Այդ պրոտոկոլն ապրիլի 22-ի համատեղ հայտարարության տրամաբանական շարունակությունն է, որն առաջ եկավ զուտ այն պատճառով, որպեսզի որևէ շանս չթողնի, որ Սերժ Սարգսյանը չկարողանա մանևրել Թուրքիա գնալ-չգնալու հարցում։

-Ամերիկյան կո՞ղմը դա արեց, Թուրքիա՞ն, թե՞ մեկ այլ պետություն։

-Բնականաբար, Միացյալ Նահանգների ճնշման արդյունքը դա եղավ, սակայն ես կարծում եմ, որ Թուրքիան բավականին ազդեցիկ և անկախ երկիր է և իր ազգային շահերը նա հստակ է հաշվարկում ու վճռական քայլերում վճռական գործելաոճով է հանդես գալիս։ Չեմ կարծում, որ վճռական դեր կատարեց հենց Միացյալ Նահանգները, որի  արդյունքում Թուրքիան ստիպված որոշակի զիջումների գնաց։

-Ինչո՞վ կբացատրեք այն, որ երեկ «BBC»-ին Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս, և փաստացի զգացվում է, որ նա արդեն «հետ է պտտեցնում» հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն, ու համարյա խոսում այն մասին, որ այդ փուլն ավարտված է, բայց այդ նույն օրը գիշերը ստանում ենք մի այսպիսի արձանագրություն։

-Սերժ Սարգսյանը հստակ հասկանում էր, որ ապրիլի 22-ի այն փաստաթուղթը, որ ստորագրվեց Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտգործնախարարությունների միջև, Թուրքիայի կողմից, ըստ էության, խափանվել էր։ Նա փաստացի խոստովանեց դա և որոշակի նախապայման էր դնում, որ Թուրքիայի այսպիսի կրավորական դիրքորոշման արդյունքում ինքն ուղղակի չի գնա Թուրքիա։ Թուրքերը, որպեսզի այս պայմաններում դուրս չգային ոչ կոնստրուկտիվ դիրքորոշում ունեցող, գնացին այս քայլին։

-Այս փաստաթուղթը Հայաստանի համար դրակա՞ն է, թե՞ բացասական։

-Սա շատ անորոշ մի փաստաթուղթ է։ Թուրքիայի արտգործնախարարի այսօրվա մեկնաբանությունը նույնպես ապացուցում է, որ Թուրքիան որպես նախապայման զուգահեռ դնում է ԼՂ-ի հարցի լուծման անհրաժեշտության խնդիրը, որը վտանգավոր է. թուրքերը փորձելու են երկարաձգել այս գործընթացն այնքան ժամանակ, որպեսզի հորդորեն, որ զուգահեռաբար ճնշումների գնան ԼՂ-ի՝ որպես սառեցված հակամարտության լուծման խնդիրն արագացնելու համար։

-Իսկ Սերժ Սարգսյանը չի՞ հասկանում այս ամենը։

-Անցած տարվա սեպտեմբերից փաստացի սկսված այն ֆուտբոլային տխրահռչակ դիվանագիտությունից հետ կանգնելու որևէ արգումենտ Սերժ Սարգսյանն այսօր չունի, մանավանդ, երբ Թուրքիան գնում է այս փաստաթղթի ստորագրմանը, որտեղ ֆորմա՛լ տեսակետից նախապայմաններ չկան ԼՂ-ի խնդրի առումով։

-Փաստաթղթում նաև փաստացի հերքվել է Հայոց ցեղասպանությունը։ Ինչ-որ անորոշ ենթահանձնաժողով է ստեղծված, որը պատմական փաստեր պետք է ուսումնասիրի. նույնիսկ թվական չկա նշված, թե որ թվականի պատմական փաստերը պետք է ուսումնասիրեն։ Սա հայաստանյան կողմը չի՞ կարողացել հաշվարկել։

-Ցավոք, հայկական կողմը փաստացիորեն այս խնդրում առանց սակարկման որևէ ուժեղ դիրքորոշում չունեցավ, որի արդյունքում ես հասկանում եմ, թե Թուրքիան ինչ է ստացել։ Ի՞նչ ենք ստանում մենք՝ ինձ համար մի քիչ մշուշոտ է, որովհետև սահմանի բացումը դարձել է հակակշիռ բոլոր այն խնդիրներին, որոնց հայկական կողմը փոխզիջման գնաց։ Սա ուղղակի ճիշտ դիրքորոշում չէ, որովհետև սահմանի բացումը ֆետիշ սարքելն ուղղակի ծիծաղելի է ինձ համար։

-Այս ամենի ֆոնին ներքաղաքական զարգացումներ կանխատեսո՞ւմ եք։

-Կարծում եմ, որ շատ վտանգավոր գործընթաց կարող է լինել։ Փաստացի կարող է լրջորեն արագացվել ղարաբաղյան գործընթացը, որտեղ միջնորդների կողմից ճնշումներն արդեն կարող են լինել տրամաբանված և հասկանալի. բոլորը կհասկանան, որ այդ ճնշումները պետք է լինեն, որովհետև կա Հայաստան-Թուրքիա այս գործընթացը, իսկ ոչ մեկը չի ուզում, որ այդ պատուհանը փակվի։ Սա մեզ համար խիստ վտանգավոր է, որովհետև ա՛յս պահին Ղարաբաղի խնդիրը լուծելն ուղղակի իրատեսական չէ։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

 

Այս խորագրի վերջին նյութերը