Կարծիք

28.08.2009 17:13


Թվա՞լ, թե՞ լինել կամ՝ Աբդուլլա՛, մի հատ վալերիանի բեր՝ խմենք

Թվա՞լ, թե՞ լինել կամ՝ Աբդուլլա՛, մի հատ վալերիանի բեր՝ խմենք

Եթե հետադարձ հայացքով դիտենք Սերժ Սարգսյանի «նախագահության» անցած համարյա մեկ ու կես տարին, ապա կարող ենք վստահության մեծ չափով պնդել, որ միակ փաստացի, շոշափելի իրադարձությունը, որ եղել է այդ ընթացքում (և որը, միաժամանակ, ոչընտրի կառավարության նախաձեռնության արդյունքն է), 2009-ի ապրիլի 23-ի հայ-թուրքական հայտարարությունն է: Մնացած ամեն ինչը կարելի է որակել որպես «ջուր», ձանձրալի քարոզչություն, գործողության պատրանք կամ, լավագույն դեպքում, սկսած ու անավարտ թողած նախագծեր: Ապրիլի 23-ը դժվար է այլ կերպ որակել, քան Եղեռնի հիշատակի ուրացում, ապառիկ վաճառք՝ նույնիսկ առանց դրա փոխհատուցման գումարը երբևէ ստանալու երաշխիքի: Այն, որ մեր հասարակության մի զգալի մասն այդ իրադարձությունից չցնցվեց, ավելորդ անգամ ցույց է տալիս, որ Եղեռնի փաստը երբեք էլ խորապես չի վերապրվել և իմաստավորվել մեզանում: Դա կարելի է բացատրել տարաբնույթ հանգամանքներով: Բայց այն, որ կգտնվեն մարդիկ, որոնք ապրիլի 23-ը դրական կգնահատեն, արդեն ոչ թե ողբերգությունների, այլ զավեշտների շարքից է: Եվ ո՞ր ճամբարից պետք է հայտնվեին այդ մարդիկ: Ինչ-որ մեկը գուցե ենթադրեր, որ դրանք պետք է լինեն տողերիս հեղինակի նման անձինք, որոնք բավական երկար ժամանակ է, ինչ հրապարակայնորեն վիճարկում են Ցեղասպանության ճանաչման գործընթացի աջակցության՝ ՀՀ քաղաքականության նպատակահարմարությունը (կոնկրետ իմ դեպքում՝ համարելով, որ Ցեղասպանության հարցի՝ չափից ավելի քաղաքականացումը վնասում է դրա բարոյական առումներին, իսկ Հայաստանի անկարողությունը՝ ստիպել Թուրքիային ճանաչել Ցեղասպանության փաստը, պետք է ուշ թե շուտ բերեր Ցեղասպանության ուրացման, ինչը և եղավ): Բայց պարզվում է «հրճվողները» հայտնվում են այն ճամբարից, որը վերջին տաս տարվա ընթացքում երդվում էր Եղեռնի հիշատակի անունով, իսկ հակառակորդներին մեղադրում էր թուրքամոլության մեջ: Եթե մեկը դեռ չի կորցրել զարմանալու ունակությունը, զարմացե՛ք, որովհետև սա նաև շատ ուսանելի պատմություն է: Բայց զարմանալու ողջ ռեսուրսը մի՛ սպառեք, որովհետև առջևում դեռ ինչե՜ր ասես՝ չեն լինելու:

            Ապրիլի 23-ն ունեցավ առնվազն մեկ շատ կոնկրետ հետևանք: Այն հայտնի է նույնիսկ մանուկներին. Օբաման հնարավորություն ստացավ չարտասանել «ցեղասպանություն» բառը: Սա միակ արդյունքը չէ. հետևանքները դեռ զգալու ենք տարիների ընթացքում: Իսկ ի՞նչ ստացանք մենք այս աննախադեպ քայլի փոխարեն: Նույն մանուկներին և նույնիսկ Սերժ Սարգսյանին քաջ հայտնի է, որ ստացանք кукиш с маслом, որ թուրքերը դրանից հետո ոչ միայն չընդառաջեցին հայերին, այլև է՛լ ավելի կոշտացրեցին իրենց դիրքերը, որ հիմա մռութները կախ ոչընտիրն իր անուժ թաթիկները բռնցքելով՝ սպառնում է ձյաձյաներին, թե, եթե սահմանը չբացեք, չեմ գա ձեր հետ ֆուտբոլ խաղալու: Վա՛յ, ամա՜ն, վախեցանք, լեղաճաք եղանք, սրտներս կանգնեց, Աբդուլլա՛, մի հատ վալերիանի բեր՝ խմենք:

            Եթե դուք, սիրելի՛ ընթերցող, մոտավորապես նույն կարծիքին եք, որը ես նոր շարադրեցի, պետք է ձեզ տեղեկացնեմ, որ չարաչար սխալվում եք: Որովհետև պարզվում է՝ wo՜w (ինչպես կասեր Մեթյու Բրայզան), մենք այս ամենի փոխարեն շահել ենք (շահում եք դուք, շահում է պետությունը) ոչ ավել, ոչ պակաս նյուզմեյքեր դառնալու հնարավորություն: Այսպես, «նախագահը, Հայաստանը դառան «նյուզմեյքեր». հայտնվեցինք համաշխարհային լրատվամիջոցների գլխագրերում, և ամենակարևորը՝ ցույց տրվեց Հայաստանի պատրաստակամությունը՝ բարելավել հարաբերությունները հարևանների հետ», նաև «Հայաստանը ցույց տվեց, որ պատրաստակամ է հարաբերությունները բարելավել հարևանի՝ Թուրքիայի հետ՝ առանց որևիցե նախապայմանի»: Ո՞ւմ ապացուցեցինք. «Դա միջազգային հանրությունն է, քաղաքակիրթ աշխարհն է, դրանք այն հավաքներն են, որտեղ խոսվում է Հայաստանի մասին» (ընդհանրապես մարդկանց խումբ կա, որին չի կարելի արտասահման սեմինարների ուղարկել. նրանք այնքան են կաշկանդվում ու խեղճանում ցանկացած «ֆիրմա» դեմքի ամեն մի բլթոցից, որ մոռանում են իրենց բոլոր «համոզմունքները»), միաժամանակ «Ես կարծում եմ, որ այդ խնդիրն ամբողջությամբ չի լուծվելու։ Դա տարիների, հարյուրամյակների (???!!!) խնդիր է, որպեսզի դու քեզ ներկայացնես որպես քաղաքակիրթ և ժողավրդավար, քրիստոնյա և ոչ ագրեսիվ պետություն»։ Դեռ պատանեկան տարիներից միշտ զարմացել եմ «աշխարհում մեր մասին ի՞նչ կասեն», «աշխարհը մեզնով զարմացավ» և նմանատիպ ֆրազներից, որոնք բավական հաճախ են հանդիպում հայկական կենցաղային, բայց նաև՝ քաղաքական դիսկուրսներում: Կարծես մենք հեռուստացույցում ենք ապրում, ու աշխարհն էլ, իր բանուգործը թողած, մեր մասնակցությամբ նկարահանված անորակ սերիալն է դիտում: Հետո սկսեցի նկատել նաև, որ մենք մեր իսկ ազգային արժեքները սկսում ենք գնահատել հատկապես այն բանից հետո, երբ որևէ արտասահմանցի դա ճանաչում է: Օրինակ՝ քչերն էին հայ մտավորականներից գնահատում դուդուկը, բայց հենց աշխարհով դա «պրեստիժ» դառավ, միանգամից բոլորը հիշեցին դրա մասին: Նման իրավիճակ է նաև, այսպես կոչված, «հայ մեծերի» ցուցակում, ուր Շերն ու Ազնավուրը՝ շնորհիվ իրենց «ֆիրմա» հայ լինելուն, առաջին պատվավոր տեղերն են կիսում, ասենք, Հովհաննես Թումանյանի և Վարդան Մամիկոնյանի հետ:

            Այս և նման փաստերը ստիպում են ենթադրել, որ հայկական առօրյա գիտակցության համար ավելի կարևոր է ոչ թե լինել, այլ թվալ, երևալ, ներկայանալ: Եթե նպատակը թվալն է, ապա այդ դեպքում առաջին հայացքից բացարձակ անտրամաբանական թվացող դատողությունները՝ շնորհիվ ապրիլ 23-ի մենք նյուզմեյքեր դառանք, դառնում են «տրամաբանական»: Իհարկե, ես չեմ պատրաստվում ժխտել իմիջի, ներկայանալու կարևորությունը, մանավանդ՝ ժամանակակից աշխարհի պայմաններում: Բայց իմիջը չի կարող առաջնային դառնալ կամ փոխարինել բուն իրականությանը: Առավել ևս՝ անհնար է շոշափելի իրականության փոխանակումը «քաղաքակիրթ աշխարհին» (էլ չասած՝ «էն հավաքներին») սեփական «ոչ ագրեսիվ» և «քրիստոնյա» (մեղա Աստծո) «ապացուցելու» իրոք որ գավառական (ահա թե ուր է իրական «գավառամիտ վախը») ճիգի հետ:

            Եվ հետաքրքրիր է, որ ավանդական հայկական այս գոյակերպի փիլիսոփայությունը՝ թվալ, այլ ոչ թե լինել, այսպես ասած, կենակցելով հետսովետական գավառական պոստմոդեռնի հետ, հաջողությամբ ներգծվեց քոչարյանիզմի ընդհանուր իմիտացիոն քաղաքական ռազմավարության շրջանակներին: Իրոք, քոչարյանիզմի ողջ էությունը կարելի է նկարագրել հենց այդ սկզբունքի միջոցով: Իրական քաղաքական-գաղափարական ուժերի փոխարեն՝ շինծու կուսակցական «պրոյեկտներ», երկրին հուզող իրական խնդիրների փոխարեն՝ արհեստական օրակարգ, նորությունների փոխարեն՝ Հայլուր, վերլուծության փոխարեն՝ դավադրության տեսություններ, տնտեսության գլխավոր ճյուղերը՝ տուրիզմ («աշխարհին ներկայանանք որպես քրիստոնյա». թքած, թե իրականում քրիստոնյա չենք) և էլիտար շինարարություն (էս էլ «քաղաքակիրթ» երևալու ձևը) և այլն: Այս մարդկանց, իրոք, կարող է թվալ, որ ողջ քաղաքականությունն ընդամենը «նյուզմեյքերություն» է: Եվ հատկանշական է, որ սա հենց Հ1-ի ներկայացուցիչն է ասում: Այս համատեքստում, իրոք, ինչո՞ւ չփոխանակել Ցեղասպանության հիշատակը մեկ օր CNN-ով հեդլայն նյուզմեյքեր լինելու հետ:

Հրանտ Տեր–Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը